ԽԵՂԴՎՈՂԸ ՁԵՌՔԸ ԳՑՈՒՄ Է ՓՐՓՈՒՐԻՆ Արդեն ասվել է, որ Ռոբերտ Քոչարյանը խեղաթյուրել էր իրականությունը՝ ԵԽԽՎ նստաշրջանում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հեղինակային իրավունքը՝ երբեք ընդդիմություն չեղած Սերգո Երիցյանից բարդելով ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի ուսերին: – Ռոբերտ Քոչարյանը նաեւ առաջարկեց Հայաստանում ԶԼՄ-ների դիտարկում անցկացնել՝ պարզելու, թե որքանով են գործող հեռուստաընկերություններն ընդդիմության համար հասանելի՝ պնդելով. «Եթե հասանելի են, ապա «Ա1+»-ի հարցը պետք է հանվի բոլոր բանաձեւերից»: Այս առաջարկը կարո՞ղ է ընդունելի լինել: – Նախ՝ եթերն ազատ չէ: Ձեւական հնարավորություն է ընձեռվում, որ ընդդիմությունը մեկ-մեկ երեւա մասնավոր ալիքներով եւ ոչ՝ Հանրային հեռուստաընկերությամբ: Եվ նման պատճառաբանությունն ուղղակի տարօրինակ է, քանի որ «Ա1+»-ը ո՛չ ընդդիմության համար է, ո՛չ էլ իշխանության, այլ, ինչպես եւ ընդհանրապես՝ ազատ մամուլը, հասարակության համար: Ուստի այդ առաջարկն ընդամենը հերթական ձեւն էր հարցի էությունը մի կողմ թողած՝ փորձելու չլուծել այն խնդիրը, որը միեւնույն է՝ ենթակա է լուծման: – Թեեւ հայտարարել էիք, որ հարցեր չեք տալու Ռոբերտ Քոչարյանին, սակայն նրա ելույթից մեկ օր անց, երբ քննարկվում էր Իտալիայում էլեկտրոնային ԶԼՄ-ների մենաշնորհացման խնդիրը, առարկեցիք Քոչարյանի պնդումներին, թե՝ Հայաստանում չկան խոսքի ազատության առումով խնդիրներ: ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը սա անվանեց «արտառոց երեւույթ»՝ զուգահեռ տանելով, թե Իտալիայում էլ ամեն ինչ կարգին չէ, բայց այդ քննարկման ժամանակ ելույթ ունեցած 8 իտալացին էլ պաշտպանեցին իրենց երկիրը: – Արտառոցն այլ իրողություն է, որ Հայաստանի պատվիրակությունից որեւէ հարցի շուրջ, որպես կանոն, չեն լինում ելույթներ: Նրանք խոսում են միայն այն դեպքում, եթե դա անմիջականորեն առնչվում է Հայաստանին: Իսկ իմ ելույթը նախատեսված էր վաղուց. ես դեռ Երեւանում էի, երբ հերթագրվել էի այդ հարցի շուրջ խոսելու համար: Ինչ վերաբերում է իտալացիների դիրքորոշմանը, ապա պրն Թորոսյանը թեեւ դահլիճում էր, բայց երեւի չի լսել, որ իրականում Իտալիայի պատվիրակությունից հնչեցին տարբեր ելույթներ: Կար նաեւ ընդդիմադրի ելույթ, որը ողջունում էր այդ բանաձեւը, ինչն ուղղված էր Իտալիայում էլեկտրոնային լրատվամիջոցների մենաշնորհի վերացման դեմ: – Ինչպե՞ս եք բացատրում, որ Ռոբերտ Քոչարյանին հարցեր ուղղվեցին գերազանցապես Ղարաբաղի վերաբերյալ: ԵԽ ԽՎ պատվիրակներին չե՞ն հետաքրքրում, ասենք, Հայաստանում մարդու իրավունքների պահպանմանն առնչվող հարցերը: – Վեհաժողովում գիտեն, որ միեւնույն է՝ անդրադառնալու են ընդունված բանաձեւերին առնչվող հարցերին: Իսկ Ղարաբաղի հարցն իրոք բոլորին շատ է հուզում: Սակայն եթե ուսումնասիրենք հարցերի համար պատգամավորների հերթագրման ժամանակացույցը, կպարզենք, որ շատ շուտ են սկսել հերթագրվել: Առաջինը դեռեւս հունիսի 3-ին (հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ հունիսի 23-ին.- Ա. Ի.) հերթագրվել է Յեժի Յասկերնիան, երկրորդը Ռոշբլուանը՝ հունիսի 4-ին: Սովորաբար, ոչ ոք նախօրոք չի հերթագրվում, եւ ձայն են խնդրում հենց վեհաժողովի ժամանակ: Ցուցակն այնքան մեծ էր, որ շատ պատգամավորների համար անիմաստ էր անգամ գրանցվելը: Այսինքն՝ առաջին հարց տվողներն, իմ տպավորությամբ, ինչ-որ չափով կանխորոշված արդեն զբաղեցրել էին այդ տեղերը, որպեսզի չհնչեն այլ բնույթի հարցեր: – Հեռանկար է ուրվագծվում, որ, եթե որեւէ արտառոց զարգացում չլինի մինչեւ հոկտեմբեր, մեր երկրի վերաբերյալ զեկույցը կհետաձգվի մինչեւ 2005-ի հունվար: Ինչպե՞ս եք վերաբերվում հնարավոր հետաձգմանը: – Իրականում դա չի բացառվում, քանի որ ապրիլյան բանաձեւում նշվում էր, որ եթե որոշ ուղղություններով չլինի առաջընթաց, այդ դեպքում կանդրադառնան հոկտեմբերին: Այնուամենայնիվ, նախապես ծրագրված է, թե պետք է հոկտեմբերին քննարկվի 1361 եւ 1374 բանաձեւերով նախատեսված պարտավորությունների կատարումը: Չեմ կարծում, որ եթե այս զեկույցը 3 ամիս հետաձգվի՝ դրանով կլուծվի որեւէ էական հարց: Սա նման է նրան, որ մարդ խեղդվի եւ վերջին պահին ցանկանա ինչ-որ բանից բռնվելով՝ երկարացնել իր կյանքը: Շատ սկզբունքային ու հիմնարար հարց է արծարծվում, որը խորամանկություններով հետաձգելով հնարավոր չի լինի շեղել՝ տալու այն հարցի պատասխանը, թե վերջիվերջո Հայաստանը համապատասխանո՞ւմ է Եվրոպայի խորհրդի չափանիշներին, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ չի՛ համապատասխանում, եւ պետք է այդ ուղղությամբ արվեն լուրջ քայլեր: Է, թող 3 ամիս էլ ձգեն՝ դրանից ի՞նչ պիտի փոխվի: – Հայտարարվեց, թե ԵԽ Վենետիկի հանձնաժողովը հրաժարվել է եզրակացություն տալ Ձեր ուղարկած սահմանադրական բարեփոխումների, «Հանրաքվեի մասին» ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխությունների եւ «Ընտրական օրենսգրքի» նախագծերի վերաբերյալ, քանի որ դրանք ԱԺ-ն չէր ուղարկել: Փորձելո՞ւ եք դրանք նորից ուղարկել, բայց արդեն պաշտոնական խողովակներով: – Մենք ե՛ւ Սահմանադրության, ե՛ւ «Ընտրական օրենսգրքի» նախագծերը պաշտոնական շրջանառության մեջ էինք դրել դեռ նախորդ ԱԺ-ում: Բայց ցավոք՝ Վենետիկի հանձնաժողովի կանոնակարգը պահանջում է, որ նախագծերը ներկայացվեն իշխանական խողովակով: Եվ ուղարկելիս էլ գիտեի այդ կարգը, բայց խնդիրն այլ էր: Քանի որ անընդհատ փորձեր էին արվում շահարկել, թե ընդդիմությանը ո՛չ Սահմանադրությունն է հետաքրքրում, ո՛չ «Ընտրական օրենսգիրքը», տվյալ պարագայում Եվրոպայի խորհրդի համար ակնհայտ է, որ ընդդիմությունն ունի ամբողջական ե՛ւ Սահմանադրություն, ե՛ւ «Ընտրական օրենսգիրք», իսկ նրանք, ում վրա դրված է բարեփոխումների պարտավորությունը, առայսօր չունեն ո՛չ մեկի, ո՛չ մյուսի փոփոխությունների նախագիծը: Այդքանից հետո էլ Ռոբերտ Քոչարյանը փորձում էր Ստրասբուրգում ընդդիմության վրա գցել մեղքը, որ իրենք նույնիսկ ժամկետներն են խախտել՝ հայտարարելով, թե քանի որ ընդդիմությունն իրենց հետ չի աշխատում՝ ուշացրել են: Ստացվում է, որ առանց ընդդիմության իրենք չեն կարող անգամ նախագծե՞ր գրել: Դե, հեռացե՛ք իշխանությունից: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ