ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆՑ Երբ ժողովրդավարության հիմքում ընկած է հայեցակարգային եւ հոգեւոր դատարկությունը, գործընթացը կրող քաղաքական ուժերը դառնում են ինքնանպատակ, կամաց-կամաց՝ հակոտնյաներ: Մնացածը հետեւանքներ են: Իշխանական հետեւանքներ Կայունություն: Կայունություն, որի երաշխավորը ոչ թե հասարակական հարաբերությունների կառուցվածքն է, այլ հզոր նախագահը՝ նույնպես կայունություն է: Եթե առաջին դեպքում այն ինքնակառավարվող է եւ նույնիսկ ամենահզոր անհատներից կախված չէ, ապա հզոր նախագահով պայմանավորված կայունությունը հավասարազոր է նույն նախագահի օրվա տրամադրությանը: Որչափ է այդ «կայունությունը» կայուն, տեսանելի է ամեն օր: Տնտեսական աճ: Աճող թվերը, որոնցով տարեցտարի հարստանում է վիճակագրությունը, հավանաբար տնտեսական աճ են: Այլ հարց, թե որքան են կապված աճը եւ զարգացումը: Հայաստանը կարծես թե չի ինտեգրվում գիտական տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսական ենթակառույցներին, չկան նաեւ վենչուրային ֆոնդեր՝ ինովացիոն լոկալ ծրագրեր ֆինանսավորելու համար: Կարելի է տարեկան 40 հազարի փոխարեն 80 հազար աշխատատեղ բացել, որտեղ 100 դոլար աշխատավարձով կարտադրվի տոմատի մածուկ, օղի, գարեջուր, կոնֆետ, ծխախոտ: Ողջունելի է, որ իշխանությունների տնտեսական քաղաքականության շնորհիվ թերսնված մարդկանց թիվը կնվազի: Ո՞րն է զարգացումը: Արտաքին քաղաքականություն: Որ իշխանությունները ցանկանում են Եվրախորհրդում մնալ եւ այդ նպատակով խոչընդոտներ են հաղթահարում՝ կասկած չկա: Կարելի է նույնիսկ չնկատել, որ խոչընդոտների աղբյուրը նույն իշխանությունն է: Բայց ինչո՞ւ դառնալ Եվրախորհրդի անդամ՝ հեռանկարում չունենալով Եվրամիությունը եւ ինչո՞ւ ձգտել Եվրամիություն, երբ չես պատրաստվում ՆԱՏՕ-ին ինտեգրվել: Գուցե քայլից առաջ պետք էր արժեւորե՞լ, ըմբռնե՞լ, որ այս կառույցները, բոլոր հակասություններով հանդերձ, օրգանական միասնություն եւ լրացումներ են՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, հոգեւոր, փիլիսոփայական: Բայց ինչպե՞ս կարելի էր այս գործընթացներում պետության եւ ժողովրդի ճակատագիր իմաստավորել, երբ միտքդ եւ հոգիդ կքված են ներքին «ճակատագրական» ընտրություններով՝ հանուն կայունության եւ տնտեսական աճի: Ընդդիմության հետեւանքներ Պայքար ժողովրդավարության համար: Միգուցե 15 ընդդիմադիր կուսակցությունների՝ Քոչարյանի դեմ պայքարի վերջնարդյունքը կնպաստի քաղաքական համակարգի կայացմանը եւ քաղաքական հարաբերությունների ժողովրդավարացմանը: Բայց Քոչարյանի հեռացումով Հայաստանում ժողովրդավարությունը պայմանավորելը նման չէ՞ այն տրամաբանությանը, ովքեր Քոչարյանի մնալով են պայմանավորում կայունությունը: Նույնիսկ հանուն սուրբ գործի, ինչպիսին Քոչարյանին հեռացնելը եւ իշխանության գալն է ընդդիմության համար, չարժե հասարակությանը քարոզել ժողովրդավարություն, երբ վերջինս ընկած չէ ընդդիմադիր որեւէ կուսակցության էության եւ կառուցվածքի մեջ: Այսօր ոչ ոք ընդդիմությանը չի հարցնում՝ ինչո՞ւ ժողովրդավարական սկզբունքները նրանք չեն կիրառում սեփական կուսակցությունների մեջ (եթե չեն կարողանում, ինչպե՞ս կարող են երկրում դա անել, եթե չեն ուզում, ինչո՞ւ պետք է ցանկանան պետության պարագայում): Չեն հարցնում նրանք, ովքեր գիտեն հարցի արժեքը եւ նրանք, ովքեր հեռու են քաղաքականությունից: Զգում են բոլորը: Ինչպես Քոչարյանն է երկրում տեր, համատեղությամբ է ժողովրդավար, այնպես էլ ընդդիմադիր առաջնորդներն են իրենց կուսակցություններում տեր՝ ընդհանուր առմամբ քարոզելով ժողովրդավարություն: Միայն թե նման քարոզարշավի պարագայում մեր ընդդիմադիրները կպարտվեն նույնիսկ Տիգրան Կարապետիչին, քանզի վերջինս իր պոտենցիալ էլեկտորատի նկատմամբ անկեղծ չէ միայն մեկ հարցում՝ իր նպատակների, ժողովրդավարական մարտիկի ծամծմված իմիջը փոխարինելով գյուղական ֆոլկլորի նրբին գիտակի կոմիքսային կերպարով: ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ