Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդվիժոկ» տարածքից՝ տարածաշրջանային կենտրոն

Հուլիս 01,2004 00:00

«Անդվիժոկ» տարածքից՝ տարածաշրջանային կենտրոն Տասը տարի առաջ այս օրերին ամերիկահայ վիրաբույժ Հրայր Հովակիմյանը սրտի բնածին արատով երեխայի առաջին վիրահատությունը կատարեց 2-րդ մանկական հիվանդանոցում։ Այս տարիներին «Նորք- Մարաշ բժշկական կենտրոն» վերանվանված բուժհիմնարկում վիրահատվել է շուրջ 5000 մարդ։ «Էներգետիկ ճգնաժամի տարիներն էր, հոսանք չկար, «դվիժոկ» էլ չունեինք, մի կերպ պատրաստել էինք առաջին վիրահատարանը եւ «ակումուլյատորներով» էինք սարքերն աշխատեցնում»,- առաջին վիրահատությունն այսպես է հիշում Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը։ Արդեն 30 տարի նա գլխավորում է բուժհիմնարկը. «Երբ առաջին անգամ եկա, տեսա՝ փլված-ամայի տարածք էր, լքված պանսիոնատի երկու մասնաշենք։ Այս տարիներին կարողացանք վերանորոգել ու ստեղծել 2 վիրահատարան, 43 հիվանդասենյակ, օժանդակ սրահներ։ Այժմ Սոցներդրումների հիմնադրամի օգնությամբ վերանորոգում ենք տարածքի մյուս հատվածը եւ աշնանը կունենանք եւս 12 հիվանդասենյակ»։ Սակայն այսքանն էլ քիչ է՝ հիվանդների թիվը գնալով մեծանում է, վիրահատության համար հերթագրվում են ոչ միայն փոքրերը, այլեւ արդեն մեծերը, ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից։ «Հիվանդները վճարում են տարբեր՝ կախված տարիքից, պետպատվերի առկայությունից կամ տեղացի են, թե ոչ։ Բայց բոլորի համար ստեղծված են հավասար պայմաններ։ Մենք չունենք լյուքս հիվանդասենյակներ,- մեզ հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց տնօրենը,- ես միշտ ասել եմ՝ այստեղ վիրահատվելու կամ բուժվելու համար ծանոթ մի փնտրեք։ Մենք բոլորին հավասարաչափ ենք մատուցում մեր ունեցած ծառայությունները»։ Այսօր չափահաս հիվանդների վճարելիությունը կազմում է միջինը 70, իսկ փոքրերինը՝ 30 տոկոս։ Ի դեպ, բուժկենտրոնի բոլոր աշխատակիցներն ու նրանց առաջին հարազատները բուժվում եւ վիրահատվում են անվճար։ Մեր զրուցակիցը բացառեց բուժհիմնարկներում ընդունված մաղարիչը. «Այդ խնդիրը խիստ է դրված։ Բոլոր հիվանդներին ու այցելուներին բաժանվում են անանուն հարցաթերթիկներ եւ դեռ նման բողոք չի արձանագրվել»։ Հիմնական դժգոհությունն այն է, որ հիվանդները բուժման համար ստիպված են սպասել՝ տեղ չկա։ Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածությանը, ապա «սարքավորումները տեխնիկայի վերջին խոսքը չեն, որովհետեւ նվիրատվություն է ու մի քիչ օգտագործած, բայց մեր պահանջները բավարարում է»։ Տիկին Լիդան կենտրոնի ձեռքբերումները միանշանակ կապում էր հիմնականում վիրաբույժ Հրայր Հովակիմյանի հետ. «Նա մեր գանձն է, եթե Հրայրը չգար Հայաստան, սրտի վիրաբուժության ոլորտը կմնար խորհրդային տարիների մակարդակի։ Իսկ այժմ կենտրոնը իր ցուցանիշներով կարող է համեմատվել միայն Արեւմուտքի հետ»։ Դա է պատճառը, որ տնօրենն իր հիմնարկի ապագան տեսնում է կադրերի վերապատրաստման ինստիտուտի տեսքով։ Բժիշկ Հովակիմյանի պատրաստած վիրաբույժներից մեկն արդեն աշխատում է «Էրեբունի» հիվանդանոցում։ Սակայն սրտաբաններն առայժմ վերապատրաստվում են արտերկրի նշանավոր կլինիկաներում։ Համընդհանուր մասնավորեցման ցավով տիկին Լիդան չի տառապում՝ «Մեր կենտրոնը ազգի հարստությունն է եւ չի կարող դառնալ մեկ-երկուսինը»։ Վերջում նշենք, որ Լիդա Մուրադյանն ու Հրայր Հովակիմյանը նախագահ Քոչարյանից ստացել են Մխիթար Հերացու շքանշան։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել