Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի հրապարակումները «ասնավանի» չեն

Հուլիս 08,2004 00:00

Մամուլի հրապարակումները «ասնավանի» չեն Երեկ տեղի է ունեցել «Ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման կանխարգելում» թեմայով «ազգային աշխատանքային հանդիպում» անվանված քննարկում։ Նախաձեռնողները՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն էր եւ ՀՀ գլխավոր դատախազությունը, մասնակիցները՝ ԱԺ պատգամավորներ ու կառավարության ներկայացուցիչներ։ Քննարկման ավարտին թեմայի շուրջ լրագրողներին իրենց դատողությունները ներկայացրին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը եւ ՀՀ գլխավոր դատախազը։ Տպավորությունն այնպիսին էր, որ Հայաստանում ամեն ինչ կարգին է, պարզապես պրոֆիլակտիկ անհրաժեշտությունից ելնելով միջոցառումներ են իրականացվում։ Վլադիմիր Պրյախինը իր հիացմունքն արտահայտեց առ ՀՀ իշխանությունները, որոնց քաջությունը ներեց՝ կանխատեսելով կոռուպցիայի հետեւանքները, դրա մասին բարձրաձայն խոսել։ Պարոն Պրյախինը չի գտնում, որ դա մեր երկրում մեծագույն չարիք է։ Դատողություններ անելով միջազգային տարբեր օրինակներից, նա եզրակացրեց, որ Հայաստանը պարզապես չէր կարող անմասն մնալ, մանավանդ այդքան մեծ Սփյուռքի գոյության պարագայում։ Լրագրողների՝ Հայաստանին վերաբերող մասնավոր օրինակներ եւ Սփյուռքին առնչվող դեպքեր բացահայտելուն ուղղված բոլոր հարցերը միեւնույն պատասխանին էին արժանանում։ Մասնավորապես, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, իրենց վարույթում ահաբեկչության ֆինանսավորման կամ փողերի լվացման գործեր չեն եղել՝ ոչ Հայաստանին, ո՛չ էլ Սփյուռքին վերաբերող։ Աղվան Հովսեփյանը դա պայմանավորում է ոչ թե դատախազության վատ աշխատանքով, այլ ահազանգերի բացակայությամբ։ Այս համատեքստում լրագրողներից մեկը հետաքրքրվեց «Չորրորդ իշխանություն» թերթի վերջին համարների այն հրապարակումների ճակատագրով, որոնցում կոնկրետ դեպքեր են ներկայացվում, կոնկրետ դերակատարներով։ «Եթե թերթը նման փաստեր ունի, թող ուղարկեն մեզ»,- եղավ ՀՀ գլխավոր դատախազի արձագանքը։ Մինչդեռ իր ելույթի դեկլարատիվ հատվածում պարոն Պրյախինը հատուկ էր ընդգծում այս գործում ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը։ Ավելին, նա նաեւ ցանկություն արտահայտեց՝ տեսնել ու լսել կյանքից վերցված երեւույթներ։ Ավելի ուշ, լրագրողների հետ մասնավոր զրույցում պարոն Պրյախինը համաձայնեց դատախազի դիտարկման հետ՝ «պետք չէ զլանալ»,- ասաց նա։ Բանախոսները բնականաբար չէին կարող գովեստի չարժանացնել Հայաստանի հակակոռուպցիոն քայլերը, որոնք ներառում են նաեւ փողերի լվացման կանխարգելող միջոցառումներ։ Իսկ քայլերը դրսեւորվում են ռազմավարության մշակմամբ, օրենսդրական ակտերով եւ, վերջապես՝ մարմիններ ստեղծելով։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել