ՎԿԱՆԵՐՆ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԵՆ Երեկ «Երեւան» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի փաստաբանների միության անդամ Անահիտ Եսայանը։ Վերջինս հանրությանը հայտնի է նրանով, որ եղել է «Վահան Հովհաննիսյան +30» գործով Վահան Հովհաննիսյանի, ինչպես նաեւ ԼՂ ներքին գործերի նախկին նախարար Կարեն Բաբայանի պաշտպանը։ Փաստաբանը ներկայացրեց Արման Բադալյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, մասնավորապես իր պաշտպանյալների՝ Արմեն Բուլղադարյանի, Մնացական Իսկանդարյանի, Մարատ Հարությունյանի, Ռազմիկ Սմբատյանի մասով։ Նրանք հունիսի 15-ին, ժամը 17-ին հրավիրվել են Էրեբունու ոստիկանություն՝ որպես վկա հարցաքննվելու նպատակով։ Հարազատները, կարծելով, թե իրենց որդիները ձերբակալված են, հունիսի 17-ին դիմել են փաստաբանին՝ տղաներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով։ Նույն օրը փաստաբանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության քննիչ Բատիկյանին, որպեսզի իրեն ներգրավեն որպես պաշտպան։ Քննիչը մերժել է, պատճառաբանելով, որ վերոհիշյալ 4 անձինք հարցաքննվում են իբրեւ վկա։ Սակայն փաստաբանին չեն կարողացել պատճառաբանել, թե այս դեպքում ինչո՞ւ են երիտասարդները հարցաքննությանը նախորդող օրերին պահվում ոստիկանության Էրեբունու բաժնում։ Հունիսի 18-ին հատուկ կարեւորության գործերով քննիչ, գլխավոր դատախազության քննչական խմբի ղեկավար Ա. Երեմյանը հեռախոսով փաստաբանին հայտնում է, որ նրանք վկաներ են, հետեւաբար փաստաբանի կարիք չունեն։ Փաստաբանի այն հարցին, թե ինչո՞ւ են նրանք ապօրինի գտնվում անազատության մեջ, քննիչը «հատկապես կարեւոր» պատասխան է տալիս՝ ինքը տեղեկություն չունի։ Հետաքրքիր է, որ ոստիկանության Էրեբունու բաժինը փաստաբանին տեղեկացնում է, որ վերոնշյալ անձինք ոչ ձերբակալված են, եւ ոչ էլ՝ կալանավորված։ Փաստաբանին այդ օրերին չի արտոնվում որեւէ տեսակցություն նրանց հետ, հետեւաբար, փաստաբանի գործունեությանը անօրինական կերպով խանգարում են։ Ա. Եսայանի կարծիքով, իր պաշտպանյալներին անազատության մեջ պահելը կարող է լինել մեկ պատճառով. «Իրենց ցանկալի ցուցմունքներ ձեռք բերելու համար»։ Փաստաբանը գրավոր, պատվիրված նամակով դիմում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն երեկվա դրությամբ, որեւէ պատասխան նա չէր ստացել։ Այնինչ, սկանդալը դեռ առջեւում էր։ Հունիսի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնի օպեր-լիազորների կողմից ոստիկանության բաժնի պետին են ներկայացվել կեղծ զեկուցագրեր, թե իբր Արմենը, Ռազմիկը, Մնացականը, ժամը 11.30-ին համայնքի տարբեր վայրերում՝ Տիտոգրադյան, Ռոստովյան փողոցներում, «Այրարատ» կինոթատրոնի մոտ, իսկ Մարատ Հարությունյանը ժամը 11-ին Սասունցի Դավիթ եւ Դիմիտրով փողոցների խաչմերուկում «վերացական բնույթի հայհոյանքներ են տվել» եւ չեն կատարել ոստիկանության աշխատակիցների «օրինական պահանջը»։ Ուշադրություն դարձրեք այս հանգամանքի վրա։ Խոսքը անազատության մեջ գտնվողների մասին է, որոնք կամ հարցաքննվում են այդ նույն ժամանակահատվածում, կամ դատախազությունից տարվում ժամանակավոր պահման մեկուսարան։ Այս ֆառսը շարունակվում է հունիսի 19-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Արթուր Գաբրիելյանի մոտ։ Նրա վճռով այդ քառյակը ենթարկվում է 10-օրյա վարչական կալանքի։ Քանի որ նշված չորս անձինք չեն տեսակցել իրենց փաստաբանի հետ, չեն ստացել իրավաբանական օգնություն, մեզ համար անհայտ է, թե դատավորը վարչական կալանքի որոշում կայացնելու ժամանակ տեսե՞լ է նրանց։ Որովհետեւ գլխավոր դատախազության քննիչներն էլ այդ պահին քննել են նրանց՝ «իբրեւ վկա»։ Լավ, ընդունենք, որ նրանց 10 օր էլ են տվել։ Որտե՞ղ են հիմա նրանք։ Փաստաբանը հայտնեց, որ նշված անձինք գտնվում են ոստիկանության Էրեբունու բաժնում՝ առեւանգվածի կարգավիճակով։ Ավելին, Ռազմիկը հունիսի 18-ին պիտի բանակ մեկներ՝ չի մեկնել։ Երեկ տեղեկացանք նաեւ, որ վարչական կալանքի որոշումը փաստաբանը գանգատարկել է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանին։ Տեղեկացանք նաեւ, որ չորս վկաների հարազատները կարողացել են սննդամթերք, հագուստ հասցնել իրենց որդիներին։ Ինչո՞ւ են նրանք դեռեւս չճշտված կարգավիճակով՝ «Առավոտի» հարցին Ա. Եսայանը պատասխանեց. «Հավանաբար նրանք խոշտանգվել են եւ ամեն ձեւով խոչընդոտներ են ստեղծվում ինձ չարտոնելու գործի վարույթ»։ «Ո՞րն է գինը, ինչո՞ւ կարող էր նման բան տեղի ունենալ։ Ինչպե՞ս ստացվեց, որ նույն թաղի երեք բնակիչներ (Անդրֆեդերացիայի բնակիչներ են, երկուսը՝ նույն շենքից) կարողացան վերացական հայհոյանքներ տալ նույն պահին, տարբեր վայրերում, զանցանք կատարել»,- հարցնում է փաստաբան Ա. Եսայանը։ «Առավոտի» տեղեկություններով, սույն քրեական գործով տուժած Աշոտ Վասիլյանի (գլխին հրազենային վնասվածք էր ստացել Դավիթ Սեդրակյանի զենքով) վիճակը բարվոք է։ Իսկ թե ինչու է գլխավոր դատախազության քննչական խումբը զբաղվում այս գործով՝ մեզ համար նույնպես անհասկանալի է։ Նկատենք պարզապես, որ անցյալ տարի Էրեբունու խճուղում տեղի ունեցած երեք սպանությունների (ՊՆ բուժվարչության պետ Գարիկ Հարությունյանի եւ երկուսի) գործը դոփեց Էրեբունու դատախազությունում, մինչդեռ այս գործը, որը բարեբախտաբար չի ավարտվել մահվան ելքով, հանգրվանել է գլխավոր դատախազության «գլխավոր վարույթում»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ