ՀԱՐԱԶԱՏ ՊԱՏԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Պորտուգալիայի ազգային հավաքականը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով
հաղթելով Հոլանդիայի թիմին՝ պատմության մեջ առաջին անգամ հասավ ֆուտբոլի
Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Դժվար էր ենթադրել, որ պորտուգալացիները
առաջնության հենց մեկնարկային հանդիպումում հույների հետ դժգույն խաղ ցուցադրելուց
հետո, որում պարտվեցին 1:2 հաշվով, ի վիճակի կլինեն հասնել նման հաջողության:
Չմոռանանք որ Պորտուգալիան որպես կազմակերպիչ երկիր չի մասնակցել նաեւ ընտրական
մրցաշարին: Սակայն բրազիլացի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիի կոլեկտիվը խաղից
խաղ բարձրացնելով մակարդակը՝ հասավ իր հայրենակիցների երազանքների նախավերջին
աստիճանին: Եվ եթե Պորտուգալիան նվաճի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սկոլարին
կդառնա միակ մարզիչը, որը կարողացել է իրար հետեւից երկու տարբեր հավաքականների
դարձնել աշխարհի (Բրազիլիա) ու Եվրոպայի չեմպիոն:
Հոլանդացիների հետ հանդիպման 26-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն անկյունայինի խաղարկումից հետո պորտուգալացիների խաղային եւ տարածքային առավելությունը վերածեց նյութականի: Ընդմիջումից հետո Մանիշեն տուգանային հարվածով բացառիկ գեղեցկության գոլի հեղինակ դարձավ՝ կրկնապատկելով հաշիվը: Եվս հինգ րոպե անց դաշտի տերերը խփեցին նաեւ երրորդ գոլը, բայց
սեփական դարպասը: Մրցակցի վտանգավոր գրոհին դիմակայելիս սխալվեց Անդրադեն: Դրանից հետո հոլանդացիների համար հիմնական ժամանակում պարտությունից խուսափելու եւ գլխավոր իրադարձությունները լրացուցիչ ժամանակ տեղափոխելու հեռանկարներ բացվեցին: Սակայն բոլոր ջանքերն ապարդյուն անցան, ու նրանք նույնպես վերածվեցին հանդիսականի:
Երեկ ուշ երեկոյան կայացավ կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպումը, որում եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում էին Հունաստանն ու Չեխիան:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ