Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ

Հուլիս 03,2004 00:00

Կալկաթայի
Մարդասիրական ճեմարանը հիմնվել է 1821թ. ջուղայեցի մեծահարուստ Աստվածատուր
Մուրադխանյանի կտակով: Հետագայում ճեմարանին են միացվել Կալկաթայի Դավիթյան
օրիորդաց եւ Գալուցյան դպրոցները:
1990-ականներին հնդկահայ գաղութի հայաթափման արդյունքում ճեմարանում աշակերտների թիվը հասել է 5-ի: Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն առաջարկել է ուսանողներ տանել Հայաստանից եւ կանխել ճեմարանի փակումը: Համայնքի՝ ճեմարանի պահպանմամբ շահագրգիռ անդամները եկել են այն եզրակացության, որ լավագույն լուծումը կրթական հաստատությունը Մայր աթոռին հանձնելն է եւ դիմել են դատարան: 1999 թ. Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ տեղի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոսությանը, եւ դրանով կանխվել է ճեմարանի գոյությանը սպառնացող վտանգը: Նույն որոշմամբ կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործունեությունն իր ցանկացած ձեւով վարելու իրավունքը:

1999թ. նոյեմբերին եկեղեցու նախաձեռնությամբ Հայաստանից 34 երեխա մեկնել է Կալկաթա ուսանելու: «Մենք գնացինք, էնտեղ միայն 3 աղջիկ կային: Իրենք սովորում էին բարձր դասարանում: Մենք էլ նստեցինք 0 դասարան ու էդ ամբողջ տարին միայն անգլերեն սովորեցինք,- պատմում է Անի Հայրապետյանը:- Մեզ տվել են հայոց լեզվի, գրականության եւ հայոց պատմության դասագրքեր, դասացուցակում էլ այդ առարկաներն ունենք, բայց նորմալ դաս չենք անում: Ինքներս ինչ սովորեցինք՝ սովորեցինք, ոչ մեկը դաս չի բացատրում կամ հարցնում»: Ճեմարանում հայագիտական առարկաներից բացի անցնում են ռուսերեն, հնդկերեն եւ մնացած բոլոր առարկաները՝ պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, սովորում են անգլերենով:

«Աշակերտները 3 տարին մեկ պիտի վերադառնան Հայաստան՝ իրենց ամառային արձակուրդն անցկացնելու», -հարցազրույցի ժամանակ նշեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: Արդեն 6 տարի է՝ Հայաստանից երեխաներ են գնում սովորելու, բայց այս տարի առաջին անգամ է, որ 60 երեխա եկել է հայրենիքում ամառային արձակուրդն անցկացնելու: «1999թ. հայր Միքայելն ասաց, որ 2 տարին մեկ գալու են, բայց 5 ու կես տարի հետո նոր բերեցին: 3 տարի է՝ պայքարի մեջ եմ: Մի քանի անգամ Վեհափառին, նախագահի աշխատակազմին եմ դիմել: Երկար դժվարություններից, ձգձգելուց հետո նոր բերեցին մեր երեխաներին»,- դժգոհում է Անի Հայրապետյանի մայրը՝ Դոնարա Մկրտչյանը: «Մենք պայքարեցինք՝ որ մեր երեխեքին բերեցին, թե չէ չէին բերի: Սկզբում որ ես ասացի պայմանագիր կնքենք, թե չէ կարող է դուք տանում եք ու իմ երեխուն ծախում եք, հայր Ներսեհն ասաց, որ ես վիրավորում եմ եկեղեցուն, եւ եթե Առաքելական եկեղեցուն հավատում եմ, պիտի հավատամ հոգեւորականի խոսքին: Բայց մեզ խաբեցին, եթե ծնողներով չբողոքեինք, մեր երեխեքին չէին ուղարկի»,- ավելացրեց Վարդուհի Հակոբյանը՝ Հարություն Հակոբյանի մայրը:

Սոնյա Ջոնը սաների սարսափն է

Աշակերտների համար ճեմարանի տնօրեն Սոնյա Ջոնը խստության մարմնացում է: «Նրա մոտ պիտի ուղիղ, ձիգ, շատ ձիգ կանգնես, թե չէ կպատժվես»,- ասում է Հարությունը:

«Մեզ Հայաստան ուղարկելուց առաջ հարցեր տվեցին: Մի տղա ասաց, որ ինքն էլ հետ չի գնալու, Սոնյա Ջոնը սկսեց գոռգոռալ, թե մենք Հայաստանի փողոցներից հավաքած երեխեք ենք, էլ գնում ենք ի՞նչ անենք»,- ավելացնում է Նարեկը: Նրանց օրագրերի առաջին էջում գրված է օրվա ռեժիմը:

«Ամեն ինչ ժամով ա էնտեղ, էս ժամին՝ հաց, էս ժամին՝ դաս, եթե անգամ խաղի ժամին ուզես դասապատրաստում անել, չի կարելի, կպատժեն: Պատժում են այսպես. նստած մնում ես անկողնուդ վրա, մինչեւ ասեն՝ իջիր: Կարող է 5 ժամ նստես: Կամ 100 անգամ տետրիդ մեջ անգլերեն գրում ես՝ «ներողություն, էլ նման բան չեմ անի»: Մի անգամ էլ մի աղջկա ծեծեցին, որովհետեւ պատուհանից հնդիկ տղայի հետ էր խոսել:

Առաջին օրը որ մտանք ճեմարան, պատերին փուչիկներ էին կպցրել: Մտանք, մեզ հաշվեցին ու դուռը փակեցին: Միշտ էդ փակելն եմ հիշում ու միշտ մտածում էի, թե ինչո՞ւ չփախա էդ ժամանակ: Անընդհատ մտածել եմ փախչելու մասին, մի քանի անգամ փորձել եմ, բայց հնարավոր չէր»,- հիշում է Անին:

«Որ գիտես միշտ էնտեղ ես, լավ չի: Անընդհատ ներսում ես, մենակ կիրակի օրերը եկեղեցի ենք գնում, էն էլ շարքով գնում ենք, շարքով գալիս, պիտի ձիգ կանգնած լինես շարքում, թե չէ՝ կպատժվես»,- ասում է Հարությունը:

Երկուսուկես ամիս չարչարվելուց հետո մենք Կաթողիկոսարանից կարողացանք ստանալ մեր մի քանի հարցերի պատասխանները: Դրանց կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում: Միայն նշենք, որ եկեղեցին մինչեւ հունիս ամիսը չուներ ճեմարանում սովորող երեխաների անուն-ազգանունները, նրանց տվյալները:

Մենք ներկայացրինք երեխաների պատմություններից ընդամենը մի փոքրիկ հատված եւ սպասում ենք, թե ինչ արդարացումներ են ներկայացնելու մեր հոգեւոր առաջնորդները Կալկաթայի ճեմարանում տիրող վիճակի մասին:

ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ամբողջությամբ՝ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել