Համոզված
է նախկին խորհրդային սահմանապահ
Գառնիկ Մարգարյանը
«Վերջին 15 տարիների ընթացքում ռուս դիվանագիտական կորպուսը, պետական այրերը Հայաստանի եւ տարածաշրջանի նկատմամբ սխալ քաղաքականություն են վարում»,- երեկ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ ռուսամետ քաղաքական գործիչը վերանայել է իր մոտեցումները։ «Մեր անցյալը, ներկան ու ապագան շատ ստրատեգիական հարցերում կապված են ռուս ժողովրդի հետ։ Ես խոսում եմ ռուս չինովնիկների մասին, ոչ թե ժողովրդի»,- պարզաբանեց Գ. Մարգարյանը։ Ռուս չինովնիկների սխալ քաղաքականությունն, ըստ մեր զրուցակցի, հարավկովկասյան տարածաշրջանում վտանգում է նաեւ ՌԴ-ի շահերը։ Պարոն Մարգարյանին անհասկանալի է այն, երբ ռուսները խոսում եւ տոնում են իրենց անկախության տոնը։ «Ումի՞ց են անկախացել։ Իրենց «դիվանագետների»՝ Ելցին, Գորբաչով, Շեւարդնաձե եւ այլն, պատճառով քայքայվեց իմպերիան, ինչը միայն բացասական հետեւանքներ է բերում։ Այլ բան է, երբ կովկասյան, ասիական կամ մյուս պետություններն են անկախությունից խոսում»,- ասում է Գ. Մարգարյանը։ Նա տարօրինակ է համարում նաեւ ռուսական ստրատեգների հաշվարկները, երբ Կուբայում, Վիետնամում փակում են իրենց ռազմական բազաները։ «Դա նշանակում է, որ ՌԴ-ն համակերպվել է աշխարհի միաբեւեռության եւ ԱՄՆ-ի տիրողական քաղաքականության հետ»,- եզրակացնում է Գ. Մարգարյանն ու հավելում, որ այդ ամենը խարխլում է հայկական պետականության հիմքերը։ Դրա վկայությունն, ըստ մեր զրուցակցի, այն է, որ ՌԴ-ն լրջորեն չմոտեցավ հոկտեմբերի 27-ի դեպքերին։ Այդ երկրի շահագրգռությունը պետք է լիներ այն, որ զոհվածներից շատերը ռուսամետ գործիչներ էին։ Ավելին, հետո ռուսները փորձեր չեն արել անգամ ակտիվացնելու աշխատանքը մեր երկրում եղած այլ ռուսամետ հոսանքների հետ։ Սրան գումարելով տնտեսական գործոնը՝ «բիրտ բուրժուական» հարաբերությունները, իսկ այդ կոնտեքստում, մասնավորապես, «Գույք պարտքի դիմաց» բազմաչարչար ծրագիրը, Գ. Մարգարյանը եզրահանգում է, որ «ՌԴ-ն գնում է Հայաստանի գաղութացման ճանապարհով»։ Արդյունքում, իհարկե, պահպանելով հայ չինովնիկների «երկարակեցությունը»։ «Այդ օբյեկտները բավականին երկար ժամանակ է, որ տրված են ռուսական պետությանը, բայց փորձ չի արվում դրանք վերաբացելու»,- տարակուսում է ռուսամետ գործիչը։ Ահա այստեղ է, որ պարոն Մարգարյանը կոչ է անում ռուս քաղաքական գործիչներին զսպել չինովնիկների անձնական հավակնությունները։ «Դեռ Պյոտր Առաջինի ժամանակներից էին ամեն ինչ անձնական հողի վրա կառուցում, մինչեւ այսօր այդ լրջագույն սխալներից չեն ձերբազատվում։ Նման վտանգավոր զարգացումները կտանեն նրան, որ հազարամյակների ձեռքբերումներն ի չիք կդառնան»,- զգուշացնում է Գ. Մարգարյանը։
Մեր զրուցակցին վիրավորում է նաեւ այն, որ ռուս չինովնիկները Հայաստանը դիտարկում են որպես փոքր տարածք ու փոքր ժողովուրդ միաժամանակ իրենց երկրում լավագույնս օգտագործելով այդ ժողովրդի ինտելեկտուալ պոտենցիալը։ Բայց որ ռուս առողջ գործիչները վաղ թե ուշ իրենց խոսքը կասեն եւ իմպերիան կվերականգնվի, պարոն Մարգարյանը կասկած չունի։
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ