Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Հուլիս 08,2004 00:00

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ Օրերս Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դահլիճում ամփոփվեց «Գարուն1722004» մանկական մրցույթ-փառատոնը: Այս համայնքնում այն կրում էր «Աշխարհը մանուկների աչքերով» խորագիրը: Իսկ աշխարհը մանուկների աչքերով՝ գեղեցիկ էր, գույնզգույն, անհոգ, ուրախ։ Մրցույթ-փառատոնին մասնակցում էին 12 մսուր-մանկապարտեզների 3-7 տարեկան շուրջ 600 մանուկներ, հովանավորն էր Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Աղվան Գրիգորյանը: Ժյուրիի անդամներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության երաժշտության ազգային ինստիտուտի մասնագետ Կարինե Ղազարյանի եւ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի վարիչ Ռաֆիկ Մարտիրոսյանի խոսքերով՝ երեխայի գեղագիտական ճաշակը, ծնող-մանկապարտեզ-երեխա կապն ամրապնդելուց զատ, միջոցառումը նպաստում է նաեւ մանուկների՝ բարդույթներից ձերբազատվելուն: Եվ որ պակաս կարեւոր չէ՝ օգնում է բացահայտել շնորհալի երեխաներին: Փառատոնն ընթացել է երկու փուլով: Երկրորդ փուլում իրենց ունակությունները ցուցադրեցին վեց մանկապարտեզների սաները: Խաղալիքների տեսքով խրախուսական մրցանակներ ստացան բոլոր մանուկները, իսկ տարբեր կարգերում պատվոգրեր՝ բոլոր մանկապարտեզները: Խրախուսվեցին նաեւ մանկապարտեզների երաժշտության լավագույն մասնագետները: Առաջին կարգի դիպլոմակիր թիվ 296 մսուր-մանկապարտեզի տնօրեն Կարինե Օհանյանի կարծիքով՝ նման ձեռնարկները պետք է հաճախակի լինեն, որպեսզի երեխաները մանկուց կարողանան ընդգծել իրենց անհատականությունը: «Գարուն1722004» մրցույթ-փառատոնը անցկացվել է նաեւ մայրաքաղաքի Նոր Նորք եւ Աջափնյակ համայնքներում: Աշնանը տեղի կունենա փառատոնի քաղաքային փուլը, որին կմասնակցեն համայնքային դափնեկիրները: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել