Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ԿՐԱԿ ՀԱՆԳՑՆԵԼ, ԱՅԼ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ

Հուլիս 03,2004 00:00

Այդպես
է իր առաքելությունը պատկերացնում ԿԳ նախարար Սերգո Երիցյանը
ԿԳ նախարար Սերգո Երիցյանը երեկ չուզեց խոսել իր անվան շուրջ տարածված լուրերի մասին՝ մասնավորապես շեշտելով, թե դրանք չափազանցված են. «Ես այժմ զբաղված եմ իմ ամենօրյա աշխատանքով՝ կրթական համակարգի բարեփոխումներով»: Սերգո Երիցյանն այս հարցում խիստ կարեւորում է «Բուհական եւ ետբուհական կրթության մասին» օրինագծի հարցը եւ հուսով է, որ խորհրդարանը աշնանային նստաշրջանում, սեպտեմբեր ամսին կընդունի այն:

«Շատերին թվում է, թե կրթության բնագավառին առնչվող օրենսդրությունը Սերգո Երիցյանինն է, «Օրինաց երկրինը» կամ էլ ուրիշ որեւէ մեկինը: Մենք պետք է չմոռանանք, որ կրթական բարեփոխումները, ի տարբերություն կյանքի շատ այլ ոլորտների բարեփոխումների, վերաբերում են ամբողջ երկրին ու ժողովրդին: Ուզում եմ առիթն օգտագործել եւ պարզապես նշել, որ եթե խորհրդարանում գտնվելով եւ գրանցված լինելով կարելի է չմասնակցել շատ կարեւոր նշանակություն ունեցող օրենքին կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելով, ապա դա պարզապես անհասկանալի է: Անհասկանալի է, որ դիրքորոշումը հետեւյալն է. չքվեարկել, որ օրենքը չընդունվի»,- վերլուծելով օրեր առաջ «Բարձրագույն եւ ետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագծի հերթական տապալումը՝ ԱԺ վերջին եռօրյայի ժամանակ ասում է կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը: Մինչեւ տարեվերջ Հայաստանը պետք է նախնական զեկույց ներկայացնի Բոլոնիայի գործընթացի հետ կապված, այդ թվում՝ օրենսդրական հիմքերի մասին: Սակայն վերոհիշյալ օրենքի չընդունումը բավականին նուրբ իրավիճակի առաջ կարող է կանգնեցնել մեր երկրին: Ըստ Սերգո Երիցյանի՝ եթե օրենքը ընդունված լիներ, «մենք շատ բաց ճակատով կարող էինք զեկուցել, որ գործընթացները շարունակվում են»: Հիմա հերթական անգամ երկիրը պետք է աշխատի անիվների վրա: Այսինքն՝ կփորձենք այս օրենքը սեպտեմբերին կրկին ներկայացնել: Հուսամ, որ օրենքը կընդունվի, եւ մենք կկարողանանք ասել, որ կրթական բարեփոխումները, որ կատարվում են մեր երկրում՝ անշրջելի են»: Իսկ այդ օրենքը ոչ ավելի եւ նաեւ ոչ պակաս՝ սահմանում էր մրցակցային կրթության սկզբունքները, գիտելիքների գնահատման համակարգը՝ հիմնականը համարելով գիտելիքը եւ սոցիալական գործոնը, այս երկուսի զուգակցումը, որը, անկասկած, կնպաստի կրթության մատչելիության սկզբունքի կիրառմանը: Այս նույն օրենքում տրվում են ուսանողական նպաստի գաղափարը եւ դրա կիրառման հնարավորությունները: Եվ ոչ միայն այս ամենը, այլ նաեւ նոր գաղափարներ:

Ըստ Սերգո Երիցյանի՝ Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրներից շատերը ընդհանուր են ԱՊՀ երկրների համար նույնպես: Եթե խոսվում է այն մասին, որ մեդալակիրների քննությունների ժամանակ որոշակի չարաշահումներ են եղել, ապա դա միայն հայաստանյան իրավիճակ չէ, եւ նման բաներ լինում են նաեւ այլ երկրներում. «Ես չեմ ասում, թե թերացումներ չկային, բայց չարաշահումներ, երեւի թե՝ ոչ: Բայց այդ թերացումները ավելի շատ չէին, քան անցած-գնացած տարիներին: Դրանք այնքան էին, ինչքան կարող էին լինել, որովհետեւ մինչեւ այժմ օրենսդրական կամ այլ առումներով այդ դաշտը կարգավորված չէ: Մենք այսօր չունենք հանրակրթության բնագավառը կարգավորող օրենսդրություն: Դրանից բացի, դպրոցները, չդիմանալով տարբեր ճնշումների, ներկայացնում են նաեւ ոչ անհրաժեշտ մակարդակի գիտելիք ունեցող շրջանավարտների: Անցած տարի ես առաջինն էի, որ խոսում էի մեդալի վերացման անհրաժեշտության մասին: Բայց տարբեր պատճառներով այդ քայլը չկատարվեց: Այսօր էլ ես ասում եմ՝ մեդալը պետք է վերացվի, չդառնա ընդունելության քննությունների ժամանակ արտոնության հնարավորություն: Մեդալը կարող է լինել ուսումնառության բարոյական գնահատականը, ուրիշ ոչինչ: Այս օրերին մեկ այլ հարցական էլ է առաջ գալիս: Գուցե դեռ վաղ է մտածել, որ Հայաստանում հնարավոր է անցկացնել անթերի քննություններ: Բայց որ դրա ձգտումը պետք է ունենանք՝ միանշանակ այդպես է: Իսկ դրա համար մենք պետք է հստակ եւ թափանցիկ, բոլորին հասկանալի, բայց եւ միաժամանակ բազմաթիվ պաշտպանիչ շերտեր ունեցող մեխանիզմներ ստեղծենք, որը թույլ տա շրջանավարտին դրսեւորել իր գիտելիքները: Աշխարհում ստեղծված է այդ մեխանիզմը՝ գիտելիքների թեստավորման եւ գնահատման նոր համակարգը, որը մենք եւս սկսած 2006 թվականից՝ ներդնելու ենք: Նախարարը երեւի ամենաշատ հետաքրքրված մարդն է քննությունների օբյեկտիվ անցկացման համար: Բայց մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ բազմաթիվ այլ գործոններ են աշխատում, որոնց առաջ նախարարը, որպես կանոն, աշխատում է չընկրկել: Եվ վերջին հաշվով ստացվում է, որ եթե որեւէ թերություն կա, ուրեմն ոչ ավելի ոչ պակաս՝ մեղավորը նախարարն է: Եվ այստեղ ոչ թե նախարարի անձի խնդիրն է, այլ համակարգի եւ այլ անհրաժեշտ մեխանիզմների: Այսինքն՝ պետք է համակարգի զարգացումները բերենք այն տեսքին, որ բացառվեն նման երեւույթները: Վաղուց այս ամենի մասին մոռացել են այն երկրները, որտեղ հստակ եւ գործուն մեխանիզմներ են ստեղծված: Եվ որպես նախարար, ավելի շատ պետք է զբաղված լինեմ այդ մեխանիզմները ստեղծելով, դրանք գործի դնելով, քան թե կրակ հանգցնելով: Մի տեղ՝ մեդալի կրակ, մի ուրիշ տեղ՝ ընդունելության քննությունների կրակ, կամ՝ բուհերից դուրս մնացողների կրակ եւ այլն»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել