Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեղին» «Առավոտի» խոսքը գորշ «խելոքներին»

Հուլիս 01,2004 00:00

«Դեղին» «Առավոտի» խոսքը գորշ «խելոքներին» Հայ քաղաքական մտքի որոշ կարկառուն դեմքեր, ընթերցասեր պաշտոնյաներ, աշխարհաքաղաքական խմորումներն իրենց մեջ կրող լրագրողներ աշխուժորեն զբաղված են նաեւ մամուլի գունաբաժանման գործով։ Մասնավորապես որոշել են, որ «Առավոտը» դեղին է։ Գույները միմյանցից չզանազանելն ամոթ չէ, դա եւս հիվանդություն է եւ աշխարհի տակ եղած բոլոր հիվանդությունների նման կարեկցանք է հարուցում։ Մամուլի գույները չտարբերելը այդ հիվանդությանն առնչվում է, բնականաբար, փոխաբերական իմաստով։ Մեր կարեկցանքը, սակայն, դրանից իր բնույթը չի փոխում։ Բառիս բուն իմաստով ենք կարեկցում բոլոր նրանց, ովքեր Հայաստանի մամուլում տեսնում են լավագույն դեպքում երկու գույն, որոնցից միայն մեկի անունը գիտեն՝ դեղին։ Մյուսը չգիտեն։ Մյուս գույնը մնացած թերթերինն է։ Դեղինն, ըստ իրենց, «Առավոտինն» է։ Հավանաբար հարկ կա սույն մարդկանց համար պարզաբանել, թե ինչ ասել է «դեղին մամուլ»։ … Անցյալ դարավերջին Նյու Յորքի թերթերից մեկում ի հայտ եկավ դեղին վերնաշապիկով երեխայի մի կերպար։ Նկարիչ Ռիչարդ Օուտկոլտի ծաղրանկարների այս հերոսի սրամիտ եւ ծիծաղելի արտահայտությունները հաջողություն բերեցին թերթին։ Ամերիկյան մեկ այլ թերթ, նախանձելով գործընկերներին, շտապեց «դեղին երեխայի» կերպարը գողանալ։ Թերթերի վեճի առիթով ոմն Էրվին Ուրդմեն գրեց մի հոդված եւ վիճող թերթերին անվանեց «Դեղին մամուլ»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ են հասկանում որեւէ թերթի «դեղին» անվանող վերոհիշյալ մեր գործընկերները, չբավարարված քաղգործիչներն ու պաշտոնյաները։ Որքան հիշում եմ՝ «Առավոտը» ոչ մի այլ թերթից որեւէ կերպար չի գողացել, որեւէ սրամիտ եւ դեղին կերպար չի հորինել։ Որեւէ թերթի չի մեղադրել եւ մեր գործընկերների հետ պահպանել է բարեկամական, եթե չասենք՝ ջերմ փոխհարաբերություններ։ Ի՞նչն է, ուրեմն, դեղին երեւացել վերջիններիս աչքին։ Գուցե հենց մեր առաջին էջի կառուցվա՞ծքը, որ հաջողությամբ ու գրեթե նույնությամբ փոխ առան մեր որոշ գործընկերներ։ Գուցե կարկառուն դեմքերի ասույթնե՞րը, որ ի տարբերություն «Առավոտի»՝ մի քանի տարվա վաղեմության շողարձակումով կամ տակավին թարմ՝ հանգրվանել սկսեցին նաեւ այլ թերթերում։ Գուցե մեր «Վարկած» խորագի՞րը, որի տարատեսակները կիրառել սկսեցին նաեւ ուրիշները։ Ամենեւին էլ մեծամտություն թող չդիտվի, եթե ասեմ, որ ինչ-որ իմաստով «Առավոտը» սնուցում է անչափ գունագեղ մեր մամուլի մի շարք միջոցներ։ Ինքը, սակայն, մնալով «դեղին»։ Ժամանակի ընթացքում «դեղին մամուլ» ասվածը հատուկ է դարձել նաեւ կեղծ ու սուտ լուրեր տարածող հրատարակություններին։ Մեր սիրասուն քաղգործիչներն ու նույնքան սիրասուն պաշտոնյաները կարո՞ղ են մատնանշել «Առավոտում» տպագրված կեղծ ու սուտ լուրեր։ Թե՞ այն, ինչ իրենց ձեռնտու չէ տպագրված տեսնել՝ աչքներին դարձյալ ու դարձյալ դեղին է երեւում։ Իրենց ժողովրդափրկիչ առաքելությունից զատ՝ այս մարդիկ, ի դեպ, պակաս կարեւոր չեն համարում նաեւ դասեր տալ լրագրողներին՝ «սա պիտի չգրեիր», «սա այսպես պիտի չանեիր», «ո՞վ է քեզ թույլ տվել» եւ այլն։ Ամենքին թվում է, թե թերթերի միակ անելիքը իրենց աջ ու ձախ գովերգելն է, իրենց մտքի գոհարները հիացմունքով մատուցելը եւ իրենց կամքը կատարելն է… Շատ չեղա՞վ, պարոնայք։ Գուցե նույն տրամաբանությամբ թերթերի աշխատակիցները, համենայնդեպս, իրենց պարտքը համարեն ձեզ սովորեցնել ձեր կուսակցական գործունեության նրբություննե՞րը, ձեր աշխատանքային պարտականությունների կատարո՞ւմը… Ասենք, յուրաքանչյուր լրագրող ասուլիս հրավիրի ու ձեզ իր ասելիքն ասելուց հետո դաստիարակչական նկատառումներով ձեր հետագա պահվա՞ծքը թելադրի։ Այդ դեպքում երեւի թե դեղին գույնը նույնպես դադարեք զանազանել գույների ներկապնակում։ ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ «Առավոտ», 4 հոկտեմբեր, 1997 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել