Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍՓՅՈՒՌՔԸ ՉՊԵՏՔ Է ԽԱՌՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հուլիս 03,2004 00:00

«ՍՓՅՈՒՌՔԸ ՉՊԵՏՔ Է ԽԱՌՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ» Ասում է Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեւդա Սեւանը – Երկրորդ անգամ է ՀՀ ԱԺ նախագահը (առաջին այցը եղել է 98-ին, երբ ԱԺ նախագահը Խոսրով Հարությունյանն էր) այցելում Բուլղարիա։ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս այցը երկու երկրների համար։ – Կարծում եմ, երկու երկրների խորհրդարանական շփումները շատ կարեւոր են։ Քանի որ երկու պետությունները արդեն մի քանի տարի է ստեղծում են նոր օրենքներ, հաստատել են նոր Սահմանադրություն, այս պարագայում փոխադարձ շփումները, փորձի փոխանակությունը շատ կարեւոր է ե՛ւ Հայաստանի համար, ե՛ւ Բուլղարիայի։ Կոնկրետ այս այցը ինձ համար շատ հաճելի է, որովհետեւ առաջին անգամ է, որ քույր քաղաքներ պիտի դառնան Գյումրին եւ Պլովդիվը։ Հույս ունեմ, որ սա կլինի ոչ միայն թղթի վրա ստորագրված համաձայնագիր, այլ իսկապես կստեղծվի երկու քաղաքների քաղաքապետերի միջեւ հանձնաժողով, եւ դա կսկսի աշխատել։ Պլովդիվը թեթեւ արդյունաբերության կենտրոններից է, ունի նաեւ որոշ նոր արտադրություններ եւ, ամենակարեւորը՝ ազատ մաքսային զոնա, որը շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ ապրանքաշրջանառության մեջ մեզ համար ճանապարհը ամենակարեւոր խնդիրն է։ Այսինքն՝ Հայաստանից գնացող-եկող բեռները (իսկ մեծ մասը Բուլղարիայի տարածքով են գնում-գալիս), եթե անցնեն Պլովդիվի միջով, մաքսերի ահագին զեղչ կլինի։ Այնպես որ, այս քույրացումը ոչ միայն էմոցիոնալ նշանակություն ունի, այլեւ՝ տնտեսական։ – Դուք անշուշտ ծանոթ եք Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ գիտեք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Այն ինչպե՞ս է ազդում բուլղարահայ համայնքի վրա։ – Չի ազդում, որովհետեւ այստեղ կուսակցությունները ուժեղ ընդգծված չեն եւ չկա կուսակցական ընդդիմություն կամ խմբակցություն։ Այստեղ խաղաղ է եւ բոլորը շատ համերաշխ են։ Սա պատճառներից մեկն է։ Իսկ մյուսն այն է, որ դեսպանատունը ձգտեց՝ համայնքը Հայաստանին ընդունի էմոցիոնալ տեսանկյունից։ Իմ համոզմունքն է, որ Սփյուռքը չպետք է խառնվի Հայաստանի ներքին գործերին։ Միգուցե ես կարողացա դա փոխանցել համայնքին, բայց համայնքը ինքն էլ խաղաղ, հանգիստ համայնք է։ Այս համայնքի համար մի պատառ մայրենի լեզուն, մի երգը այնքան կարեւոր է, այնպես է խոսում մարդկանց սրտերի հետ, որ ուրիշ բան հարկավոր չէ։ – Անցած 5-6 տարում, ձեր կարծիքով, ինչ-որ բան փոխվե՞լ է Հայաստանում։ – Իհարկե՝ փոխվել է։ Ես որպես նախկին սփյուռքահայ եւ դեսպան, ընդունել եմ այն սկզբունքը, որ պիտի չխառնվեմ։ Եթե ես ապրեմ Հայաստանում, քաղաքական կյանքին կմասնակցեմ շատ ակտիվ, բայց այս դիրքից ես այդ իրավունքը չունեմ։ Այնուամենայնիվ, ասեմ, որ Երեւանը, իհարկե, շքեղացել է, բայց տներից շատերը դատարկվել են, գյուղերը նույնպես դատարկվել են, ժողովրդի մի մասը ահավոր աղքատացել է, ժողովրդի մի շատ փոքրիկ մասը սարսափելի տգեղ ձեւով հարստացել է։ Բայց երբ դրսի ֆոնի վրա ես տեսնում քո պետությունը, պետք է ասեմ, որ Հայաստանը բարձրանում է։ Իհարկե, երբ ապրում ենք այնտեղ՝ ուրիշ է, մեկ ամիս մնացի եւ տեսա թանկությունը եւ այլն, ահավոր է, դժվար է։ Բայց մյուս կողմից ես հիշում եմ խավարի օրերը, հիշում եմ ձորի շուկաները, երբ մոմ էին ծախում։ Ու համեմատում եմ Բուլղարիայի հետ, որը ոչ խավար է ունեցել, ոչ պատերազմ, ոչ այլ շատ բաներ եւ բաց է աշխարհի առաջ, նույն Բուլղարիայում էլ փողոցներում աղքատներ կան։ Դուք էլ կհամոզվեք, երբ փողոցներում ման գաք՝ բանակներով մուրացկաններ են, իսկ աղբամաններում՝ որոնողները։ Դա Հայաստանում էլ կա, բայց եթե Հայաստանում 10 հոգի է աղբամանից սնվում, այստեղ 100 հոգի են։ – Բուլղարիայում կա՞ն մեծահարուստներ, որոնք ցանկություն ունեն օգնել Հայաստանին։ – Այդպիսի մեծահարուստ տեղացի հայեր չկան։ Կան մեկ-երկու տղաներ, Հայաստանից կամ Մոսկվայից եկած, որոնք օգնում են դեսպանատանը արդեն մեկ տարի՝ այս այցերի հետ կապված։ Հետո տեսնում են, որ մեր բյուջեն չի փոխվում։ Ամեն ինչ թանկանում է, ինչպես եւ Հայաստանում, բայց աշխատավարձերը մնում են նույնը եւ ուղղակի դեսպանատունը չի կարող գոյատեւել, եթե այդ 2-3 հոգին չօգնեն մեզ։ Ճիշտ է, մեծ գումարներ չեն եւ այդքան մեծահարուստ չեն։ Եթե հնարավորություն լիներ, ես վստահ եմ, նրանք այնպիսի մարդիկ են, որ անպայման մեզ համար շենք էլ կապահովեն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Սոֆիա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել