Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւանացման մեկնարկ

Հուլիս 09,2004 00:00

Հարեւանացման մեկնարկ

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար, ազգությամբ սլովեն Յանեշ Պոտոչնիկը,
որը ՀՀ-ում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակներում, երեկ կայացած
ասուլիսին համառոտ ներկայացրեց հունիսին ընդունված «Նոր հարեւանություն»
ծրագրի հիմնական ուրվագծերը:
Պետք է նկատենք, որ այդ ծրագիրը, ԵՄ-ի հետ զանազան ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության ամրագրումներից բացի, պարունակում է նաեւ մի քանի, այսպես ասած՝ արժեքային պարտադրանքներ, որոնք, թերեւս, դժվարացնեն մեր «հարեւանացման» գործընթացը: Այսպես. հանձնակատարը հատուկ եւ իր ասելիքի ողջ խորությունը (կամ, թերեւս, նախապատմությունը) գիտակցողի վստահությամբ ընդգծեց, որ Եվրամիության հետ նույն կանոններով խաղալու, ապաեւ նրան լիակատար ինտեգրվելու համար առնվազն մի քանի հարցերում անհրաժեշտ է կիրառել միեւնույն արժեքային չափանիշները: Դրանք են՝ «ազատ եւ արդար ընտրություններ, ոստիկանության կողմից ուժի անհարկի գործադրման փաստերի բացառում եւ խոսքի ազատության, մասնավորապես՝ լրագրողների անարգել գործունեության երաշխավորում»: Պոտոչնիկի այս խոսքերից հետո դժվար չէր գլխի ընկնել, որ մինչ մեր երկիր այցելելը՝ նա հրաշալի ուսումնասիրել է ներհայաստանյան իրողությունները, ուստի նոր հարեւանության շրջանակներում մեզ օրինաչափորեն առաջարկում է ունենալ այն, ինչ այստեղ չկա:

Դրանով հանդերձ, Պոտոչնիկն իրեն Երեւանում բավականին հարմարավետ էր զգում՝ «ինչպես սեփական տանը», ու նաեւ ուրախ էր, որ այստեղ ունեցած իր բազմաթիվ պաշտոնական հանդիպումներից (այդ թվում՝ ընդդիմության հետ) տպավորություն էր ստացել, թե «Հայաստանը բավականաչափ լուրջ եւ դրականորեն է արձագանքել» Եվրամիության վերոհիշյալ ծրագրին: Պոտոչնիկը թերեւս տեղյակ չէր, որ Հայաստանում լուրջ եւ դրականորեն են արձագանքում առանց բացառության բոլոր ծրագրերին (օրինակ՝ հակակոռուպցիոն ծրագրին), սակայն երբ բանը հասնում է դրանք փաստացիորեն կյանքի կոչելուն, ապա առաջ են գալիս ամեն տեսակի օբյեկտիվ, սուբյեկտիվ, տեխնիկական, մենթալային, ազգային-ազատագրական եւ մի շարք այլ կարգի խոչընդոտներ: Հանձնակատարն անդրադարձավ նաեւ ՀԱԷԿ-ի թեմային՝ նշելով, որ դրա փակման անհրաժեշտությունը ԵՄ-ն տեսնում է ընդհանուր տարածաշրջանային, այդ թվում՝ հենց Հայաստանի անվտանգության համատեքստում: Իհարկե, բանախոսը նաեւ հասկանում է, որ այդ գործն արագ արվողներից չէ, եւ ՀՀ-ն կարիք ունի այլընտրանքային էներգետիկ հզորությունների: Ի մասնավորի, այդ նպատակով ԵՄ-ն մտադիր է «հանգանակել մինչեւ 100 մլն եվրո»: Ասուլիսին ներկա ՀՀ արտգործնախարարի պատասխաններից, թերեւս, առանձնացնենք միայն մեկը: Վարդան Օսկանյանը դեռեւս չի կարող մեկնաբանել Իրան-Վրաստան գազային համագործակցության հեռանկարի լրջությունը՝ դեպի Եվրոպա գազի տարանցման առումով, սակայն արտգործնախարարը թերահավատորեն է վերաբերում նման հնարավորությանը, թեկուզեւ այն պատճառով, որ արդեն իսկ գոյություն ունի Իրան-Թուրքիա գործող գազամուղ, որն էլ, անհրաժեշտության դեպքում, կարող է Եվրոպա տարանցել իրանական գազը:

Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել