Վերջերս ՀՀ թատերական գործիչների միության եւ Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ կայացավ համաժողով, որն անցավ մեկ ընդհանուր խորագրի տակ՝ «Թատրոնն այսօր»։
Օրակարգը, իհարկե, ուներ բազում ենթահարցեր, որոնցից ուզում եմ ընդգծել հատկապես մեկը՝ արդյո՞ք թատրոնը (ինչպես եւ ընդհանրապես մշակույթը) պետք է ունենա պետական հովանավորություն, թե՞ ոչ։
Պատկերավոր էր Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սոս Սարգսյանի բնութագրումը. «Թատրոնն այսօր խաղից դուրս է»։ Վարպետի խոսքն առերեւույթ հնչեց իբրեւ կշտամբանք այն իրողությանը, որ թատրոնները ոչ մի մասնակցություն չունեն հասարակական-քաղաքական եւ, ինչու չէ՝ համազգային գործընթացներին, ուստի եւ չեն դառնում այն տրիբունը, որը նրանց իսկ առաքելությունն է։
Իհարկե, կարելի է նաեւ այսպես հասկանալ. թատրոնի գործոնն այսօր պարզապես չի խաղացվում։ Այլ կերպ ասած՝ գործուն խաղաթուղթ չէ։ Իսկ ո՞ւմ ձեռքին։ Հասկանալի է՝ պետության։ Այստեղից էլ՝ նվազ ֆինանսավորում, ցածր աշխատավարձեր, չնչին վարկանիշ եւ այլն, եւ այլն։ Ուրեմն, ինչպե՞ս վարվենք։
Բազմիցս ծեծված մի ասացվածք կա. «Երեխան պետք է լաց լինի, որ մայրը կերակրի»։ Ցավոք, այսօր սա շատ են մտաբերում։ Իմ մեղավոր կարծիքով, հասարակության մի մեծ զանգվածի համար այն դարձել է նույնիսկ ապրելակերպ։ Ի վերջո, մեր պայմաններում դա էլ է հասկանալի։ Բայց չմոռանանք, որ մայրը կուրծք է տալիս միայն իր հարազատ զավակին (բացառությունները դնենք մի կողմ)։ Հետեւաբար, եկեք նախ պարզենք, թե ո՞վ է այսօր մեր թատրոններին մայրական կաթ տվողը։
Պետական համակարգում արվեստի եւ առավելապես թատերարվեստի համար գոյանպաստ միջավայր կարող է ծառայել միայն գաղափարական ոլորտը, ինչպես դա մեզ հայտնի է խորհրդային ժամանակներից։ Բայց չէ որ գիտենք, թե ինչո՞ւ էր այն ժամանակ այդպես։ Այդ միակենտրոն կուսակցական շահերին ծառայող գաղափարական ոլորտի հուշը դեռեւս թեւածում է ոմանց մտքերում՝ իբրեւ վերապրուկ։ Մինչդեռ պետական այդ կառույցի մեխանիզմն արդեն ոչ միայն չի կարող վերականգնվել, այլեւ գոյություն չունի անգամ որպես ջարդոն։ Այլ հարց է, որ բուրժուական հասարակարգի մեխանիզմն էլ մեզանում դեռ մինչեւ վերջ կառուցված չէ։ Բայց եթե նույնիսկ կառուցված էլ լիներ, արվեստը, ինչպես եւ թատերարվեստը, նրա հարազատ զավակները չեն։ Նրանք տեղ չունեն այս նորակառույց պետականության շահերի շրջանակներում, քանի որ բազմակուսակցության եւ ժողովրդավարության հաստատումով գաղափարական ոլորտն այլեւս նրա ձեռքում չէ եւ չի էլ կարող լինել։ Այս համատեքստում թատրոնն իրապես «խաղից դուրս» վիճակում է։ Նա պարզապես տեղափոխվել է նոր խաղադաշտ, որտեղ խաղում են միանգամայն նոր կանոններով։
Ուրեմն ի՞նչ, թատրոնները պետք է մնան անտե՞ր։ Խուճապի չմատնվենք։ Թեեւ տագնապն էլ հասկանալի է։ Մեզ (նկատի ունեմ թատրոնի եւ ընդհանրապես արվեստի մարդկանց) բնազդորեն վախեցնում է շուկայական հարաբերությունների համատարած գերակայությունը։ Ու թեեւ այսօր էլ մեկ տասնյակից ավելի «պետական» հորջորջվող թատրոններ ունենք, այդուհանդերձ քաջ գիտակցում ենք, որ իր բուն նշանակությանը այդ բառն ավելի շուտ սիմվոլիկ է համապատասխանում։ Եվ դեռ հարց է. ավելի շատ օգո՞ւտ է բերում, թե՞ վնաս։
Թե ինչպես կծավալվի պետական թատրոնների հետագա ճակատագիրը՝ կյանքը ցույց կտա։ Այսօր մեզ մտահոգում է ընդհանրապես ժամանակակից հայ թատրոնի ճակատագիրը։ Ուստի մտածենք ոչ այն մասին, թե ում «նվագի տակ» խաղանք, այլ ում համար ենք խաղում եւ ինչպես ենք խաղում։ Եվ ամենակարեւորը՝ ինչ դաշտում ենք խաղում։
ԳՐԻԳՈՐ ՕՐԴՈՅԱՆ