Լրահոս
Օրվա լրահոսը

Հին տարբերակ՝ նոր սոուսով

Հուլիս 03,2004 00:00

Այսպես են Ադրբեջանում գնահատում ԼՂ կարգավորումը կիպրական տարբերակով լուծելու հնարավորությունը

Ադրբեջանական «Զերկալոն» երեկ անդրադարձել է օրերս Ստամբուլում տեղի ունեցած վեհաժողովի օրերին Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը՝ արձանագրելով, թե ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Ստամբուլից Երեւան վերադառնալով եւեթ հերքել է բանակցություններին մասնակցած ադրբեջանցի եւ թուրք իր գործընկերների հայտարարությունները, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին Անկարայի՝ իբրեւ կարգավորման միջնորդի, հնարավոր մասնակցության, նաեւ ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում կիպրական տարբերակի կիրառման հնարավորությունը:

«Տպավորություն կա, թե Վ. Օսկանյանը պարզապես դժգոհ է եղել այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկատվության վաղաժամ արտահոսից»,- գրում է թերթը՝ պարզաբանելով, թե հայ հասարակությանը վաղաժամ է համարվել այդ մասին տեղեկացնելը, առավել եւս՝ քանի դեռ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, փակված է սահմանը:

Իրականությունը, սակայն, ինչպես ադրբեջանական մամուլն է մատուցում, այն է, որ այդ հանդիպման ձեռք բերված պայմանավորվածություններն ավելի քան ռեալ են, եւ այդ է վկայում նաեւ այն, որ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հաջորդ եռակողմ հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով նախատեսվում է անցկացնել արդեն օգոստոսին:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությունը կիպրական օրինակով կարգավորելուն, ապա «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական իր աղբյուրները, տեղեկացնում է, թե հիշյալ հանդիպման ժամանակ հայկական կողմին առաջարկվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր բանաձեւ, որը նման է կիպրական հարցի կարգավորման տարբերակին:

Ադրբեջանում այդ տարբերակի «պլյուսներն ու մինուսները սկսել են արդեն քննարկել»:

Պարզվում է այս տարբերակն ադրբեջանցիների սրտովը չէ: «Նախ՝ անցնել խնդրի կարգավորման կիպրական մոդելին նշանակում է հրաժարվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակից, որովհետեւ կիպրական տարբերակի բազային սկզբունքը փաթեթային է: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս է շեշտել, որ հակամարտությունը պետք է լուծվի հատկապես փուլային տարբերակով. նախ՝ տարածքների ազատագրում, հետո միայն ԼՂ կարգավիճակի ճշտում: Ադրբեջանը չի կարող համաձայնել այդպիսի մոտեցման հետ»,- գրում է թերթը՝ հավելելով, թե կիպրական տարբերակը նույն «ընդհանուր պետության» առաջարկն է, բայց՝ այլ սոուսով:

Պատր. Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել