Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսափ ֆիլմի բեմագիր

Հուլիս 08,2004 00:00

Սարսափ ֆիլմի բեմագիր «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես» Կյանքից վերցրած դեպք Սկզբում մտադրվել էի հականե-հանվանե պատմել այն հանդեսի մասին, որ տեղի ունեցավ թիվ… մանկապարտեզում։ Սակայն նույն օրվա երեկոյան «Այբ-Ֆե»-ով ցուցադրեցին մի այլ մանկապարտեզի հանդես, որտեղ հասցրի ճանաչել այն նույն Ձմեռ պապին, որն իմ նկարագրելիք հանդեսին էլ էր հայտնվել։ Ուրեմն պատահածը դիպված չէր, այլ գուցե երեւույթ, եւ չարժե մասնավորեցնել կամ որոշակիացնել։ Մանկապարտեզի փոքրիկ դահլիճում, որտեղ հազիվ երեխաների մի խումբ եւ նրանց ծնողներն էին սովորաբար տեղավորվում, այս անգամ երեք խումբ կար եւ համապատասխանաբար էլ՝ նրանց մայրերն ու հայրերը։ Խնդիրն այն է, որ Ձմեռ պապը ուշացել էր, փոքրիկները չէին տեսել նրան, իսկ այդ պահը յուրաքանչյուր հանդեսի «կիզակետն» է։ Պուճուրներից ոմանք համբերատար սպասում էին այդ անպատասխանատու Պապիկին, ոմանք էլ լաց էին լինում՝ նվեր կամ տուն ուզում, որ ստիպում էր ծնողներին առավել ու առավել բարձրաձայն իրենց դժգոհությունն արտահայտել։ Աղմուկն այնպիսին էր, որ միջին խմբի երեխաներից որեւէ մեկի արտասանությունը չէր լսվում։ Դաստիարակներն ու դայակները անընդհատ ու ապարդյուն լռության կոչեր էին անում։ Նաեւ երեխաներին առաջարկում էին գոնե մեկ-մեկ ծափահարել։ Սակայն Ձմեռ պապը շարունակ չէր գալիս, ու ծափահարելու հավես ոչ ոք չուներ։ Մոտ մեկ ժամ անց սկսեցին տիկնիկային ներկայացում ցուցադրել։ Գտնված ելքն առանձնապես փրկարար չէր, քանզի միեւնույն է՝ հավաքվածների մեծաքանակության պատճառով շատ բան չէր էլ երեւում։ Մեկ էլ հանկարծ շշուկ ընկավ, որ Ձմեռ պապին եկել է եւ արդեն հագնվում է։ Լույս խավարին մեջ։ Ի տարբերություն սովորական «կարմիրների»՝ այս Ձմեռ պապը դեղին վերարկու էր հագել։ Սա աննշան մանրուք թվաց սկզբում։ Հետո կասկածը կամաց-կամաց սկսեց սողոսկել ուղեղներս, թե դեղին գույնն ինչ-ինչ վճռորոշ դեր խաղացել էր։ Այսպես, այդ երկար սպասված Ձմեռ պապի առաջին հայտարարությունը հետեւյալն էր. «Թոռնիկներս, հեռվից եմ եկել, ձեզ նվերներ էի բերել, բայց ահա այս արջուկը (պարկի միջից հանեց սույն բավական քրջոտ կենդանուն) կերել է ձեր բոլոր նվերները»։ Ի՜նչ սկսվեց այս հայտարարությունից հետո… աննկարագրելի լաց եւ ատամների կրճտոց։ Փոքրիկներից շատերը այնպես էին մղկտում, որ Ձմեռ պահը սրտաշարժվեց ու հայտարարեց, թե գնում է նոր նվերներ բերելու։ Հույս խավարին մեջ։ Բայց իր փոխարեն հայտնվեց ցախավելով մի էակ, որն, ըստ երեւույթին, մարմնավորում էր կախարդ պառավին։ Նրա առաջին իսկ հայտարարությունն էր. «Ըհը՜, եկել եմ ձեր տոնածառը տանեմ»։ Երեխաները, որ ոչինչ չունեին այլեւս կորցնելու այդ ծառից բացի, սրբազան պատերազմի դուրս եկան։ Եթե դուք անգամ եղել եք Իսպանիայում եւ տեսել եք ցլամարտ, էլի չեք պատկերացնի, թե ինչ է լինում, երբ երեք խումբ հուսահատված երեխաներ հարձակվում եւ սկսում են չորս կողմից խփել մի մեծահասակի։ Վերջինիս փորձեցին օգնության հասնել դաստիարակներն ու դայակները, որոնք մեջտեղ ընկել, փորձում էին բաժանել կռվողներին ու գոռում. «Երեխանե՜ր, չար կախարդն արդեն բարիացել է, մի ծեծեք նրան»։ Դրությունը փրկեց դահլիճ վերադարձած Ձմեռ պապը, որը ոչ մի բան էլ, այնուամենայնիվ, չէր բերել ու դեռ կախարդին հարցրեց, թե ի՞նքն ինչ նվերներ է պատրաստել երեխաների համար։ Սա գրպանից հանեց մի հայկական խաղալիք, իսկ դրանց մեծամասնությունն, ինչպես գիտեք, վիշապներ, օձեր ու զարմանազան այլ սողուններ են։ Կախարդի նվերը հենց օձ էր։ Հաջորդ տասը րոպեի ընթացքում Ձմեռ պապը տոնածառի շուրջ վազում էր կախարդի ետեւից՝ «այ, օձը քեզ կկծի» բացականչություններով։ Երբ դադարեց, մի քանի անգամ լուսանկարվեց երեխաների հետ ու հետո հայտարարեց. «Դե լավ, ես գնացի, ինձ սպասում են այլ թոռնիկներ»։ …«Մակարենայի» հնչյունների ներքո դահլիճից դուրս եկող գրեթե բոլոր երեխաների դեմքերը լացից ուռել էին, շատերը դեռ շարունակում էին գոռալով արտասվել։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ «Առավոտ», 30.12.1997 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել