Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հա քաշեցին-քաշքշեցին…»

Հուլիս 01,2004 00:00

«Հա քաշեցին-քաշքշեցին…» Մինչեւ հայցը մերժեցին Վանաձորի թիվ 9 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գոհար Սարդարյանի աշխատանքի վերականգնման հայցապահանջը, որը հունվար-հունիս ամիսներին գտնվում էր Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի վարույթում, իր հանգուցալուծումը ստացավ։ Գ. Սարդարյանը, որ 19 տարվա աշխատանքային ստաժ ունի, աշխատանքից առաջին անգամ ազատվել էր 2003թ. սեպտեմբերին, սակայն հոկտեմբերին Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը նրան վերականգնել էր։ 2004թ. հունվարին Գ. Սարդարյանը կրկին ազատվել էր աշխատանքից։ Աշխատանքային 2 ազատումներն էլ տեղի են ունեցել «օպտիմալացման» պատճառաբանությամբ։ Գ. Սարդարյանն այդ հրամաններին չհամաձայնելու մի շարք պատճառներ ուներ եւ գտնում էր, որ ինքը առավելություններ ունի նրանց նկատմամբ, ում տնօրենը չկրճատելու նախապատվություն է տվել։ Գ. Սարդարյանի հայցով երկրորդ քաղգործով այս տարվա մայիսի 4-ին դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի՝ Լոռու մարզպետի կողմից ստեղծված մասնագիտական կողմնորոշիչ հանձնաժողովը պետք է ստուգեր «մաթեմատիկա» առարկայի գծով՝ Գ. Սարդարյանի եւ մրցակից ուսուցչուհիների մասնագիտական գիտելիքները։ Քննությունը պետք է կայանար հունիսի 4-ին, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, սակայն Սարդարյանը դատարանի որոշումը բոյկոտելով եւ չվստահելով հանձնաժողովին, հրաժարվել էր մասնակցել քննությանը։ Ըստ այդմ, հունիսի 25-ին դատարանը վճռեց հայցը մերժել։ Գոհար Սարդարյանը, որ մինչեւ վճռի կայացումը բողոքով դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, անակնկալի է եկել, տեղեկանալով, որ դատարանի որոշումը «վերջնական» չի եղել. «Երբ ես դիմեցի վերաքննիչ դատարան՝ բողոքելով, որ դատարանը մարզպետարանին է հանձնարարել գիտելիքների ստուգումը, այնտեղից պատասխանեցին, որ գործը կքննեն, եթե առաջին ատյանից այն ուղարկվի իրենց, բայց, պարզվում է, գործը չեն ուղարկել, պատճառաբանելով, թե դեռեւս վճիռ չի կայացել»։ Այժմ Գ. Սարդարյանը դիմել է ՀՀ վերաքննիչ՝ բողոքարկելով հունիսի 27-ին կայացրած դատարանի վճիռը։ Հատկանշական է, որ երբ աշխատանքից ազատված ուսուցիչները սկզբում դիմում են մարզպետարան, այնտեղից պատասխանում են. «Դիմեք դատարան, թող դատարանն ինքը վճռի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»։ Դատարանն էլ «բումերանգով» փորձում է գործը ետ հանձնել մարզպետարան։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել