Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՀԵՐՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀՈՍՔԸ ԴԵՌԵՎՍ ԱԿՏԻՎ ՉԷ

Հուլիս 02,2004 00:00

Դիմորդների փաստաթղթերի ընդունմանը մնացել է 13 օր

Երեկ կեսօրի դրությամբ Երեւանի պետական համալսարանում սովորելու ցանկություն էր հայտնել մոտ 300 դիմորդ, որից մեկը մեդալակիր է եւ, ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսանդր Գրիգորյանի տեղեկացմամբ, բուհ կընդունվի հարցազրույցով: Մայր բուհում դիմորդների թիվը գրեթե նախորդ տարվա չափ է: Այս տարի ԵՊՀ-ի ընդհանուր տեղերի քանակը 2057 է, որից 671-ը պետպատվերով տեղերին է հատկացված, 1126-ը տարկետման իրավունքով՝ վճարովիին, իսկ 260 տեղ էլ առաց տարկետման իրավունքի (ԱՏ): Ըստ Ա. Գրիգորյանի, բանակից զորացրվածներին կհատկացվի պետպատվերի տեղերի 10 տոկոսը եւ մրցույթը կլինի միմյանց միջեւ:

Երեւանի տնտեսագիտական ինստիտուտում երեկ դիմորդների թիվը 80 էր: ԵՏԻ-ում ռեյտինգային առումով առաջին տեղում է ֆինանսներ եւ վարկ բաժինը: Երեկվա դրությամբ՝ բուհը մեդալակիր դիմորդ չուներ: Ինստիտուտն այս տարի ունի 272 տեղ պետպատվերի համար, 506-ը՝ վճարովիի եւ 77 տեղ՝ ԱՏ-ի: Զինծառայությունն ավարտածների համար պետպատվերից հատկացված է 27 տեղ:

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ամեն տարվա նման հեղինակավորը տարրական կրթության եւ դեֆեկտոլոգիայի ֆակուլտետն է: Համալսարանը երեկ կեսօրին ուներ 240 դիմորդ, որոնց թվում մեդալակիր չկար եւ ինչպես նշեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու Սպարտակ Փալիկյանը, մեդալակիրները մանկավարժական ինստիտուտ «մեծ դժկամությամբ են դիմում»: Ըստ պատասխանատուի, նախորդ տարվա նման դիմորդների հետաքրքրությունը մեծ է բուհի արվեստի ֆակուլտետների նկատմամբ: Բուհն այս տարի ունի 1129 տեղ, որից 278՝ պետպատվերով, 514-ը՝ վճարովի, 337-ը՝ առանց տարկետման իրավունքի: 29 տեղ էլ հատկացված է բանակից եկածներին:

Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում առայժմ մեդալակիր դիմորդ չկա: Դիմորդները շատ են անգլերեն լեզվի բաժնում: Այս տարվա համար ինստիտուտը նախատեսել է 170 պետպատվերով տեղ, 235՝ վճարովի եւ 205՝ ԱՏ-ի համար: Պետպատվերից հատկացված 18 տեղը բանակից զորացրվածներինն է:

Մ. Հերացու անվան բժշկական համալսարան երեկվա դրությանբ դիմել էր 54 մարդ: Այստեղ հեղինակավոր են մնում բուժական գործ եւ ատամնաբուժական ֆակուլտետները: Այս բուհն էլ առայժմ մեդալակիր դիմորդ չունի: Բժշկականի ընդհանուր տեղերի քանակը 429 է, որից 121-ը՝ վճարովի, 35-ը՝ ԱՏ-ի եւ 110-ը՝ պետպատվեր: Պատասխանատու քարտուղար Արմեն Համբարձումյանից տեղեկացանք, ու բուհը բանակից եկածների համար պետպատվերից նախատեսել է 15 տեղ:

Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել