Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԿԱՆԵՐԸ ՉԵԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հուլիս 08,2004 00:00

ՎԿԱՆԵՐԸ ՉԵԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Վերաքննիչ դատարանը երեկ շարունակեց քննել թռուցիկ բաժանելու համար 54 օր կալանավորված Արտակ Գաբրիելյանի բողոքի քննությունը, որը դատապարտվել էր 1 տարի պայմանական ազատազրկման եւ այժմ փորձում է հասնել արդարացման: Նշենք, որ 66-ամյա կոմունիստ Արտակ Գաբրիելյանը, որ Ձորագյուղի գյուղապետի տեղակալն է, ընդունել է, թե բաժանել է ընդդիմության՝ ապրիլի 9-ի հանրահավաքի թռուցիկներ, սակայն համաձայն չէ մեկ այլ մեղադրանքի. նրան վերագրել են, թե Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն եւ պետական իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է արել՝ մեղադրանք առաջադրելով ՔՕ 301 հոդվածով: Նրա գործը քննվում էր «Արդարության» եւ «Ազգային միաբանության» դեմ հարուցված գործի շրջանակներում: Ի դեպ, դատախազությունը մեղադրական եզրակացության մեջ ուշագրավ ձեւակերպումներ է տվել, թե Արտակ Գաբրիելյանը թեեւ 1993-1999-ը աշխատել է ՆԳՆ մարմիններում, զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ օպեր-լիազոր, օպերատիվ մասի բաժնի պետ, քննչական մեկուսարանի պետ, ոստիկանության վերապատրաստման դպրոցի դասախոս եւ փոխգնդապետ, որ անցել է կենսաթոշակի. «Հանդիսանալով քաղաքականապես գրագետ եւ իրազեկված անձնավորություն՝ դրանով հանդերձ՝ 2004-ի ապրիլի 8-ին «Ազգային միաբանության» Երեւանի Ավան եւ Նոր Նորքի գրասենյակից ստացել է8230 հանրահավաքի վերաբերյալ Հայաստանում հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը փոխելու մասին կոչեր պարունակող արտահայտություններով թռուցիկներ»: Կարծես քաղաքականապես գրագետ լինելը պիտի բացառեր հանրահավաքի թռուցիկ վերցնելը: Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Մ. Կարապետյանը, Արտակ Գաբրիելյանին մեղավոր ճանաչելով 301 հոդվածով, հիմք էր ընդունել, մասնավորապես, դատարան չներկայացած վկաների ցուցմունքները: Ավելի ստույգ՝ դատարան եկան 2 վկա, ովքեր պնդեցին, թե Արտակ Գաբրիելյանին առաջին անգամ տեսել են դատախազությունում եւ չեն կարող ասել, թե արդյոք նա արե՞լ է կոչեր: Սակայն դատավորը դատավճռի մեջ նշեց, թե այդ ցուցմունքներն արժանահավատ չեն, ու հիմք ընդունեց նրանց նախաքննական վկայությունները, թե Արտակ Գաբրիելյանն ասել է. «Անպայման կգաք, ջարդելու ենք, հաղթելու ենք, իշխանությունների վերջը պիտի տանք» եւ այլն: «Մյուս վկաները դատարան չեն ներկայացել եւ ցուցմունք չեն տվել: Անհարմար են զգացել գալ եւ պնդել իրենց կեղծ ցուցմունքները»,- վերաքննիչ բողոքում նշել է Արտակ Գաբրիելյանը՝ խնդրելով դատաքննությանն անպայման հրավիրել իր «հանցանքը հիմնավորող» վկաներին: Այս էլ 4-րդ դատական նիստն է՝ վերաքննիչ դատարանն ապարդյուն փորձում է լուծել այդ խնդիրը՝ որ վկաներ Վոլոդյա Զարգարյանը, Օնիկ Վարդանյանը եւ Սամվել Խաչատրյանը ցուցմունքներ տային դատարանում: Սակայն, ինչպես երեկ պարզ դարձավ ոստիկանության գրավոր տեղեկանքից, այդ 3-ից 2-ը Երեւանում չեն՝ մեկը Ռուսաստանում է, երկրորդը՝ Հրազդանում: Իսկ երրորդի հասցեն էլ բերման ենթարկելու որոշման մեջ ճիշտ չէր նշվել, ուստի դատավարությունը դեռ կշարունակվի հուլիսի 9-ին, երբ փորձ կարվի լսել գոնե այդ մեկի վկայությունը: Սա խիստ կարեւորվում է, քանզի Արտակ Գաբրիելյանն ու նրա պաշտպանը կասկածում են, թե ընդհանրապես գոյություն ունեն նման վկաներ: Մեր զրույցի ընթացքում պրն Գաբրիելյանը ենթադրություն հայտնեց, թե նրանք գուցե ոստիկանության գաղտնի գործակալներ են. «Սա ապացուցել հնարավոր չէ»: Իսկ դատարանում Արտակ Գաբրիելյանի պաշտպանը միջնորդեց. «Ոնց որ քննիչի մոտ էին բերել՝ թող այդպես էլ դատարան բերեն, ընդ որում՝ անձնագրո՛վ, որ տեսնենք՝ հորինովի՞ վկաներ չեն»: Այնուամենայնիվ, երեկ դատարանը որոշեց բավարարվել՝ անգամ խիստ հեռավոր Հրազդան քաղաքից ոչ մի կերպ Երեւան հասնել չկարողացող վկայի նախաքննական ցուցմունքների հրապարակմամբ: Ի դեպ, հրապարակված ցուցմունքներում գործազրկության պատճառով տոնավաճառում կոշիկ վաճառող վկա Օնիկ Վարդանյանը նախաքննական մարմնին հայտնել էր, թե Արտակ Գաբրիելյանը կոչ էր անում տապալել իշխանությունը, մինչդեռ ինքը դեմ է իշխանափոխությանը, եւ իր կարծիքով՝ ընդդիմադիրների միակ նպատակն «աթոռին նստելն է»: Նշենք նաեւ, որ նախագահող դատավոր Սերժ Ավետիսյանը խոստացավ, թե երբ դատարանը հեռանա խորհրդակցական սենյակ, չներկայացած այդ 2 վկաների նախաքննական ցուցմունքները կհամադրվեն գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների հետ, եւ ըստ այդմ՝ կգնահատվի դրանց արժանահավատությունը: Իսկ մինչ դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ զրուցեցինք Արտակ Գաբրիելյանի հետ: Մեր հարցին՝ ինքն 1-ին ատյանի դատարանում ասել էր, թե անկեղծորեն զղջում է իր արածի համար, ինչպե՞ս է, որ, այնուամենայնիվ, հետո դիմեց վերաքննիչ, պատասխանեց. «Ես միայն հրավիրաթերթիկներ տարածելու համար եմ զղջացել, որը, սակայն, հանցագործություն չէ: Ես պատկերացնում էի, թե 301 հոդվածի մեջ է մտնում նաեւ թռուցիկներ տարածելը, իսկ ինձ երբեք ցույց չեն տվել նոր «Քրեական օրենսգիրքը»՝ ո՛չ քննիչները, ո՛չ էլ իմ փաստաբանը, որ տրամադրվել է պետական պաշտպանության կարգով: Միայն վերջում պարզեցի, թե 301 հոդվածը կապ չունի թռուցիկ բաժանելու հետ: Իսկ կոչեր ես չեմ արել. ՆԳՆ 30 տարվա աշխատակից եմ, պայքարել եմ հանցագործության դեմ եւ չէի կարող հանցագործ դառնալ ու հանդես գալ բռնության կոչերով: Ես չգիտե՞մ, թե իշխանությունն ինչպես պիտի փոխվի՝ դրա համար գոյություն ունի սահմանադրական ճանապարհ»: Ի դեպ, դատական երեկվա նիստին ներկա էին ընդամենը մի քանի հոգի, եւ չկային ո՛չ ընդդիմության առաջնորդները, ո՛չ իրավապաշտպաններ կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հետեւողականորեն արդարության հասնել փորձող Արտակ Գաբրիելյանին զորակցում էր միայն Հայկոմկուսի տարածքային կազմակերպության ղեկավարը: Մեր հարցին՝ արդյոք հույս ունի, թե վերաքննիչ դատարանն իրո՞ք կարդարացնի իրեն, Արտակ Գաբրիելյանը պատասխանեց. «Առանձնապես հույսեր չունեմ: Բայց եթե խորապես ուսումնասիրեին գործը՝ կհամոզվեին, որ ես իրոք չեմ գործել ոչ մի հանցանք: Չեմ կարող լռել. ո՞վ պիտի տա 54 օր կրածս կալանքի պատասխանատվությունը: Անպայման կդիմեմ նաեւ վճռաբեկ դատարան, եւ եթե հարկ լինի՝ նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բայց հույս ունեմ, որ մեր դատարաններում հնարավոր կլինի վերականգնել արդարությունը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել