Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանչ»-ին ուզում են դուրս մղել

Հուլիս 03,2004 00:00

«Կանչ»-ին ուզում են դուրս մղել Ըստ գլխավոր խմբագրի՝ որոշումն անօրինական է «Վերջին 5 տարիներին «Կանչը» բազմաթիվ փորձությունների է ենթարկվել։ Ընդհանուր առմամբ 2,5 տարի թերթը լույս չի տեսել։ Վերջին ընդհատումը եղել է 2003թ. ապրիլից մինչեւ 2004թ. հունիսն ընկած ժամանակահատվածը։ Պաշտոնական պատճառաբանությունը եղել է հետեւյալը՝ մանկապատանեկան մամուլին տրված պետբյուջեի միջոցների վերաբաշխում։ Փաստորեն, զանազան անհեթեթ պատճառաբանություններով պատանի ընթերցողը զրկված է եղել ոչ միայն իր թերթից, այլեւ՝ իր խոսափողից»,- մեր զրույցի ժամանակ հայտնեց «Կանչ» մանկապատանեկան թերթի գլխավոր խմբագիր Հմայակ Պետրոսյանը։ Այս տարվա հունիսից լույս տեսնող թերթի աշխատակիցներին թվում էր, թե այսքանով փորձությունները պետք է ավարտված լինեին։ Սակայն ընդամենն օրեր առաջ (25.06.04թ.) «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Շ. Սողոմոնյանից խմբագրությունը հետեւյալ գրությունն է ստանում. «ՀՀ կառավարության 2004թ. մարտի 18-ի «ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 26-ի «Տարածքներ տրամադրելու մասին» թ. 1322 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» թիվ 409-Ա որոշման համաձայն (կցվում է), «Կանչ» մանկապատանեկան թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի կողմից նախկինում զբաղեցրած ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության ք. Երեւան, Արշակունյաց 2ա շենքի 11-րդ հարկից 155 քմ մակերեսով տարածքից 62,4 քմ հատկացվել է «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրություն» ՍՊԸ-ին։ Ելնելով վերոգրյալից, առաջարկում եմ 5-օրյա ժամկետում ազատել ձեր խմբագրության կողմից անօրինական զբաղեցրած 62,4 քմ մակերեսով տարածքը»։ Հ. Պետրոսյանի հավաստմամբ, թերթի խմբագրության 4 սենյակների օտարման մասին որոշումն անօրինական է։ Նախ, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրի ժամկետը սահմանված է մինչեւ 01.05.2007թ. եւ երկրորդ՝ համաձայն պայմանագրի՝ «Փոխատուն» պարտավոր է ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, «Փոխառուին» գրավոր տեղեկացնել «Օբյեկտն» ազատելու անհրաժեշտության մասին։ Եվ եթե «Ծիծեռնակ» ամսագրին պետք է տարածք հատկացվի, ապա ինչո՞ւ 23 տարի Մամուլի տան շենքում գործող «Կանչի» տարածքների հաշվին եւ ոչ այն կազմակերպությունների, որոնք ԶԼՄ-ներ չեն ներկայացնում։ ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ Վտարման հարցի կապակցությամբ «Առավոտը» դիմեց Մամուլի շենքի կառավարիչ Կառլեն Հարությունյանին՝ «Տեղյակ պահվե՞լ է «Կանչին»՝ տարածքն ազատելու մասին հարցով»։ Պարոն Հարությունյանն ասաց, որ բազմաթիվ անգամ տեղեկացրել է նրանց. «Գրություն էլ ենք տրամադրել գլխավոր խմբագրին, սակայն վերջինս չի ընդունել»։ Մեր հաջորդ հարցին, որ «Կանչն» ուներ մինչեւ 2007թ. կնքված պայմանագիր կառավարության հետ, որը ուժի մեջ է, Կ. Հարությունյանը նշեց. «Այո, կար կառավարության որոշում Մամուլի շենքի տարածքները անհատույց ԶԼՄ-ներին տրամադրելու մասին, սակայն այս տարվա մարտին «Կանչի» 4 սենյակը կառավարության որոշմամբ տրամադրվել է մեկ այլ մանկապատանեկան հանդեսի։ Ի վերջո, լինելով կառավարության աշխատակից, կատարելու ենք նրանց որոշումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել