Մարզպետը խոստացավ, որ «արաղն» անպակաս կլինի
Հուլիսի 10-ին կբացվի «Թատերական Գեղարքունիք-2004» բարեգործական փառատոնը: Այս առիթով Թատերական գործիչների միությունում հրավիրված ասուլիսին ներկա Գեղարքունիքի մարզպետ, ՕԵԿ անդամ Ստեփան Բարսեղյանը կատակեց, որ ոչ միայն դերասաններին, այլեւ լրագրողներին կընդունի հավուր պատշաճի՝ «չայ կտանք, դաժե՝ արաղ»: Փառատոնի բյուջեն 730 հազար դրամ է: Հետաքրքրվեցինք՝ «Օրինաց երկիրը» իր մասնաբաժինը կունենա՞ փառատոնի ծախսերում: «Բա ոնց, եթե ես մեջն եմ, ուրեմն ՕԵԿ-ը ներդրում ունի»,- պարզաբանեց մշակույթի նախարարի կուսակիցը: «Առավոտի»՝ «Վերջին անգամ ի՞նչ ներկայացում եք դիտել» հարցին ի պատասխան էլ մարզպետն ասաց. «Վերջին ներկայացումը, որ նայել եմ Գավառի Քալանթարի անվան թատրոնում՝ Ժիրայր Անանյանի «Բրավոն» էր»:
ԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը տեղեկացրեց, որ փառատոնին կմասնակցեն Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի, Կ. Ստանիսլավսկու, Հովհ. Թումանյանի անվան,Պատանի հանդիսատեսի, Արտաշատի ու Գավառի թատրոնները: Նրանք ելույթներ կունենան մարզի քաղաքներում ու գյուղերում՝ մասնավորապես՝ Ճամբարակում, Վարդենիսում, Գավառում եւ այլուր:
«Այս փառատոնը կարեւոր ակցիա է, որովհետեւ բոլորիս ուշքն ու միտքը ճապոնիաներից սկսվում, գնում-հասնում է Կանադա ու Արգենտինա, բայց մոռանում ենք, որ այդ ամենի կողքին ունենք Արթիկ, որը 15 տարի ներկայացում չի տեսել… Ավելին, Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը 14-15 տարեկան է, բայց չգիտի՝ թատրոնն ինչ բան է»:
Պրն Ղազանչյանը թատրոնների ղեկավարներին խորհուրդ տվեց մարզ մեկնելիս ամեն դեպքում «մի երկու պռաժեկտր, մի երկու սեղան-աթոռ վերցնել», որովհետեւ մարզային ակումբներում չեն լինի այն պայմանները, ինչ թատրոնները սովոր են տեսնել սեփական հարկի տակ:
Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը ասաց, որ ժամանակն է բացթողումները շտկել. «Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մուհամեդը պիտի գնա սարի մոտ եւ ոչ թե հակառակը: Թատրոնը պետք է գնա այն վայրերը, որտեղ 14-15 տարի ներկայացում չեն դիտել»:
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը դժգոհեց այն մարզպետներից ու քաղաքապետերից, որոնց հետ ոչ մի կերպ չի կարողացել հանդիպել: «Խորհրդային տարիներին բոլոր թատրոնները պարտադիր ֆինանսավորվում էին, որպեսզի հանրապետության մարզեր գնային: Ե՞րբ է վերականգնվելու այդ լավ ավանդույթը»,- Կ. Խոդիկյանին դիմեց նա:
«Մեկ ամիս առաջ մենք ֆինանսների նախարարությանն ենք ներկայացրել մարզեր մեկնելու ծրագիրը, սակայն պատասխանել են, որ առայժմ գումար չկա: Այնպես որ, մշակույթի նախարարությունը ձեռքերը ծալած չի նստում եւ մտահոգ է այդ խնդրով»,- պատասխանեց փոխնախարարը:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը ցանկություն հայտնեց, որ տարվա մեջ գոնե 5-7 օր թատրոնները խաղան մարզերում, որովհետեւ «այնտեղ ոչ միայն ներկայացում չեն տեսել, այլեւ վաղուց ռուսերեն խոսք չեն լսել»:
Գեղարքունիքի մարզպետը հիշեց մշակույթի տների անմխիթար վիճակը, ինչի պատճառով հնարավոր չէ միջոցառումներ անցկացնել:
Ի դեպ, «Առավոտը» քանիցս անդրադարձել է Գեղարքունիքի մարզի՝ աղանդավորական որջերի վերածված մի քանի մշակութային օջախների: Հուսով ենք, որ այդ փաստը նաեւ մարզպետին կանհանգստացնի:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ