Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՐԲ Է ՄԵԾԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍՈՂԱՆՑՔԸ

Հուլիս 08,2004 00:00

Ե՞ՐԲ Է ՄԵԾԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍՈՂԱՆՑՔԸ Երեկ Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնը (ԱԳՄԱԿ) լրագրողներին ներկայացրեց իր անցկացրած դիտարկումը՝ ՀՀ Կառավարության գործունեության թափանցիկության եւ տեղեկատվության մատչելիության վերաբերյալ՝ ինտերնետային կայքերի միջոցով: Նպատակն է եղել՝ պարզաբանել նախարարությունների էլեկտրոնային կայքերում տեղեկատվության մատչելիության եւ գործունեության հրապարակայնության մակարդակը: Շեշտը դրվել է այն հանգամանքի վրա, թե կայքում տեղադրված տեղեկատվությունը որքանով է նպաստում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Հետազոտությունն իրականացնողները խուսափել են մասնագիտական խոր վերլուծությունից՝ օգտագործելով ընդամենը 7 չափանիշ եւ սահմանափակվելով այդ պահին՝ հունիսի վերջին շաբաթվա ընթացքում, գործող կայքերով: Հ/Կ նախագահ Լուսինե Մարգարյանի խոսքերով, ընդգրկուն ուսումնասիրությունների համար մասնագետների, փորձագետների լայն շրջանակների ներգրավման անհրաժեշտություն է զգացվում: Իսկ ներկայացվողը ուսումնասիրությունների սկիզբն է միայն: «Նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային արշավ՝ պետական ողջ համակարգի գործունեության թափանցիկության եւ տեղեկատվության մատչելիության հետազոտության տեսքով՝ ընդգրկելով չափանիշների առավել մեծ համակարգ եւ, որ ամենակարեւորն է, գնահատել չափանիշները՝ որակական առումով»: Իրականացրած մոնիտորինգի աղբյուրը ՀՀ Կառավարության ինտերնետային կայքում զետեղված հղումներն են՝ նախարարություններին: Ըստ այդմ, մոնիտորինգի պահին գործել են 16 նախարարություններից 10-ի կայքերը: Իբրեւ գնահատման չափանիշներ, ընտրվել են հետեւյալները. «Իրավական ակտեր», որոնց մասին տեղեկատվություն առկա է 10 կայքերից միայն 7-ում, «Հրատապ կապ», որ ունի միայն մեկ կայք, «Էջի տեխնիկական վիճակը» անբավարար էր միայն 3 կայքում: «Լրատվություն» էջը չկար 10-ից 4-ում, իսկ «Հաշվետվություն» ներկայացրել է միայն 2-ը: «Հաճախ հանդիպող հարցեր» իրենց կայքում ներառել է միայն 1-ը, իսկ «Որակավորում/լիցենզավորում» ունի 6-ը: Թեպետ ԱԳՄԱԿ-ն իր առջեւ խնդիր չէր դրել լավ կամ վատ գնահատել այս կամ այն կայքի որակը, ոչ էլ ռեյտինգային որեւէ ցուցանիշ հրապարակեց, սակայն, այնուամենայնիվ, վերլուծությունից պարզ դարձավ, որ քիչ թե շատ բարվոք վիճակում է Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության կայքը՝ թե՛ լրատվության թարմացման, թե՛ «Հրատապ կապի» առկայության առումով: Վերջինս, ի դեպ, միայն այս կայքում է առկա: Չնայած այս ոլորտին առնչվում են հենց այն քաղաքացիները, ովքեր ավելի քիչ հնարավորություն ունեն օգտվելու ինտերնետային ծառայություններից, սակայն, ինչպես նշեց հ/կ անդամ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուբեն Գեւորգյանը, Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը շատ ավելի արագ է աճում՝ մյուս անցումային երկրների համեմատությամբ: Ներկայացված չափանիշներից հարկ է առանձնացնել «Լրատվությունը», ինչի գոյությունը, ըստ կազմակերպության, կարեւոր է այն առումով, որ տվյալ գերատեսչության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն կարող են ստանալ նաեւ չորրորդ իշխանությունն ու երրորդ սեկտորը՝ խուսափելով պետական պաշտոնյաների, քաղծառայողների կամայականություններից: Ի դեպ, Տրանսպորտի եւ կապի նախարարության կայքում մի հետաքրքիր փաստի կարելի է հանդիպել: Սլաքով կանգնելով լրատվություն բաժնի վրա, կարելի է ծանոթանալ թարմ նորությունների, միայն թե՝ ոչ Հայաստանի, այլ՝ Ռուսաստանի Դաշնության նույնանուն ոլորտի մասին: Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ թափանցիկության ապահովման տեսակետից նախարարությունների պաշտոնական կայքերում անհրաժեշտ տեղեկություններ առայժմ ներառված չեն, որ դրանք ավելի շատ ձեւական բնույթ են կրում. «Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տեսանկյունից կայքերում տեղադրված տեղեկատվությունն աննշան է»: Միաժամանակ պետք է նշել, որ օրենքի տեսանկյունից էլ նախարարությունները կայքեր ունենալու որեւէ պարտավորություն չունեն: Սակայն կայքի գոյությունը տեղեկատվության հրապարակայնությանն ու կոռուպցիոն սողանցքների դեմ պայքարին ուղղված քայլ է: «Քանի որ այդ սողանցքները մեծանում են հենց այն ժամանակ, երբ ամենատարրական տեղեկատվություն ստանալու համար կայանում է հանդիպումը պետական պաշտոնյայի եւ քաղաքացու միջեւ»,- ասում է Լ. Մարգարյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել