Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽՀձ-ԻՆ ԱՐԴԵՆ ՀԵԳՆԱՆՔՈՎ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ

Հուլիս 08,2004 00:00

ԽՀձ-ԻՆ ԱՐԴԵՆ ՀԵԳՆԱՆՔՈՎ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Շահինյանը՝ Խաչատրյանի եւ Ավետիսյանի միջեւ Խոսքը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական վերահսկողության վարչության (ԽՀձ) պետ Լեւոն Շահինյանի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի եւ Մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանի մասին է: Կարճ տեղեկատվությունը հետեւյալն է. ԽՀձ-ն մաքսային համակարգում ստուգումներ է իրականացրել, որոշակի մեղադրանքներով ակտ կազմել, որը ֆինանսների նախարարն, ինչպես կարգն է պահանջում, ուղարկել է Մաքսային կոմիտեի պետին ու ստացել առարկությունների մի ողջ փաթեթ: Որով, ի դեպ, Մաքսային կոմիտեի պետը «ոչնչացրել է» ակտը: Ընդհանրապես, խմբագրությունը հաճախ է տեղեկություններ ստացել ԽՀձ-ի, մեղմ ասած, վիճելի կամ սուբյեկտիվ գործունեության մասին: Ըստ այդ տեղեկությունների, վարչությունը հաճախ է կամայական կամ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներ ցուցաբերում իր աշխատանքի ընթացքում: Եվ որ պետբյուջեին հասանելիք, բայց չմուտքագրված գումարները հայտնաբերելը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Մեր աղբյուրների տվյալներով, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն այս ամենի հետ, ըստ էության, առնչություններ չունի կամ ունի այնքանով, որ ստորագրում է այդ ակտերը: ԽՀձ-ի մեր աղբյուրի տեղեկություններով, 1-2 տարի առաջ այս վարչությունը Հայկական ատոմակայանում ստուգումներ է իրականացրել, որից հետո կամ, ավելի ճիշտ կլինի ասել, որի արդյունքում վարչության պետ Լեւոն Շահինյանին պատկանող աուդիտորական ընկերությունը աուդիտ անցկացնելու խոշոր գումարի պատվեր է ստացել, իսկ փոխարենը ստուգած հիմնարկում վարչությունն էական խնդիր չի հայտնաբերել: Մեզ հայտնում էին նաեւ հետաքրքիր տեղեկություններ ուրիշ հիմնարկներում նմանատիպ ստուգումների այլ ելքերի մասին, սակայն որոշել էինք դրանց անդրադառնալ, երբ այդ մասին վկայող փաստաթղթեր ունենանք: Այժմ խմբագրության տրամադրության տակ եղած փաստաթղթերից մեկն այս վարչության գործունեության ուշագրավ հանգամանքների մասին է վկայում: Խոսքը ֆինանսների նախարարին ուղղված Մաքսային կոմիտեի պետի առարկությունների մասին է: Բայց նախ ակտի մասին (թվագրված է 20.02. 04թ). ստուգողների եզրահանգմամբ, մաքսային համակարգի վատ կամ սխալ աշխատանքի պատճառով միլիարդավոր դրամներով թերգանձումներ են տեղի ունեցել ի վնաս պետբյուջեի: ԽՀձ-ն իր ակտում որոշակի մեղադրանքներ է ներկայացրել մաքսային համակարգի աշխատակիցներին, օգտագործելով «առանց որեւէ հիմնավորման», «առանց համապատասխան փաստաթղթերի», «տարբերակված մոտեցում» եւ այլ արտահայտություն-հիմնավորումները: Մաքսայինն այն համակարգն է, որ ինչպես էլ ստուգես, խախտում կգտնես: Այստեղ կարեւորը գտածը հիմնավորելն է: Մինչդեռ մաքսային համակարգի մասնագետներն այս էլ որերորդ անգամ ապացուցում են, որ ստուգողներից ավելի լավ գիտեն իրենց օրենքները: Հիմնավոր առարկությունների մի փաթեթ էլ մաքսավորները ԱԺ Վերահսկիչ պալատի մասնագետներին էին ուղարկել: Իսկ ֆինանսների նախարարին ուղղված գրության մեջ Մաքսային կոմիտեի պետը գրում է. «Մեր կարծիքով, ներկայացված «ակտով» ոչ թե անդրադարձ է արվում մաքսային մարմինների գործունեությանը կամ իրականացված մաքսային ձեւակերպումներին, այլ փորձ է արվում հանրությանը ներկայացնել մի փաստաթուղթ, որով ստուգող հանձնախումբը հայտնաբերել է մի կառույց, որտեղ բացի ենթադրյալ անօրինություններից, այլ աշխատանքներ չեն իրականացվել»: Առավել խիստ է Ա. Ավետիսյանի հետեւյալ գնահատականը. «հարկերի պակաս հաշվարկման եւ գանձման հետեւանքով հաշվարկված 23 միլիարդ դրամը լոկ ենթադրության արդյունք է, չի հիմնավորվում ներմուծված ապրանքների մաքսային արժեքի Մաքսային օրենսգրքի 4-րդ բաժնում սահմանված կանոններով եւ ենթակա է հեռացման ակտի շարադրանքից»: Ըստ Մաքսային կոմիտեի պետի, ստուգողները սխալվել են նաեւ շաքարավազի ներկրման տվյալներն ուսումնասիրելիս. նրանց կողմից «շաքարավազի ներմուծման փաստարկների վերաբերյալ բերվող հաշվարկների կատարման ժամանակ հաշվի չի առնվել ա) ներմուծվող ապրանքների քանակը, բ) շաքարավազի տեսակը» եւ այլն: Մեկ այլ մեղադրանքի առնչությամբ պարոն Ավետիսյանը նշում է. ակտում «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 174-րդ հոդվածին կատարված հղումն անհիմն է եւ ընդհանրապես կապ չունի քննարկվող խնդրի հետ»: Մի խոսքով, այս անգամ ԽՀձ-ին ուժեղ հակառակորդ է հանդիպել: Մինչ նյութը պատրաստվում էր տպագրության, մեր աղբյուրներից մի հետաքրքիր տեղեկություն էլ ստացանք. ավելի վաղ ԽՀձ-ն ստուգումներ էր անցկացրել նաեւ Գուգարքի մաքսակետում: Մաքսայինի պետը առարկությունների մի փաթեթ էլ այդ ակտի վերաբերյալ էր ուղարկել, բայց արդեն՝ հեգնական տոնով. առարկությունների հետ մաքսային համակարգի նորմատիվ-գերատեսչական ակտերի տեղեկագիր էր ուղարկվել, հույս ունենալով, որ հաջորդ անգամ ստուգումների գնալիս օրենքներն ուսումնասիրած կգնան: Ի դեպ, հետաքրքիր է, որ Մաքսային կոմիտեի պետի հայրը հենց վերոհիշյալ (Ֆինանսական վերահսկողության) վարչությունում է աշխատում: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել