Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ-ՀՈՒՆԱՍՏԱՆ

Հուլիս 03,2004 00:00

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ-ՀՈՒՆԱՍՏԱՆ Ո՞վ կհաղթի այս անգամ կամ՝ հեքիաթը շարունակվում է Ասես, ճակատագրի հեգնանքով ֆուտբոլի Եվրոպայի 12-րդ առաջնության մեկնարկային ու եզրափակիչ հանդիպումներում միմյանց դեմ են ելնում նույն ազգային հավաքականները՝ մրցաշարի կազմակերպիչ Պորտուգալիան եւ առաջնության գլխավոր հայտնություն Հունաստանը: Հունիսի 12-ին խմբային մրցաշարի «A» խմբում ընդգրկված այս երկու թիմերի հակամարտությունը սենսացիոն ավարտ ունեցավ. Գերմանացի մասնագետ Օտտո Ռեհագելի հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց տանտերերին: Դրանից հետո շատերը այդ հաշիվը դասեցին պատահականությունների շարքը, իսկ Սկոլարիի թիմի անցումը հաջորդ փուլ՝ կասկածի տակ առան: Սակայն, ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա զարգացումը, իրականությունը միանգամայն այլ էր: Պորտուգալացիներն աստիճանաբար կարգավորեցին իրենց խաղը՝ հաղթահարելով բոլոր արգելքները, իսկ հույները շարունակեցին ամեն հերթական հանդիպումում փոքրիկ հրաշքներ գործել: Վերջինը կիսաեզրափակիչի հանդիպումն էր չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկի՝ Չեխիայի հավաքականի հետ: Մասնագետների եւ ֆուտբոլասերների ճնշող մեծամասնությունը հավատացած էր, որ չեխերը կանցնեն եզրափակիչ: Հանդիպման ընթացքն էլ, կարծես, դա էր հուշում: Չեխերն ունեին տարածքային առավելություն: Նրանք ավելի շատ ու վտանգավոր էին գրոհում: Առաջին խաղակեսում նրանք առնվազն երկու անգամ շատ մոտ էին դարպասը գրավելուն: Սակայն հույներին երկու անգամ էլ փրկեց դարպասաձողը: 40-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված խաղադաշտը լքեց չեխերի գլխավոր հարվածային ուժը՝ Պավել Նեդվեդը: Բայց, միեւնույն է, նրանք կարող էին հանդիպման հիմնական ժամանակում հաշվի մեջ առաջ անցնել, եթե սեփական տուգանային հրապարակում Կոլլերի դեմ արգելված հնարք կիրառելու համար իտալացի մրցավար Պիեռլուիջի Կոլինան նշանակեր 11 մետրանոց տուգանային հարված: Սակայն մրցավարի սուլիչը լռեց: 90 րոպեներն անցան անարդյունք՝ 0:0: Նշանակվեց 15 րոպե տեւողությամբ լրացուցիչ խաղակես: Այդ ժամանակ հույները կերպարանափոխվեցին ու ամբողջապես տիրեցին նախաձեռնությանը: Եվ երբ մրցավարը եւս մեկ րոպե ավելացրեց, վերջին վայրկյաններին անկյունայինի խաղարկումից հետո պաշտպան Դելլասը խփեց հաղթական, այսպես կոչված, արծաթե գոլը եւ իր թիմին դուրս բերեց վերջին արգելքի մատույցներ: Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Օտտո Ռեհագելը հայտարարեց. «Հեքիաթը շարունակվում է: Չեխիայի հավաքականն ավելի փորձառու է: Սակայն մենք արժանի հաղթանակ տարանք: Մենք կորցնելու ոչինչ չունեինք եւ կարող էինք ռիսկի գնալ: Լրացուցիչ ժամանակում մենք ուժեղացրինք մեր խաղը եւ հաղթանակը պոկեցինք: Այս հաջողության համար մենք աշխատել ենք երեք տարի»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել