Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-2004»-Ը ԲԱՑՎԵՑ

Հուլիս 01,2004 00:00

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-2004»-Ը ԲԱՑՎԵՑ

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Երեւանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային
կինոփառատոնը, որին կմասնակցի 67 ներկայացուցիչ՝ աշխարհի 19 երկրից։ Փառատոնին
ներկայացված 200 ֆիլմից ընտրվել է 121-ը։ Վեց մրցութային կատեգորիաներում
(խաղարկային, փաստագրական, անիմացիոն եւ փորձարարական, կարճամետրաժ, ուսանողական
եւ վիդեոարվեստի) ներկայացված է 84 կինոնկար։ 63 ֆիլմ ընդգրկվել է արտամրցութային
ծրագրում։ Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, ՆՓԱԿ-ում
եւ Ազգային պատկերասրահում։
Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են համաշխարհային կինոյին առնչվող նշանավոր դեմքեր։ «Մեր նպատակն է այս փառատոնի ընթացքում նույն հարթության վրա դնել հայկական եւ համաշխարհային հնչեղություն ունեցող կինոաշխատանքները»,- ասաց փառատոնի գեղարվեստական գծով տնօրեն Սուսաննա Հարությունյանը։ «Հայկական կինոն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում՝ իր Փարաջանովով, Փելեշյանով եւ ներկա տաղանդաշատ կինոգործիչներով։ Փառատոնն արդեն կարելի է համարել հաջողված։ Այն լինելու է ավանդական։ Այսքան հայտնի դեմքեր, որոնք հավաքվել են Հայաստանում, անկասկած, հաջողության գրավականն են»,- համոզված է փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։ Իսկ Ամերիկայից հայազգի նկարիչ Վահե Ֆաթալը ոգեւորված է փառատոնի գաղափարով, քանի որ այն աշխարհին պիտի ներկայացնի հայ մշակույթը։ Առաջին օրվա ծրագրում նախատեսված էր մինչեւ փառատոնի բացումը անցկացնել ծիրանի տոն, որն օրհնվեց Սուրբ Զորավոր եկեղեցում։ Փառատոնի շրջանակներում Նկարիչների միությունում իրենց աշխատանքները ներկայացրին կինոնկարիչները: 25 կինոնկարիչ-բեմադրողներ ներկայացրին իրենց տարբեր տարիների մոտ 50 աշխատանք։ Որոշ գործեր բերվել էին Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանից։ Այնուհետեւ արտասահմանյան 25 երկրներից ժամանած հյուրերը՝ կինոգետներ, դերասաններ, ցուցասրահում դիտեցին հայ կինոնկարիչների աշխատանքները։ Գերիշխում էին աշխարհահռչակ Սերգեյ Փարաջանովի դիմանկարները, կոլաժները եւ Փարաջանովին պատկերող քանդակները։ Այնուհետեւ տեղի ունեցավ համերգ՝ Շառլ Ազնավուրի հրապարակում եւ ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի շքերթը՝ Աբովյան փողոցով։ Իսկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնը բացվեց ռեժիսոր Ռոման Բալայանի «Գիշերը լուսավոր է» ֆիլմի պրեմիերայով։

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ
ԼԻԱՆՆԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել