Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի րոպե «գործը կանգնեց»

Հուլիս 08,2004 00:00

Ու դրանով քաղաքապետն իր առաքելությունն ավարտեց

Երեկ առավոտյան Երեւանի Աբովյան, Կուզնեցով եւ Նար-Դոսի փողոցներում շուրջ 30 րոպե դադարեցվել էր փողոցային առեւտուրը, քանի որ քաղաքապետ Երվանդ Զախարյանը որոշել էր «այդ թեմայով» շրջայց կատարել Կենտրոն համայնքի հենց այդ փողոցներում:

Ըստ քաղաքապետի՝ արդեն 4 տարի է, ինչ պայքարում են փողոցային առեւտրի դեմ՝ «մինի» շուկաներ ու շուկաներ կառուցելով, անգամ ուժային մեթոդների դիմելով, բայց ոչինչ չի ստացվում: «Ուժային մեթոդին դիմելը» նորույթ էր քաղաքապետի խոսքում, որովհետեւ նա միշտ կրկնել էր հակառակը։

Կուզնեցով փողոցում ոչ բնակիչները, ոչ առեւտրականները չեն դժգոհում քաղաքապետի այս կարգադրությունից: Առեւտրականներն, իրենց ասելով, ստանում են օրական 200-300 դրամ եկամուտ, իսկ իրենց միջոցներով պատրաստած սեղանիկների համար օրական վճարում են 500 դրամ: Այնինչ, մինի-շուկաներում, ըստ քաղաքապետի խոստման, տեղերը հատկացվելու են անվճար: Ավելի անմխիթար վիճակում էր Նար-Դոսի փողոցը: Քաղաքապետը ոգեւորված դուրս եկավ Գումի շուկայից՝ հույս հայտնելով, որ հոկտեմբերին, երբ ավարտվեն շուկայի երկրորդ հարկում իրականացվող կառուցապատման աշխատանքները, այս փողոցի հարցն էլ կլուծվի: Բայց չէինք կարող չնկատել, որ գործող շուկայում շինարարական աշխատանքներն այնքան անփույթ էին կազմակերպվել, որ այնտեղ ստեղծվել էին քաղաքի ամենահակահիգիենիկ պայմանները՝ վերին հարկի հողն ու փոշին թափվում էր ուղիղ պանրի ու նոր թրջած լավաշների վրա: Այսօր վաճառականները հրաժարվում են տեղափոխվել առեւտրի համար նախատեսված նոր շուկաներ, քանի որ դրանք «գտնվում են սարի գլխին» եւ սեղաններ ու հարմար պայմաններ չունեն, իսկ բնակիչների համար փողոցային շուկան նույնիսկ ձեռնտու է. «Ասում են՝ փողոցում հող ու փոշին նստում է մթերքի վրա, վտանգում մարդկանց առողջությունը: Կարո՞ղ է մարդիկ շուկա մտնելիս հողաթափ են հագնում կամ սրբում են իրենց կոշիկները»,- ասացին Տիգրան Մեծ պողոտայի բնակիչները: Առեւտրականներից մեկը նույնիսկ պարոն Զախարյանի ներկայությամբ սկսեց բողոքել «իր ընտանիքին հացից կտրելու» այս փորձերից, թոշակներից ու տարեցների նկատմամբ նրա անբարյացակամ վերաբերմունքից։ Հետեւանքը եղավ այն, որ երկու րոպե հետո մի քանի հաղթանդամ տղաներ շուկայում փորձում էին ճշտել կնոջ տեղն ու հասցեն: Այդ ընթացքում քաղաքապետը փորձում էր «նուրբ» արտահայտվել փողոցային առեւտրականների մասին՝ նրանց անվանելով «բացօթյա առեւտրով զբաղվողներ»: «Նրանց դեմ պայքարը 1-2 տարվա գործ չի: Մենք մշակում ենք մինի շուկաների կառուցապատման նախագծեր, որոնք պետք է բաժանվեն քաղաքացիներին՝ հնարավորության դեպքում այդ չափորոշիչներին համապատասխան իրենց առեւտուրը կազմակերպելու համար: Դիմելով այդ երկարաժամկետ նախագծերին՝ հարցը կլուծվի»,- ասաց Ե. Զախարյանը եւ իր առաքելությունն ավարտած համարելով՝ հեռացավ: 1 րոպե անց փողոցում տեղակայված մեքենաներից ու մոտակա խանութներից «գլուխները դուրս հանեցին» առեւտրականները՝ միմյանց «ավետելով» հսկողության ավարտի մասին ու մի փոքր ուշացումով սկսեցին իրենց ամենօրյա աշխատանքը: «Մենք չենք տեղափոխվելու: Ասում են՝ անվճար տեղ ենք տալիս, չէ՞, բայց այսօր կտանեն, 10-15 օրից 500 դրամ վճար կուզեն, հետո էլ կդարձնեն 1000-1500 դրամ, մենք այդ ժամանակ ի՞նչ անենք: Եթե տեղի համար վճարենք՝ գները բնականաբար կբարձրանան, դրանից ոչ գնորդը կօգտվի, ոչ էլ մենք, էլի իրենք են օգտվելու, իրենց գրպանն է գնալու»,- ասաց Տիգրան Մեծ պողոտայից «վտարված» առեւտրականներից մեկը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել