Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ

Հուլիս 08,2004 00:00

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ Մարզպետը խոստացավ, որ «արաղն» անպակաս կլինի Հուլիսի 10-ին կբացվի «Թատերական Գեղարքունիք-2004» բարեգործական փառատոնը: Այս առիթով Թատերական գործիչների միությունում հրավիրված ասուլիսին ներկա Գեղարքունիքի մարզպետ, ՕԵԿ անդամ Ստեփան Բարսեղյանը կատակեց, որ ոչ միայն դերասաններին, այլեւ լրագրողներին կընդունի հավուր պատշաճի՝ «չայ կտանք, դաժե՝ արաղ»: Փառատոնի բյուջեն 730 հազար դրամ է: Հետաքրքրվեցինք՝ «Օրինաց երկիրը» իր մասնաբաժինը կունենա՞ փառատոնի ծախսերում: «Բա ոնց, եթե ես մեջն եմ, ուրեմն ՕԵԿ-ը ներդրում ունի»,- պարզաբանեց մշակույթի նախարարի կուսակիցը: «Առավոտի»՝ «Վերջին անգամ ի՞նչ ներկայացում եք դիտել» հարցին ի պատասխան էլ մարզպետն ասաց. «Վերջին ներկայացումը, որ նայել եմ Գավառի Քալանթարի անվան թատրոնում՝ Ժիրայր Անանյանի «Բրավոն» էր»: ԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը տեղեկացրեց, որ փառատոնին կմասնակցեն Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի, Կ. Ստանիսլավսկու, Հովհ. Թումանյանի անվան,Պատանի հանդիսատեսի, Արտաշատի ու Գավառի թատրոնները: Նրանք ելույթներ կունենան մարզի քաղաքներում ու գյուղերում՝ մասնավորապես՝ Ճամբարակում, Վարդենիսում, Գավառում եւ այլուր: «Այս փառատոնը կարեւոր ակցիա է, որովհետեւ բոլորիս ուշքն ու միտքը ճապոնիաներից սկսվում, գնում-հասնում է Կանադա ու Արգենտինա, բայց մոռանում ենք, որ այդ ամենի կողքին ունենք Արթիկ, որը 15 տարի ներկայացում չի տեսել… Ավելին, Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը 14-15 տարեկան է, բայց չգիտի՝ թատրոնն ինչ բան է»: Պրն Ղազանչյանը թատրոնների ղեկավարներին խորհուրդ տվեց մարզ մեկնելիս ամեն դեպքում «մի երկու պռաժեկտր, մի երկու սեղան-աթոռ վերցնել», որովհետեւ մարզային ակումբներում չեն լինի այն պայմանները, ինչ թատրոնները սովոր են տեսնել սեփական հարկի տակ: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը ասաց, որ ժամանակն է բացթողումները շտկել. «Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մուհամեդը պիտի գնա սարի մոտ եւ ոչ թե հակառակը: Թատրոնը պետք է գնա այն վայրերը, որտեղ 14-15 տարի ներկայացում չեն դիտել»: Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը դժգոհեց այն մարզպետներից ու քաղաքապետերից, որոնց հետ ոչ մի կերպ չի կարողացել հանդիպել: «Խորհրդային տարիներին բոլոր թատրոնները պարտադիր ֆինանսավորվում էին, որպեսզի հանրապետության մարզեր գնային: Ե՞րբ է վերականգնվելու այդ լավ ավանդույթը»,- Կ. Խոդիկյանին դիմեց նա: «Մեկ ամիս առաջ մենք ֆինանսների նախարարությանն ենք ներկայացրել մարզեր մեկնելու ծրագիրը, սակայն պատասխանել են, որ առայժմ գումար չկա: Այնպես որ, մշակույթի նախարարությունը ձեռքերը ծալած չի նստում եւ մտահոգ է այդ խնդրով»,- պատասխանեց փոխնախարարը: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը ցանկություն հայտնեց, որ տարվա մեջ գոնե 5-7 օր թատրոնները խաղան մարզերում, որովհետեւ «այնտեղ ոչ միայն ներկայացում չեն տեսել, այլեւ վաղուց ռուսերեն խոսք չեն լսել»: Գեղարքունիքի մարզպետը հիշեց մշակույթի տների անմխիթար վիճակը, ինչի պատճառով հնարավոր չէ միջոցառումներ անցկացնել: Ի դեպ, «Առավոտը» քանիցս անդրադարձել է Գեղարքունիքի մարզի՝ աղանդավորական որջերի վերածված մի քանի մշակութային օջախների: Հուսով ենք, որ այդ փաստը նաեւ մարզպետին կանհանգստացնի: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել