ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ՝
ՆՈՒՅՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
Հուլիսի սկզբին Սոֆիայում տեղի է ունեցել Հարավ-կովկասյան խորհրդարանական
նախաձեռնության (ՀԿԽՆ) երկրորդ լիագումար նիստը, որը բրիտանական Links ոչ
կառավարական կազմակերպության ջանքերով ստեղծվել է մի քանի տարի առաջ: Այս
մասին տեղեկացնում է «Նոյյան Տապան» գործակալությունը: Աղբյուրի մատուցմամբ,
նիստին մասնակցել են պատգամավորներ եւ փորձագետներ Ադրբեջանից, Վրաստանից
եւ Հայաստանից: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը
եւս ներկայացված է եղել Բուլղարիայի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը՝ ի
դեմս ԼՂՀ նախագահի աշխատակազմի աշխատակից Դավիթ Բաբայանի:
Այս առիթով Բաքվի «Էխո» թերթը նշել է, թե ԼՂ ռեժիմի ֆունկցիոների մասնակցությունը այդքան ներկայացուցչական ֆորումին փաստորեն մարտահրավեր է պաշտոնական Բաքվին: Իսկ ադրբեջանական պատվիրակության անդամները միաձայն հայտարարել են, թե նույնիսկ չեն էլ կասկածել, որ միեւնույն «կլոր սեղանի» շուրջ իրենց հետ նստած է եղել «ԼՂՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցը»:
Ինչպես «Էխոյին» հայտարարել է պատվիրակության անդամ, «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Շահլար Ասքերովը, «նստաշրջանի ամբողջ ընթացքում եւ ոչ մի ելույթում չի ասվել, որ այստեղ ներկա է ԼՂՀ ներկայացուցիչ:- Այդ մասին ոչինչ չասաց եւ Links-ի ղեկավար Դեննիս Սամմութը:
Պատգամավորը նշել է, որ հրապարակված փաստը հարկ է ուսումնասիրել,
եւ, եթե այն հաստատվի, համապատասխան միջոցներ ձեռնարկել. «Մենք պետք է այդ
ամենը ճշտենք: Չի բացառվում, որ այդ Բաբայանը այնտեղ իսկապես եղել է, բայց
նրան մեզ չեն ներկայացրել: Հնարավոր է՝ Links-ի ղեկավարը այդ մասին գիտեր,
սակայն մեզ ոչինչ չի հայտնել»: