Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏԱՐԲԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Հուլիս 01,2004 00:00

ՏԱՐԲԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ Ֆուտբոլի Եվրոպայի այս առաջնությունը շատ հետաքրքիր ընթացք ունեցավ Ամենեւին էլ չնսեմացնելով կիսաեզրափակիչ փուլ մտած հավաքականների հնարավորությունները, նշենք, որ առաջնության շեմին քչերի մտքով կանցներ, որ խմբային մրցաշարի արգելքը չեն հաղթահարի Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, իսկ Ֆրանսիան եւ Անգլիան պայքարից դուրս կմնան քառորդ եզրափակիչից: Եվրոպայի այս առաջնությունը շատերի համար, հատկապես՝ մարզիչների, աստեղային թռիչքի առիթ դարձավ. նրանց վարկն ու հեղինակությունն արդեն իսկ շեշտակի բարձրացել է: Օրինակ, Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, գերմանացի Օտտո Ռեհագելին Հունաստանի հասարակական կարգի նախարար Գեորգիոս Վուլգարակիսն առաջարկել է երկրի քաղաքացիություն ընդունել: Խոսում են նաեւ, որ Ռեհագելի համերկրացիները կցանկանային նրան հանձնել Գերմանիայի ազգային հավաքականի ղեկը: Սակայն Պորտուգալիայի ֆուտբոլային խաղադաշտերում տեղի ունեցած իրադարձությունները հանրահռչակ մարզիչներից ոմանց համար ճակատագրական հետեւանքներ ունեցան: Մասնավորապես, անհաջողությունից անմիջապես հետո հրաժարական են ներկայացրել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ինյակի Սաեսը, Գերմանիայի ընտրանու մարզիչ Ռուդի Ֆյոլլերը, Ջովաննի Տրապատոնին (Իտալիա), Ժակ Սանտինին (Ֆրանսիա): Միայն անգլիացիների մարզիչ Էրիկսոնն է, որ մտադիր է շարունակել գլխավորել հավաքականը՝ իր այդ որոշումը մեկնաբանելով, որ իրենք միասին բավականին աշխատանք են կատարել, որ առջեւում 2006 թվականի աշխարհի առաջնությունն է եւ ինքը մտադիր է Գերմանիայում պայքարել ու նվաճել հողագնդի ամենաուժեղ ազգային հավաքականի տիտղոսը: Հրաժարական տված մարզիչներից շատերի հետագա ճակատագիրը դեռ անհայտ է: Մի մասն էլ արդեն իր համար համապատասխան աշխատանք է գտել: Հայտնի է, որ Ժակ Սանտինին գլխավորելու է Անգլիայի «Տոտենհեմը»: Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ Ինյակի Սաեսին ամենայն հավանականությամբ կփոխարինի «Մալյորկայի» մարզիչ Լուիս Արագոնեսը, իսկ Ֆրանսիայի ընտրանու թափուր տեղին հավակնում են անցյալում ճանաչված ֆուտբոլիստներ Ժան Տիգանան եւ Լորան Բլանը: Իսկ ահա պայքարը շարունակող հավաքականների մարզիչները սաներին նախապատրաստում են պատասխանատու հանդիպումներին, ճիշտ է՝ յուրաքանչյուրը յուրովի: Օրինակ, պորտուգալացիների գլխավոր մարզիչ, բրազիլացի Լուիս Ֆելիպե Սկոլարին այս փուլում գերադասում է ամբողջ թիմի հետ մարզվել ընդհատակում, երկրպագուների եւ լրագրողների աչքից հեռու: Ռեհագելի կարծիքով, հետագա հաջողությունների գրավականը ֆուտբոլիստներին սուրճ եւ գարեջուր չտալն է: Թե ասպարեզում մնացած հավաքականներից ու՞մ բախտ կվիճակվի մտնել եզրափակիչ, իսկ այնուհետեւ ձգտել նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը, կիմանանք այսօր եւ վաղը՝ Պորտուգալիա-Հոլանդիա, Հունաստան- Չեխիա հանդիպումներից հետո: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել