Նոր դաշտ՝ ընդդիմության համար Երեկ կայացավ հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ինչպես խորհրդի առաջիկա գործունեության պլանի, այնպես էլ խորհրդին կից հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի ստեղծման հարցը: Հաստատվել է 2004 թ. աշխատանքային գործունեության ծրագիրը: Նիստում ձեւավորվել է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը, որը կղեկավարի ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը: Հանձնաժողովում ընդգրկվել են կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբում (GRECO) ՀՀ պատվիրակության ղեկավար Աշոտ Գալոյանը, ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Արմեն Խուդավերդյանը, տարածաշրջանային զարգացման կենտրոն Թրենսփերենսի ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղի նախագահը: Խորհրդի որոշմամբ հանձնաժողովում ընդգրկվել է նաեւ 7 անդամ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների եւ խմբերի կողմից առաջարկվելիք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից, որոնք փոփոխվում են տարեկան մեկ անգամ ռոտացիոն կարգով՝ խորհրդի որոշմամբ: «Այսպիսով, կարող եմ ասել, որ այս մոնիտորինգի հանձնաժողովով դաշտ է ստեղծվում նաեւ ընդդիմության գործունեության համար,- մեզ հետ զրույցում ասաց մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանը:- Ինչպես գիտեք, կոալիցիան մի քանի անգամ առաջարկել է ընդդիմությանը ընդգրկվել հակակոռուպցիոն պայքարում, եւ մոնիտորինգի հանձնաժողովը կարող է դառնալ այն տեղը, որտեղ, ցանկության դեպքում, ընդդիմությունը կարող է ներկայացնել իր տեսակետները»: Մոնիտորինգի հանձնաժողովի լիազորություններից 1-ինը, ըստ պրն Եսայանի, կառավարության հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի եւ գերատեսչական հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման նկատմամբ մոնիտորինգն է: 2-րդը՝ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, 3-րդը՝ միջազգային պարտավորություններից եւ միջազգային կազմակերպությունների հանձնարարականներից, առաջարկներից բխող միջոցառումների իրականացման նկատմամբ մոնիտորինգը եւ 4-րդ՝ կարեւոր լիազորությունը ընդունվող օրենքների եւ նորմատիվ, իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննության իրականացումն է: «Հստակեցվեց, որ մոնիտորինգի հանձնաժողովը չպետք է սահմանափակվի իր անդամների կազմով, այլ իրավունք ունի ստեղծել աշխատանքային, մասնագիտացված խմբեր, աշխատանքներում ներգրավել փորձագետների»: Բ. Եսայանը հավաստիացնում է, թե իբրեւ հիմնական սկզբունք, որդեգրվել է, որ հանձնաժողովի աշխատանքները պետք է լինեն ծայրաստիճան բաց եւ թափանցիկ: Բոլոր աշխատանքներին կմասնակցեն ԶԼՄ-ները: Դրանց ներկայացուցիչները նիստերին կարող են մասնակցել որպես դիտորդ՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ