Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎՆԱՍՎԱԾ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

Հուլիս 07,2004 00:00

ՎՆԱՍՎԱԾ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ Ամեն տարի, երբ Հարկային պետական ծառայությունը հրապարակում է 1 մլն դրամից ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողների ցանկը, համոզմունք է առաջանում, որ քարտեզում մեր երկրի վրա կարելի էր փակցնել ցուցանակ. «Աշխատում է վնասով»: Թեեւ այս անգամ ցանկը փոքրացել է զգալիորեն: Անցած տարիներին այն հրապարակվում էր պաշտոնաթերթի 2-3 համարներում, իսկ 2003-ին բավականացրել է լրագրային մեկ համարը: Այնուամենայնիվ, դատելով պաշտոնական տվյալներից՝ չկա եւ ոչ մի ոլորտ, որտեղ անցած տարի եւս տնտեսվարողները կրած չլինեն ահռելի վնասներ: Ընդ որում՝ ամենաշատը վնասվել են հատկապես այն հաստատությունները, որոնք ամենաշատն են գովազդվում ու ներկայացվում իբրեւ մեր տնտեսության առաջատարն ու ամենաեկամտաբերը: Օրինակ, ո՞վ կմտածեր, թե բացառապես վնասներ է բերում ոսկու արտադրությունը: Մինչդեռ 2003-ին «Ոսկի» միավորումը կրել է շուրջ 10 մլրդ դրամի վնաս, Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը՝ շուրջ 6 մլրդ դրամի, իսկ Երեւանի ոսկերչական գործարանը՝ 3 մլրդ դրամի: Նշենք նաեւ, որ «Շողակն» ձեռնարկությունն էլ անցած տարի հայտարարագրել է 262 մլն դրամի վնաս: Մեր երկրում վնասով է աշխատում նաեւ բանկային համակարգը: Եվ զարմանալի չէ, որ հրապարակված ցանկում շատ են «պայթած» բանկերը: «Միավորված բանկը» վնասվել է շուրջ 13 մլրդ դրամի չափով, «Կրեդիտ Երեւանը»՝ 12,4 միլիարդով, «Ակունք» եւ «Կրեդիտ Սերվիս» բանկերը՝ շուրջ 2 միլիարդական դրամով: Շարքը կարելի է էլի շարունակել՝ վնասով են աշխատել նաեւ «Լենդ» բանկը, «Էկոնոմինվեստը», «Զարգացման հայկական բանկը», «Առէկսիմբանկը» եւ այլն: Վնասով են աշխատում նաեւ տնտեսական հսկաները: «Ռուսալ-Արմենալն» անցած տարի հայտարարագրել է 12 մլրդ դրամի վնաս, ատոմակայանը՝ շուրջ 30,5 մլրդ դրամի, «Հայռուսգազարդը»՝ շուրջ 5 մլրդ դրամի: Երեւանի «Ջրմուղ-կոյուղին», որը վարկային հսկայական միջոցներ է կլանել, այնուամենայնիվ հայտարարագրել է շուրջ 17 մլրդ դրամի վնաս: Պարզվում է՝ շահույթ չի բերում նաեւ ամենասպառվող արտադրանքները թողարկելը: Օրինակ՝ ծխախոտ արտադրող «Սիգարոն» ընկերությունը հայտարարագրել է շուրջ 3 մլրդ դրամի վնաս: Սուրճ արտադրող «Ռոյալ-Արմենիա» հայ-լիբանանյան համատեղ ձեռնարկությունը կրել է 59 մլն դրամի վնաս: Ձեռնտու չէ նաեւ գարեջուր կամ հանքային ջուր արտադրելը: «Կոտայք» գարեջրի գործարանը կրել է 529 միլիոնի, իսկ «Ջերմուկ գրուպը»՝ շուրջ 94 մլն դրամի վնաս: Թերեւս մարդիկ հաց ու ալյուր էլ չեն գնում, այլապես Երեւանի ալրաղացը 424 մլն դրամի վնաս չէր կրի, իսկ Սեւանի հացամթերքների միավորումը՝ 315 մլն դրամի: Հյուրանոց աշխատեցնելը նույնպես շահավետ չէ: Օրինակ՝ «Արմենիա» հյուրանոցային համալիրի պես առաջատարը վնասվել է 1 մլրդ դրամով: Շահավետ չէ նաեւ կրթական համակարգը: Իր բարձր վարձավճարներով հայտնի Հայաստանի Ամերիկյան համալսարանը 221 մլն դրամի վնաս է կրել, «Կրթության ազգային ինստիտուտը»՝ շուրջ 13 մլն դրամի: Դառնանք էլեկտրոնային լրատվամիջոցներին: «Ար» հեռուստաընկերությունն անցած տարի հայտարարագրել է շուրջ 324 մլն դրամի վնաս: «Արմենակոբը» 32 մլն դրամի վնաս է կրել 2003-ին: «Երեւան» հեռուստաընկերությունն այս տարի էլ է վնասով աշխատածների ցանկում՝ իր 23 մլն դրամ ցուցանիշով: «Թիվի 5»-ի հայտարարագրած վնասները համեմատաբար համեստ են՝ 5,5 մլն դրամ: Հիշեցնենք, որ բոլոր այս հեռուստաընկերությունների մրցութային ծրագրերը, մասնավորապես՝ ֆինանսական միջոցների առումով, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հենց նույն՝ 2003-ին ավելի բարձր գնահատեց, քան երբեք վնասով չաշխատած «Ա1+» հեռուստաընկերությանը: Իսկ տպագիր լրատվամիջոցներից «Առավոտը» հայտարարագրել է շուրջ 4 մլն դրամի եւ «Գոլոսը»՝ 1,6 մլն դրամի վնաս: Վաղուց լույս չտեսնող «Մունետիկն» ու «Նորաթերթը», այնուամենայնիվ, ընդգրկված են աշխատողների ցանկում՝ թեկուզ վնասով: Ցանկում ընդգրկված են նաեւ այնպիսի ձեռնարկություններ, որոնք տեղիք են տալիս դառը խորհրդածությունների: Օրինակ, այս էլ որերորդ տարին է՝ վնասով աշխատողների ցանկում իր «պատվավոր» տեղն ունի «Արմենիկում» ձեռնարկությունը: Մինչդեռ համանուն «հրաշք» դեղամիջոցի շնորհիվ ակնկալվում էին հսկայական դրամական միջոցներ: Նույնը կարելի է ասել նաեւ «Քրիստոնյա Հայաստան 1700» հիմնադրամի մասին, որը բազմահազար զբոսաշրջիկներ ներգրավելու միջոցով պիտի համալրեր մեր բյուջեն, մինչդեռ այս տարի էլ է հայտնվել «տակ տվածների» ցանկում՝ շուրջ 15 մլն դրամ վնասով: «Հայ գործարարների ընկերությունն» էլ է վնասով աշխատում՝ 7,5 մլն դրամի չափով: Իսկ «Զարգացման հայկական գործակալությունը» 17 մլն դրամի իր վնասով ապացույց է դարձել, որ վնասված է մեր երկրի զարգացումը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ՝ մեր երկրում վնասով են աշխատում նաեւ «Արարատ», «Բանանց», «Փյունիկ» եւ ֆուտբոլային գրեթե բոլոր մնացած ակումբները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել