Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՀԱՆՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Հուլիս 01,2004 00:00

ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՀԱՆՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ Որի ընթացքում գրողները տրորեցին գրքերը Երեկ շարունակվեցին Գրողների համահայկական երկրորդ համաժողովի աշխատանքները: ՀԳՄ մեծ դահլիճում սփյուռքահայ եւ հայաստանցի մտավորականները զեկուցումներ ու ելույթներ ունեցան՝ «Ազգային դպրոց ու ազգային գրականություն» թեմայի շրջանակներում: Մինչ նրանցից յուրաքանչյուրը փաստում էր, թե մատաղ սերունդը որքան անտարբեր է գրականության ու գրքի նկատմամբ, դահլիճում տեղավորվել ցանկացող պատվիրակները անզգուշաբար վայր էին գցում իրենց գրչակից Գրիշ Դավթյանի՝ աթոռներին դրված «Ափունքից ափունք» գրքի օրինակները, ոմանք նույնիսկ դրանք տրորելով անցնում էին շարքերի միջով: Լիբանանահայ բանաստեղծ Պեպո Սիմոնյանը ցավով նկատեց. «Նոր դարն ու նոր աշխարհակարգը արժեզրկած են շատ հասկացություններ, մշակույթը փոխարինած է նոր արժեքներով, ոգին նյութի է վերածված… Գրականությունն ու դպրոցը հայրենի հողին վրա եւ թե Սփյուռքին տարածքին ազգացունց տագնապ կապրին»: Նա անդրադարձավ հայոց լեզվի եւ գրականության կրճատված դասաժամերին, գիրք փնտրողների թվի պակասին ու հայությանը պատուհասած համաշխարհայնացմանը: Պրն Սիմոնյանը դժգոհեց նաեւ «շուկայական շահախնդրությունների՝ մանկապատանեկան գրականություն թափանցելուց». հաճախ ընթերցողին են պարտադրվում շքեղ կազմով, բայց բովանդակազուրկ գրքեր: Նախկին իշխանությունների նկատմամբ ատելություն արթնացնելու հույսով ամբիոնին մոտեցավ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը: «Իմ տպավորությամբ Հայաստանում դպրոցն ու գրականությունը լուրջ փորձությունների առջեւ են կանգնած,- գուժեց նա,- համաշխարհայնացումը տանում է դեպի ստանդարտացում… հայտնվել են մարդիկ, ովքեր հակառակը մտածողներիս անվանում են հետամնացներ եւ սենտիմենտալ-ռոմանտիկներ»: «Երրոդ՝ ՀՀՇ-ական հանրապետության օրոք արձանագրվել են ազգային գրականության ու դիմագծի կորուստներ,- ասաց նա՝ ակնկալելով դահլիճում նստածների զայրույթը,- եթե առաջին հանրապետության օրոք Ժողովրդական համալսարանը բացվեց, ապա երրորդի օրոք՝ Ամերիկյանը… Մեր պետական այրերը փորձում են ապացուցել, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ գիտություն է, դրա համար էլ կուրորեն ենթարկվում ենք աշխարհայնացման պահանջներին ու ընդօրինակում արեւմտյան փորձը»: Ի տարբերություն մյուս բանախոսների զգացմունքային, պաթետիկ ելույթների, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը հանդես եկավ կոնկրետ առաջարկություններով: «Անհրաժեշտ է ստեղծել համահայկական կրթական բարձրագույն խորհուրդ, որը պետք է լինի ոչ պետական կառույց, բայց իր առջեւ դրված խնդիրները պետք է համահայկական ու համապետական նշանակություն ունենան: Հակառակ դեպքում կստացվի՝ Սփյուռքին հետեւում ենք հեռավոր ազգականի սրտացավությամբ: Հռչակել ենք «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը, սակայն մեր մշակույթն այսօր երկաստիճան է, եւ հայաստանցիներին ու սփյուռքահայերին խանգարում է մենթալիտետների տարբերությունը»,- ասաց նա: Պրն Դանիելյանի համոզմամբ, ճիշտ կլինի ներդնել միասնական առարկայական եւ ուսուցողական ծրագրեր՝ Սփյուռքի դպրոցներում, բոլոր գաղթօջախներում ձեւավորել պետական կարգավիճակ ունեցող դպրոցներ ու այդ ամենը ամրագրել միջպետական պայմանագրերով: Ըստ պրոֆեսորի, պետք է Սփյուռքի համար կադրեր պատրաստել հայրենիքում հիմնվելիք սփյուռքահայերի բուհում, ուր կդասավանդեն արտերկրի լավագույն մասնագետները: Ս. Դանիելյանը ակնկալում է ՀՀ նախագահի, «Հայաստան» հիմնադրամի ու շահագրգիռ անհատների աջակցությունը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Հայաստանի գրողների միության 70-ամյակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել