Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր «ջհանդամը» վետերաններին

Հուլիս 03,2004 00:00

Մեր «ջհանդամը» վետերաններին Անդրանիկի 74 շենքը կառուցվել է 1982-ին: Ի սկզբանե այն նախատեսված է եղել պատերազմի վետերանների համար, հետո շենքում տեղավորվել են նաեւ աշխատանքի վետերաններ, փախստականներ, անապահով ընտանիքներ: «Անուն է ելել, թե այստեղ միայն ծերեր են ապրում, բայց այսօր շենքի բնակիչներ են դարձել վետերանների երեխաները, թոռները, հարսները, որոնք չունեն ապրելատեղ ու մտադիր են սերնդեսերունդ այստեղ բնակվել»,- մեզ հետ զրույցում ասաց Վետերանների օթեւանի տնօրեն Լիլիթ Աղաջանյանը: Օթեւանն այսօր Միայնակ տարեցների սպասարկման կենտրոնի մի մասն է կազմում, որը ֆինանսավորվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ տարեկան 39-40 մլն դրամով: Լ. Աղաջանյանի կարծիքով՝ միայնակ տարեցների ամենամեծ խնդիրը կապված է նպաստի համակարգի հետ: Նրանցից շատերը ահավոր վիճակում են ապրում, բայց չեն կարողանում օգնություն ստանալ, որովհետեւ նախարարությունը նրանց անապահով չի ճանաչում, Փարոսի գրքույկ չի տալիս: Եվ միայնակ էլ չեն համարվում, որովհետեւ տանը դեռ ԽՍՀՄ ժամանակներից մի շարք մարդիկ են գրանցվել: «Ի վերջո, փաստաթղթերում ինչ ասես, որ չեն գրի, պետք է ստուգել ու անձամբ հետեւել»,- ասաց Լ. Աղաջանյանը: Ըստ տնօրենի՝ օգնություն բաժանելիս մի շարք կարիքավորներ անտեսվում են, նրանց փոխարեն ցուցակում հայտնվում են «կեղծ անապահովները» եւ դատարանով «արհեստականորեն միայնակ հայտարարագրվածները»: Շենքի միայն 14 բնակարաններ զբաղեցնում են փախստականները: Թե՛ տնօրենը, թե՛ բնակիչները բազմիցս դիմել են կառավարությանն առընթեր Միգրացիայի եւ փախստականների վարչության փախստականների հարցերի վարչության պետ Արա Հարությունյանին՝ այս հարցը կարգավորելու խնդրով, բայց ի պատասխան գրավոր դիմումների՝ միշտ ստացել են հեռախոսազանգ՝ «Տուն ունեք, ձեզ համար գնացեք, մնացեք» կարգադրությամբ: Նույնիսկ դիմումից մի քանի օր հետո Ա. Հարությունյանը նոր բնակիչներ է ուղարկել տիկին Աղաջանյանի մոտ՝ «Ջհանդամ, նրանց էլ մի կերպ տեղավորիր» խնդրանքով: «Սա եղավ այն դեպքը, երբ պարսիկները հայերին ասում են՝ գիտե՞ք՝ ինչի եք դուք հիմա այդքան վատ ապրում, իսկ մենք՝ լավ: Ձեզ հետ ինչ լինում է, ասում եք՝ ջհանդամ, մենք էլ էդ ջհանդամներով ենք ապրում»,- պատմում է բնակիչներից մեկը: Այսօր Վետերանների օթեւանում գործում է շուրջօրյա բուժծառայություն, որտեղ հետազոտում են բնակիչներին ու անվճար տրամադրում համապատասխան դեղամիջոցներ: Բնակիչները փաստում են, որ տնօրենի ջանքերով իրենք անվճար օգտվում են հիվանդանոցների վճարովի սարքավորումներից, իսկ միայնակ ու հիվանդ տարեցների բուժումն իրականացվում է տնային պայմաններում: Հետաքրքիր էր Լ. Աղաջանյանի կարծիքը ընտրություններից առաջ իրականացվող օգնությունների մասին. «Ես թույլ չեմ տալիս, որ այդ օրերին տեսախցիկներով մտնեն մեր հաստատություն եւ ի ցույց բոլորի մի կտոր հաց տան ծերերին՝ ստորացնելով նրանց: Մեր ազգը ոչ թե այն խեղճացած մարդն է, որը ձեռք է պարզում բոլորին, այլ այն 100-ամյա կնքվող տատիկն է, որն ուրախությունից պարում է: Նրանց պետք չէ խղճալ, լավ է սովորեն հարգել»: Տնօրենը 2001-ին ՄԱԿ-ի «Պարենի բաշխման ծրագրում» ներգրավել էր հազար հոգու: Այս տարի թեեւ անվճար ալյուր, ոսպ, թառափ ստացողների թիվը երկու անգամ ավելացել է, դժգոհողների թիվը դրանից չի նվազել. «Հիմա էլ բողոքում են ալյուրի որակից, թոշակներից: Ասում են՝ ինչու՞ պետք է պատերազմի վետերանների թոշակն ավելի բարձր լինի, քան մերը: Այդ ցածր թոշակ ստացողները բրոնյայով տանը նստողներն են, իսկ վետերաններն այն բազմավաստակ մարդիկ են, որոնց առաջ միայն պետք է խոնարհվել»,-ասաց Լ. Աղաջանյանը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել