ԱԺ նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը հունիսի 29-ին, ժամը 13-ին Չարբախի գազալցակայանում կատարվածը գնահատեց որպես նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի կողմից հրահրած սադրանք։
Ըստ Մ. Գաբրիելյանի, Խ. Հարությունյանը, հանցաշխարհում հայտնի Թեւոսիկի հետ եկել է «Գիմաս» ՍՊԸ-գազալցակայան, որտեղ գտնվել են իր երկու որդիները՝ Արտակն ու Սարգիսը։ Գազալցակայանի 50%-ի բաժնեմասը Մ. Գաբրիելյանինն է, 25-ը՝ Խ. Հարությունյանինը, 25%-ը՝ վերջինիս խնամունը։ Ըստ Մ. Գաբրիելյանի, վեճը ծավալվել է 25%-ի շուրջ: Խ. Հարությունյանն ու քրեական հեղինակություն Թեւոսիկը՝ իրենց 20 հոգանոց ավազակախմբով ծեծել են Գաբրիելյանի երկու որդիներին։ Արտակի գլխին 2 կար էր դրվել։ «Հանցաշխարհին մեր վրա էր բերել՝ վտարելու նպատակով»,- բորբոքված պատմեց Մ. Գաբրիելյանը, որին մեկ օր առաջ հեռախոսազրույցի ժամանակ Խոսրով Հարությունյանն ասել էր, թե վաճառում է իր 25% բաժնեմասը։
Նախկին վարչապետ, քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայիս առաջնորդ Խ. Հարությունյանից երեկ նույնպես փորձեցինք մեկնաբանություն ստանալ կատարվածի մասին։ Նա հրաժարվեց, պատճառաբանելով, որ «հետաքննություն է գնում, չեմ խոսի. որ չփորձեն ասել, թե ճնշում եմ գործադրում, թող պարզեն՝ ով ինչ էր անում»։
«Առավոտի» տեղեկություններով, երեքշաբթի ոստիկանության Շենգավիթի բաժին էին տարվել Թեւոսիկը, ինչպես նաեւ 10 «խոսրովականներ»։ Մենք անգամ ունենք տեղեկություն, որ Խոսրով Հարությունյանին բաց են թողել նախարար Հայկ Հարությունյանի հրահանգով։
Կարդացեք նաև
Ի դեպ, Թեւոսիկը գործուն մասնակցություն է ունեցել 2003 թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին։ Հասկանալի է, թե ում կողմից։
Սեփ. լր.