Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ ԵԿԵՂԵՑԻՆ Է

Հուլիս 01,2004 00:00

ՄԻԱԿ ՀՈՒՅՍԸ ԵԿԵՂԵՑԻՆ Է Հայ երեխաները Կալկաթայում անուշադրության են մատնված «Ճեմարանի բակում ռեգբի էինք խաղում, ու գնդակը դիպավ ձախ ականջիս: Ուժեղ ցավ զգացի եւ ընկա ցեխի մեջ, հետո տղերքը նստեցրին աստիճաններին: Մի օր խաղալիս իմ ընկեր Հարութիկը ձախ ականջիս բան ասաց՝ չլսեցի, ընդհանրապես չլսեցի, հետո աջ ականջիս ասաց՝ նոր լսեցի: Էդ ժամանակ զգացի, որ ձախ ականջով չեմ լսում: Բժշկին ասացի: Նա նայեց ու ասաց, որ բան չկա: Մի քանի օր դեղ կաթացրի, հետո ականջիցս ավազի հատիկներ թափվեցին: Դրանով վերջացավ ականջիս բուժումը»,- պատմում է Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սան Նարեկ Արշակյանը: Երեւանի Հանրապետական հիվանդանոցի բժիշկ Միրաքյանը Նարեկի մորն ասել է, որ հնարավոր չէ վերականգնել տղայի ձախ ականջի լսողությունը: 1821թ. Հնդկաստանի Կալկաթա քաղաքում հիմնադրված ճեմարանը ղեկավարում է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հաստատված տնօրենը, որի թեկնածությունն առաջադրում է հոգաբարձուների խորհուրդը: 1999-ից ճեմարանը ղեկավարում է ծագումով հայ Սոնյա Ջոնը: Հնդկահայ համայնքի անդամներից մեկը՝ Մաքս Գալստաունը, դեռեւս փետրվար ամսին մեզ մի քանի նամակով ահազանգել էր ճեմարանում տիրող վիճակի մասին: Նա ասում է, որ «180 տարվա պատմություն ունեցող ուսումնական հաստատությունը Սոնյա Ջոնի ղեկավարությամբ տակնուվրա է արվել»: Կալկաթայի հայկական համայնքում հարգանք վայելող մի կին, որն աշխատել է ճեմարանում Սոնյա Ջոնի հետ, 2003թ. նամակ է ուղարկել Վեհափառին, որտեղ հանգամանորեն ներկայացրել է Սոնյա Ջոնի աշխատաոճն ու վարքագիծը: Սակայն Վեհափառը չի արձագանքել նամակին: «Տնօրեն նշանակելուց հետո Վեհափառը հսկողություն չի սահմանել»,- մեզ գրել է Մաքսը: Ըստ պրն Գալստաունի՝ հնդկահայերի թողած ավանդներից Սոնյա Ջոնը ապօրինի հատկացումներ է կատարում. հիվանդանոցին հատկացում անելու պատրվակով նա 15 մլն ռուփի փոխանցել է Հնդկաստանի կոմունիստական կուսակցությանը (որի անդամ է նա), 30 մլն ռուփի տվել է Նոր Դելիում Հայաստանի դեսպանատուն կառուցելու համար եւ այլն: «Ոչ մի տեղացի հայ ներգրավված չէ ճեմարանի ադմինիստրացիոն աշխատանքներում: Սա կարելի է մեր նկատմամբ դավադրություն համարել, որին մասնակցում է Էջմիածինը»,- գրում է Մաքս Գալստաունը: Նարեկի մայրը՝ Սուսաննա Արշակյանը, որդու լսողության կորստի մասին տեղյակ է պահել Մայր Աթոռ ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի սարկավագ Տիգրանին: Վերջինս խոստացել է դեպքի մասին տեղեկացնել Վեհափառին: «Անուշադրության պատճառով երեխաս կորցրել է լսողությունը, եթե ժամանակին ստուգեին ու բուժեին, էսպես չէր լինի: Մեր երեխաներն այնտեղ անտերության ու անուշադրության են մատնված»,- ասում է տիկին Սուսաննան: Մայիսին մեկ ամսով Հայաստան եկած 60 աշակերտները հունիսի 18-ին պետք է վերադառնային Կալկաթա: Սակայն մեկնել են այնտեղ աշխատող հայաստանցի ուսուցիչների ընտանիքներն ու ընդամենը մեկ աշակերտ՝ Էլիզա Մաթեւոսյանը: Մնացածների մեկնումի հետաձգումը պատճառաբանվում է մի քանի աշակերտների հիվանդությամբ: Սակայն ակնհայտ է, որ արձակուրդը Հայաստանում անցկացնելու եկած աշակերտների 80%-ը չի վերադառնալու Կալկաթա: 2001թ. Նարեկը «Զատիկ» մանկատնից մեկնել է Կալկաթա՝ սովորելու: Նարեկն ունի երկու եղբայր, միայնակ մայրն էլ, լինելով սոցիալապես անապահով, ուղարկել է որդուն սովորելու: Եկեղեցում թելադրել են, մայրն էլ իր ձեռքով գրել է, որ համաձայն է իր որդուն 10 տարով ուղարկել սովորելու: Մի բան էլ է ստորագրել, բայց չի հիշում, թե ինչ: «Ինչ ուզում է ստորագրած լինեմ, ես Նարեկին այլեւս չեմ ուղարկելու: Ես հո չէի հրաժարվել իմ երեխուց: Իրենք եթե տանում են, առաջին հերթին պատասխանատու են առողջության համար: Էնքան որ, մեր երեխեքին կանգնած վիճակում բերել-հասցրել են մեզ, թե ով ինչ հիվանդություն ունի, հետո կպարզվի»,- ասում է Նարեկի մայրը: Բոլոր երեխաները Հայաստան են վերադարձել բժշկական փաստաթղթերով, որոնցում նշված են ամենամյա ստուգումները եւ նրանց անհատական հիվանդությունները: Մի առանձին փաստաթուղթ էլ տրված է այն մասին, որ երեխան ոչ մի ինֆեկցիոն հիվանդություն, վարակ չի կրում: Սակայն վերադարձած երեխաներից 8-ն արդեն հիվանդ է մալարիայով, 2-ը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են: «Նրանք էնտեղից են վարակով եկել, որովհետեւ տեղական մալարիայի համար դեռ վաղ է, սա տեղական մալարիա չէ»,- ասում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը: Նարեկը չի շարունակելու իր ուսումը ճեմարանում: «Զատիկ» մանկատունն էլ ընդունելություն չի կատարում: Նա հայերենից լավ տիրապետում է անգլերենին ու սովորական դպրոց հաճախելը նրա համար բարդ է՝ չհաշված ձախ ականջի չլսելու հանգամանքը: Սուսաննայի միակ հույսը եկեղեցին է: Նա հավատում է, որ Վեհափառ Հայրապետը չի կարող անտարբեր մնալ, քանի որ Նարեկը սովորել է եկեղեցու պատասխանատվության տակ գտնվող ճեմարանում: ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել