Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտանիքում դիմորդ ունենք

Հուլիս 02,2004 00:00

Ընտանիքում դիմորդ ունենք Աստված չանի՝ ընտանիքում դիմորդ ունենաք։ Մենք ունենք՝ փոքր քույրս։ Ասեմ՝ բոլորովին նախանձելի չէ։ Դպրոցական տասը տարիների ընթացքում սովորելու մեծ ձգտումով եւ գերազանց գնահատականներով աչքի չի ընկել, բայց բուհ ընդունվելու է։ Դա իր որոշումը չէ, այլ ընտանիքի մեծերի՝ չնայած ինքն էլ դեմ չէ։ Երբ ողջ ընտանիքով վերջապես համոզվեցինք եւ մեր դիմորդին էլ համոզեցինք, որ իր երազած բժշկական համալսարանը մեր, ավելի ճիշտ՝ իր «խելքի բանը չէ», սկսեցինք քննարկել մյուս տարբերակները։ Պարզվեց՝ ընտրությունն առանձնապես մեծ չէ՝ չնայած պետական եւ մասնավոր բուհերի թվացյալ բազմազանությանը։ Մասնավոր բուհի տարբերակը, գոնե այս փուլում, միանգամից մերժվեց. պետականն ավելի վստահելի է եւ, եթե բախտներս բերի, նաեւ՝ անվճար։ Մասնագիտության ընտրության քննարկումներին ամենաքիչը ուշադրության արժանացան մեր դիմորդի նախասիրություններն ու ընդունակությունները։ Առավել կարեւորվեցին այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ մասնագիտության հեղինակությունը (ընդ որում՝ որքան այն փոքր լինի, ընդունվելու հավանականությունն ավելի մեծ է), հետագայում աշխատանք ունենալու վստահությունը եւ այլն։ Ինչեւիցե՝ այս հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Ավելի հեշտ, գրեթե ինքնաբերաբար կատարվեց այն առարկաների ընտրությունը, որոնք պետք է կրկնուսույցների մոտ պարապել։ Ճիշտն ասած, որոշումը մենք չկայացրինք, այլ դպրոցի այն մանկավարժները, որոնց կարծիքով մեր քույրը հենց իրենց առարկայի իմացությամբ է փայլում, եւ մի քիչ նրան օգնելը չի խանգարի։ Ու քանի որ հակադրվելու լուրջ փաստարկներ ո՛չ մենք, ո՛չ էլ մեր դիմորդը չունեինք եւ բուհի դասախոսների առավել թանկարժեք ծառայությունից (ուսուցչինն արժե դասընթացը՝ 300-400 կամ ամիսը՝ 30-40 դոլար, իսկ դասախոսինը՝ 500-ից բարձր) օգտվելու հնարավորությամբ էլ չէինք կարող պարծենալ՝ համաձայնվեցինք։ Որոշ տարաձայնություններ եղան աշխարհագրության ընտրության հարցում. անհանգստացնողը առարկայի բարդությունը կամ ուսուցչի մասնագիտական որակները չէին, այլ այդ առարկայի քննությանն ու ընդունող հանձնաժողովին առնչվող ոչ բարենպաստ խոսակցությունները։ Սակայն իսկական դժոխքը սկսվեց այստեղ, երբ մեր դիմորդը կրկնուսույցների աջակցությամբ ձեռնամուխ եղավ ընտրված երեք առարկաների յուրացմանը։ Մինչ այդ, դասերին օրական մեկ-երկու ժամ հազիվ հատկացնող մեր ուսումնատենչ դպրոցականն այժմ գլուխը դասագրքերից ու տետրերից գոնե մեկ րոպե բարձրացնելու իրավունք չունի։ Էլ չենք խոսում այնպիսի պարզ հաճույքներից զրկվելու մասին, ինչպիսիք են՝ հեռուստացույց դիտելը, գեղարվեստական գիրք կարդալը, ընկեր-ընկերուհիների հետ հեռախոսով զրուցելը (անգամ այդ թեմայով), ծնունդ կամ հավաքույթ գնալը, զբոսնելը (ճիշտ է, ընտանեկան մանր-մունր պարտականություններից էլ է ազատվում)։ Ընդ որում՝ ընտանիքի բոլոր անդամներն էլ ասելիք ու հիշեցնելիք ունեն. այդ ուղին արդեն հաջողությամբ անցած զավակներն իրենց չտեսնված աշխատասիրության, ընտանեկան սուղ բյուջեից այդ սուրբ նպատակի համար մեծ զրկանքներով առանձնացվող միջոցների գնահատման, իսկ այդ միջոցներն աշխատողները, բացի այդ, թերեւս, ամենակարեւոր փաստարկից ձախողվելու դեպքում հարեւանների եւ բարեկամների մոտ ամոթով մնալու եւ շատ ուրիշ նման կարեւոր բաների մասին։ Քիչ ասելիք ու հիշեցնելիք չունեն նաեւ դպրոցի ուսուցիչները. բոլոր առարկաների ուսուցիչների հետ լավ հարաբերությունների պահպանումը շատ կարեւոր է. բոլոր առարկաներից ավարտական գնահատականներ, ընդ որում՝ ոչ վատ (Աստված գիտի քննությունների նախաշեմին դրանց առնչվող ի՞նչ որոշում կկայացնեն) ունենալը պարտադիր է, դասերին մասնակցելը՝ նույնպես, բայց մեր դիմորդի հնարավորություններն ու ժամանակն են սահմանափակ։ Սակայն տասներորդցիների «հովհարային հաճախումներին» դպրոցներն արդեն սովորել են, նույնիսկ իրենց հասցվող վնասի «փոխհատուցման» ձեւերն ու չափերն են որոշել։ Մի խոսքով, մինչեւ քննությունների ավարտը բազում մեծ ու փոքր խոչընդոտներ պիտի հաղթահարենք ողջ ընտանիքով։ Ու շատը դեռ առջեւում է. անհանգստություն, տագնապ, բողոք ու դժգոհություն անորոշությունից, տեղեկատվության բացակայությունից (մինչեւ այսօր մասնագիտությունների եւ առարկաների նոր անվանացանկը չի հրապարակվել), իրար հակասող կամ միայն քննության նախօրեին ընդունվող որոշումներից եւ այլն։ Չի բացառվում անգամ կրթական համակարգի գլխավոր պատասխանատուների փոփոխություն, ինչը չի կարող չազդել մեր անկապ, անծրագիր, անօրենք կրթական համակարգի վրա։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Առավոտ», 11.11.97

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել