Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆ ԱՆՈՐՈՇ Է»

Հուլիս 01,2004 00:00

Պնդում
է Վահագն Խաչատրյանը, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տնտեսական
հարցերով
խորհրդականն էր:
– Դուք անխուսափելի էիք համարում Հայաստանի եւ ԼՂՀ-ի օղի արտադրողների միջեւ տնտեսական շահերի բախումը: Ինչո՞ւ:

– Իրոք, այդպես էլ պիտի լիներ: Երբ ուսումնասիրում ես, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել Հայաստանի տնտեսության մեջ, ու գրեթե բոլոր բնագավառներում առաջացել է համարյա մենաշնորհային վիճակ՝ հասկանալի է դառնում, թե օղու շուկան, որ շատ գրավիչ է եւ եկամտաբեր՝ չէր կարող մնալ «բարձիթողի»: Հայաստանի շուկայում այս ոլորտում մրցակցություն էին ծավալել մի քանի տնտեսվարողներ, որոնցից ամեն մեկը գտել էր իր տեղը, սակայն դրա վերջը պիտի գար, քանի որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքը միանշանակ այն է, որ բոլոր բնագավառները պիտի վերահսկվեն իրենց համար վստահելի գործարարների կողմից:

– Բավական հոռետեսաբար բնորոշեցիք մեր տնտեսության վիճակը, մինչդեռ Ստրասբուրգում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե «միջազգային ֆինանսական կառույցների կողմից Հայաստանին տրված բոլոր փորձագիտական գնահատականներն առավել քան լավատեսական են», նաեւ, որ Հայաստանում առկա է երկնիշ թվով տնտեսական աճ ու բյուջեի կատարման պրոֆիցիտ։ Հավատ չե՞ք ընծայում այդ տվյալներին:

– Երբեւէ չեմ ցանկացել վիճարկել պաշտոնական վիճակագրական տվյալներն ու, առավել եւս՝ բանավիճել Ռոբերտ Քոչարյանի հետ: Բայց եթե ինչ-որ մեկը ծանոթ չէ մեր երկրի իրավիճակին՝ լսելով Քոչարյանի եւ ՀՀ այլ պաշտոնատարների ելույթները միջազգային ատյաններում, կցանկանա իսկույն ներդրումներ կատարել Հայաստանում: Սակայն փաստերն այլ իրողության մասին են վկայում: Բավական լավ եմ տիրապետում մեր տնտեսական վիճակին եւ շատ լավ հասկանում եմ, թե այդ տոկոսները որտեղ են աճում եւ ում գրպաններում: Իսկ հատկապես 2003-ի տնտեսական աճի տոկոսների ազդեցությունը միայն բացասական է եղել քաղաքացիների գրպաններում:

– Մինչ այժմ իշխանության ընդդիմախոսները պնդում էին, թե այդ աճը որեւէ կերպ չի անդրադառնում քաղաքացիների կենսամակարդակի վրա, իսկ Դուք պնդում եք, թե անդրադառնում է, սակայն բացասաբա՞ր:

– Հիմնավորեմ պնդումս. անցյալ տարի նախատեսված էր, որ սղաճը կազմելու է 3%, իսկ այժմ արդեն հայտարարվել է 8-9%՝ գրեթե եռակի ավելին: Իրականում այդ տոկոսն ավելի մեծ է, եթե հաշվի առնենք հացի, սպառողական ապրանքների գների թանկացումը: Հավելենք այս տարվա 5-6 ամիսներին մեր շուկայում տեղի ունեցածը՝ մսի, բենզինի եւ դարձյալ հացի թանկացումը, եւ պարզ կդառնա, որ իմ պնդումը լիովին հիմնավոր է:

Արժե նաեւ ուսումնասիրել վիճակագրության տվյալները, թե ինչ է արվել բեւեռացումը հաղթահարելու ուղղությամբ: Հայտնի է, որ Հայաստանը դասվում է այն երկրների շարքում, ուր բավական բարձր է սոցիալական բեւեռացվածության աստիճանը: Ու փոխանակ հարուստների եւ աղքատների եկամուտների միջեւ եղած մեծ տարբերությունը գնալով փոքրանար, այդ եզրերը մոտենային իրար՝ տեղի է ունեցել հակառակը. հարուստներն ավելի են հարստացել, իսկ աղքատներն ավելի աղքատացել: Քաղաքացիներն անգամ 2-4% աճը կզգային իրական կյանքում, եթե ստեղծված արդյունքների բաշխումն արվեր օրենքների շրջանակներում եւ տնտեսվարողները նորմալ վճարեին հարկերը:

– Տեսակետ կա, թե վերջին տարիների տնտեսական աճը մեծապես պայմանավորված էր Քըրք Քըրքորյանի ներդրումներով: Եթե իրոք այդպես է, ուրեմն այս տարի աճը պակասելու է. կա՞ն նման տվյալներ:

– Դա կզգացվի ոչ անմիջապես: Ընդհանրապես՝ տնտեսական աճը երկար ժամանակվա գործունեության արդյունք է: Համոզված եմ, որ Հայաստանի տնտեսության համար մեծ գործ է արվել հատկապես 1994-ից իրականացվող բարեփոխումների շնորհիվ: Սեփականաշնորհման եւ իրականացված այլ ծրագրերի հետեւանքն էր, որ 1996-ից տնտեսության մեջ սկսվեց զգալի աճ:

Իսկ անցած տարի արձանագրված աճն, իհարկե, հիմնականում պայմանավորված էր 2001-2003-ին «Լինսի» հիմնադրամի գործունեությամբ: Օտարերկրյա ներդրումներից զատ՝ Հայաստանում, ցավոք, չեն ստեղծվել մեխանիզմներ, որոնք պայմաններ կապահովեին տեղական ներդրումների համար: Կարող են հակաճառել ինձ, թե վերջին տարիներին մեծ ներդրումներ են արվել շինարարության մեջ, սակայն սա այլ խնդիր է: Բավական գրագետ գործողություն էր՝ անշարժ գույքի եւ հողի գների արհեստական բարձրացման հետեւանքով շինարարությունը դարձավ շատ գրավիչ նաեւ տեղական ներդրողների համար: Բայց ի՞նչ արդյունք կլինի մեկանգամյա այդ գործողությունից՝ չեմ կարող ասել: Իսկ եթե վերլուծենք, թե ո՛ր բնագավառների հաշվին է ստացվել աճի 12%-ը՝ կտեսնենք, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե հեռանկարային առումով վաղը-մյուս օրը ի՞նչ կարող են տալ այդ բնագավառները:

– Ռոբերտ Քոչարյանն Աստանայում ունեցած ելույթում պնդեց, թե Հայաստանը մոտեցել է «80-ականների վերջի տնտեսության մակարդակին»: Սա լա՞վ ցուցանիշ է:

– Եթե ուզում են թվերի հետ խաղալ եւ միայն դրանց հիման վրա գնահատականներ տալ՝ կարող են 80-ականների հետ էլ համեմատվել, 1913 թվականի էլ: Բայց տնտեսության վիճակը միայն թվերով չի գնահատվում, այլ նաեւ նրանով, թե այսօրվա տնտեսությունը մեզ համար վաղն ապահովելո՞ւ է զարգացում: 80-ականների վերջի տնտեսությամբ Հայաստանի զարգացումը պիտի ապահովվեր Խորհրդային Միության շրջանակներում: Ինչո՞ւ են 2004-ի տնտեսությունը համեմատում 20-ամյա վաղեմության տվյալների հետ, որ ցույց տան, թե մե՜ծ թվեր են ապահովել, թե՞ արդարանում են:

Իսկ իրականում ունենք տնտեսություն, որի զարգացման հեռանկարներն անորոշ են եւ տնտեսվարողը կարող է բարգավաճել միայն եւ միայն այն պայմաններում, եթե համաձայնություն ունի «վերեւներից»: Եթե չխոսենք ադամանդի եւ ոսկու արտադրության մասին, որ լրիվ այլ զրույցի նյութ է՝ պարզ չի դառնա, թե մենք ընդհանրապես ինչո՞վ ենք զբաղված: Ապագա չունի՛ նման տնտեսությունը, որ որեւէ ձեւով ինտեգրված չէ համաշխարհային արդի զարգացումներին:

Զրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել