Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիային բացա՞րկ

Հուլիս 01,2004 00:00

Թուրքիային բացա՞րկ

Վաշինգթոն, Պրագա, Ստրասբուրգ եւ Ստամբուլ կատարած իր վերջին այցերի
արդյունքներն ամփոփելու նպատակով Վարդան Օսկանյանը երեկ ասուլիս էր հրավիրել,
որի ընթացքում, մեծ հաշվով, որեւէ թարմ տեղեկատվություն կամ միտք չհրամցվեց:
Այդ այցերն, ըստ էության, արդեն լուսաբանված են, ուստի կփորձենք ներկայացնել
երեկվա ասուլիսին հնչած պարզաբանումների քիչ թե շատ ուշագրավ դրվագները:

Այսպես. Օսկանյանը հերքեց թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի ակտիվացման հարցը: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բացահայտ կանխակալ դիրքորոշում ունեցող Թուրքիան Ղարաբաղի խնդրում չի կարող հավակնել անաչառ միջնորդի դերին: Մեր այս դիրքորոշումը լավ հայտնի է թուրքական իշխանություններին»,- ասաց Վարդան Օսկանյանը: Այդուհանդերձ, նա ասաց, թե դժգոհ չէ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ Ստամբուլում ունեցած «չնախատեսված» հանդիպումից: «Մենք զրուցեցինք մոտ 10 րոպե, եւ այդ հանդիպման ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, որ Թուրքիայի ներկայիս իշխանություններն իրոք անկեղծորեն ցանկանում են դրական տեղաշարժերի հասնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում, ի տարբերություն նախկին իշխանությունների»,- ասաց Վարդան Օսկանյանը, այսպիսով Թուրքիայի քաղաքական իրականության մեջ եւս ներմուծելով «նախկիններ» եզրը:

Իսկ ի՞նչ է մտածում արտգործնախարարը Վրաստան-Թուրքիա երկաթգծի հավանական շինարարության մասին: Դա երկու երկրների հարաբերությունների ոլորտն է, եւ Հայաստանն այստեղ որեւէ միջամտություն չի կարող ունենալ, հարցին այսպես պատասխանեց Օսկանյանը: Սակայն նա չմոռացավ հռետորական հարց հնչեցնել. ինչու՞ ծախս անել եւ նոր գիծ կառուցել, երբ այն գործնականում արդեն պատրաստ է (մենք եւս միանում ենք այդ հարցին, խմբ):

Օսկանյանը հաստատեց, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ քննարկել է 2007 թվականին ԵԱՀԿ Գործող նախագահի պաշտոնը զբաղեցնելու Թուրքիայի ձգտման վրա վետո դնելու պաշտոնական Երեւանի մտադրությունը: Հայաստանը ելնում է այն սկզբունքից, որ ԵԱՀԿ Գործող նախագահի պաշտոնին հավակնող երկիրը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա այդ կազմակերպության բոլոր մասնակից-պետությունների հետ: Պաշտոնական Երեւանը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել եւ շարունակում է խորհրդակցություններ վարել շահագրգիռ կողմերի հետ: Ահա սա էր Վարդան Օսկանյանի բացատրությունն առ այն, թե ինչու չի կարելի Թուրքիային թույլ տալ նախագահել ԵԱՀԿ-ում: Ի դեպ, այն նույն Թուրքիային, որն Օսկանյանի իսկ խոսքերով, մեզ կամրջում է Եվրոպայի հետ:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել