Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուժկովյան խաղեր

Հուլիս 03,2004 00:00

Լուժկովյան խաղեր «Յուրի Լուժկովի՝ Աբխազիայում եւ Աջարիայում ունեցած ողջ սեփականությունը կոնֆիսկացվելու է, նրա տնտեսական շահերն ամբողջությամբ չեզոքացվելու են». ահա այսպիսի կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այն բանից հետո, երբ Մոսկվայի կառավարությունը Լուժկովի հրահանգով որոշում կայացրեց ձեռք բերել Աբխազիայում գտնվող հանգստյան տներից մեկը: Ավելի վաղ այդ գործարքի շուրջ նախնական պայմանավորվածություն էր կայացել Մոսկվայի քաղաքապետի եւ Աբխազիայի վարչապետ Խադջիմբայի միջեւ՝ վերջինիս Մոսկվա կատարած այցի ժամանակ: Այն, որ Յուրի Լուժկովը ԱՊՀ-ի թերեւս ամենակոռումպացված պաշտոնյան է, ոչ մեկի համար նորություն չէ: Լուժկովի ծավալած տնտեսական գործունեության մասին լեգենդներ են պատմում, որոնք, սակայն, իրականում լեգենդներ չեն, այլ պարզ ճշմարտություն: Պատահական չէ, որ հենց Լուժկովի տիկինը դարձավ Ռուսաստանի առաջին լեգալ կին միլիարդատերը: Սակայն մի բան է, երբ Լուժկովը, օգտվելով իր պաշտոնի ընձեռած ահռելի վարչական հնարավորություններից, բիզնես է անում իր երկրում, եւ բոլորովին այլ բան, երբ նա «մոսկվացիների հանգստյան համար» թանկարժեք պանսիոնատ է գնում հարեւան երկրի տարածքում՝ բացարձակապես ուշադրություն չդարձնելով այդ երկրի ղեկավարության վերաբերմունքին: Այստեղ, իհարկե, միայն կոռուպցիայի խնդիր չէ, եւ փաստն ինքնին զգալի չափով քաղաքականացված է: Մեզ՝ հայաստանցիներիս համար գուցե տարօրինակ է Սահակաշվիլու զայրույթը. ինչպե՞ս կարելի է ընդվզել հենց իր՝ Լուժկովի եւ առհասարակ՝ Ռուսաստանի դեմ: Հայաստանում սովոր են տեսնել, թե ինչպես են երկրի քիչ թե շատ շահութաբեր օբյեկտները մեկը մյուսի ետեւից անցնում Ռուսաստանի տնօրինությանը: Ավելին, այդ գործարքներն այստեղ վերածվում են յուրօրինակ տոնի, շեփորվում են լրատվամիջոցներով, հանրությանը մատուցվում իբրեւ աննախադեպ հաջող ձեռնարկումներ ու դեռ մի բան էլ ռուսներին ազատում են զանազան հարկային պարտավորություններից՝ ի վնաս մեր պետբյուջեի: Մեր պարագան, իհարկե, ուրիշ է. այստեղ ամեն ինչ արվում է մեր իշխանիկների հավանությամբ եւ համաձայնությամբ (դեռ կարող են չհամաձայնվե՞լ): Մինչդեռ Սահակաշվիլին հստակ հասկացնել տվեց, որ չի պատրաստվում աչք փակել Մոսկվայի քաղաքապետի ձեռնածության վրա, ընդ որում՝ այդ մասին հայտարարում է ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Մոսկվայում տված ասուլիսներում: Վերջին շրջանում Մոսկվան եւ Թբիլիսին միմյանց հաճախ են փոխադարձ հարգանքի եւ գործակցության պատրաստակամության ժեստեր անում, սակայն դա չի խանգարում, որ Հարավային Օսիայի խնդիրն օրավուր ավելի շիկանա: Ակնհայտ է, որ Գագրայում հանգստյան տուն գնելու Լուժկովի ձեռնարկը, տնտեսական լինելուց բացի, նաեւ Թբիլիսիին ուղղված հստակ քաղաքական ազդանշան է պարունակում: Այսինքն՝ մեղմիր կրքերդ, Միխայիլ, մենք ենք դրության տերը: Սակայն ակնհայտ է նաեւ, որ Սահակաշվիլուն դա չի վախեցնում: Թեկուզեւ այն պատճառով, որ նա միջազգային իրավունքի ոչ վատ մասնագետ է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել