Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն «ԸՄԲՌՆՈՒՄՈՎ Է ՄՈՏԵՆՈՒՄ»

Հուլիս 09,2004 00:00

Դաշնակցությունը
ժամանակին ընդվզում էր անգամ այնժամ, երբ ՀՀ արտգործնախարարը հայտնվում էր
թուրքական օդանավում: Իսկ այժմ, երբ ՀՅԴ-ն իշխանություն է, Թուրքիայի հասցեին
նույնիսկ գովեստի խոսքերին «ըմբռնումով է մոտենում»: Վերջին ձեւակերպումը
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանինն է:
– Ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Ստամբուլյան գագաթաժողովում՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց. «Թուրքիան դերակատարություն ունի ինտեգրացման ճանապարհին ոչ միայն սոսկ Հայաստանի, այլեւ ամբողջ Հարավային Կովկասի առումով: Ստամբուլյան գագաթաժողովի համար Թուրքիայի կողմից կամուրջ-խորհրդապատկերի ընտրությունն ասես նշանավորում է Արեւելքի եւ Արեւմուտքի կապը: Այդ կամուրջը կարող է եւ պետք է նաեւ խորհրդանշի այն կապօղակը, որը կարող է դառնալ Թուրքիան Կովկասի եւ Եվրոպայի միջեւ»: Համամի՞տ եք Թուրքիայի հասցեին այս գնահատականներին:

– Թուրքիայի հետ մեր հարաբերությունների պաշտոնական, հակիրճ եւ բովանդակալից գնահատականը տվեց ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ընթացքում, եւ ամբողջությամբ համաձայն ենք այդ գնահատականներին (նկատենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հրապարակավ վերապահում է հայտնել ելույթի այս հատվածի առնչությամբ եւ նշել. «Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ մեր մոտեցումն ունի որոշ մարտավարական տարբերություն».- Ա. Ի.):

Մեր գնահատականը հետեւյալն է՝ Թուրքիան իսկապես կարեւոր երկիր է Միջին Արեւելքում ու մեծ դերակատարություն է ստանձնել ե՛ւ միջինարեւելյան գործընթացներում, ե՛ւ Հարավային Կովկասի հետ հարաբերություններում: Բայց ցավոք, անատոլիական տարածքը զբաղեցնող այս պետությունը Հայաստանի հանդեպ առայսօր որդեգրել է շրջափակման, մերժման քաղաքականություն եւ ոչ թե կամրջող դեր է խաղում, այլ փաստացի բաժանում է մեզ եվրոպական տարածաշրջանից:

– Այսինքն՝ համաձա՞յն չեք ԱԳ նախարարի այն դիտարկմանը, թե Թուրքիան դերակատարություն ունի Հայաստանի ինտեգրացման մեջ:

– Թուրքիան կարո՛ղ է դերակատարություն ունենալ մեր ինտեգրացման ճանապարհին, եթե փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եւ պահանջներից ու նախապայմաններից անցնի դիվանագիտական բնականոն հարաբերությունների հաստատմանը, որի ընթացքում չպիտի շփոթենք երկու ժողովուրդների հիմնարար հարցերը, որոնք կարոտ են տեւական քննարկումների, եւ ընթացիկ հարաբերությունները, որոնք միշտ կարելի է կառուցել եւ զարգացնել:

– ՀՅԴ-ն բողոքի ձայն էր բարձրացրել անգամ, երբ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանն օգտվել էր թուրքական ավիաընկերության ծառայությունից: Ինչպե՞ս է, որ այժմ ընդհանրապես չարձագանքեցիք Թուրքիայի հասցեին դրվատանքի խոսքերին:

– Մեր Ընդհանուր ժողովը քննարկել է այս հարցերը: Եվ մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի Հանրապետության այն պաշտոնական դիրքորոշմանը, երբ առաջարկվում է առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսել Թուրքիայի հետ, եւ տարանջատվում են մեր հարաբերությունների հիմնարար խոչընդոտները՝ մեր երկու ժողովուրդների պատմության ընթացքում առաջացած հիմնախնդիրը, քաղաքական ընթացիկ հարաբերությունների հաստատման գործընթացներից:

– Սակայն Վարդան Օսկանյանը Ստամբուլում ոչ միայն բառ անգամ չասաց, ըստ Ձեր ձեւակերպման՝ մեր «պատմության ընթացքում առաջացած հիմնախնդրի», այսինքն՝ Ցեղասպանության մասին, այլ հակառակը՝ ակնարկեց մոռանալ հին վերքերը, հայտարարելով. «Ոչինչ չի կարող փարատել մեր ժողովրդի անապահովության զգացումները, քանի դեռ հարեւանները ոչ թե խաղաղություն են բերում, այլ հիշեցնում են մեր հին ու նոր վերքերը»:

– Սա իրականում հանրապետության նախագահի արտահայտած մտքի շարունակությունն է: Ես կարող եմ դա ավելի հստակ ձեւակերպել՝ մի երկիր, որը չի ցանկանում ճանաչել իր կողմից իրագործված Ցեղասպանությունը, ըստ էության, դրանով ապացուցում է, որ շարունակում է իր զինանոցում ունենալ այդ մարտավարությունը: Հակառակ պարագայում՝ կդատապարտեր եւ քայլեր կկատարեր այդ մեծ վերքը վերացնելու համար: Իսկ եթե շարունակում է անընդհատ խուսափել այդ քայլերից, նշանակում է՝ շարունակում է վտանգավոր մնալ մեր անվտանգության համար:

– Այնուամենայնիվ, Հայաստանի ներկայիս պաշտոնական դիրքորոշմանն «ըմբռնումով մոտենալը» որոշակիորեն նահա՞նջ չէ Թուրքիայի հարցում ՀՅԴ ավանդական դիրքորոշումից:

– Ամենեւի՛ն: Նախագահ Քոչարյանը շատ հստակ արտահայտեց Թուրքիայի առնչությամբ դիրքորոշումը եւ մեր ժողովրդի կամքը՝ իր հիմնարար խնդիրներին տեր կանգնելու վերաբերյալ: Այս իմաստով՝ տարանջատումը նաեւ ճանապարհ է, որ իրար չխառնենք մարտավարական փոքր հարցերը եւ մեր ժողովրդի ապագան պայմանավորող ռազմավարական հիմնահարցերը: Եվ ՀՅԴ-ն էլ գնաց նույն ճանապարհով. Ընդհանուր ժողովում քննարկելով Հայ Դատի հիմնահարցերի ամբողջական փաթեթը, պահպանելով մեր սկզբունքային դիրքորոշումները՝ միաժամանակ կողմ արտահայտվեցինք Թուրքիայի հետ առանց նախապայմանների խոսակցություն սկսելուն:

Հարցազրույցը՝
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել