Ասաց Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ Սոֆիայից մեկնեց Պլովդիվ եւ Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում հանդիպեց հայ համայնքի հետ։ Հայաստանից եկած հյուրերի համար հայկական երգեր երգեցին ու պարեցին բուլղարահայ համայնքի երեխաները։ Սուրբ Գեւորգ եկեղեցու վանահայր, հայկական համայնքի հովիվ տեր Դանիել Քալաջյանն ասաց. «Մենք հպարտանում ենք, որ այսօր վերջապես Հայաստանը անկախ է եւ հայի աչքերը ուղղված են դեպի Հայաստան աշխարհ։ Մենք ուզում ենք, որ մեր հայրենիքը կրկին վայելի այն ոսկեշատ օրերը, որ մենք ունեինք մեր պատմության ընթացքում։ Եվ մենք էլ մեր սեփական ուժերով այստեղ փորձում ենք պահպանել հայ ազգը, հայ մշակույթը, հայ լեզուն՝ մեր եկեղեցու արարողությունների եւ ծրագրերի շնորհիվ։ Փրկության ճանապարհը արդեն գիտենք, որ սա է»։
Պլովդիվի հայ համայնքում մոտ 6 հազար հայ կա, բայց բոլորը չէ, որ եկեղեցի են այցելում, թեպետ հոգեւոր օրերին եկեղեցին միշտ էլ բազմամարդ է։
Երեկ բացառիկ էր Սուրգ Գեւորգ եկեղեցու համար։ Պատմության մեջ չլսված մի միջադեպ տեղի ունեցավ։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը պաշտոնական պատվիրակության կազմում է, որպեսզի ստորագրի Պլովդիվ-Գյումրի քույրացման պայմանագիրը, երեկ չափից դուրս ոգեւորվեց ու «նաղդ» գրպանից հանելով 1000 ԱՄՆ դոլար տվեց եկեղեցուն։ Այսպիսի բան ոչ ոք չէր սպասում։ Եկեղեցու վանահայրը իրեն կորցրել էր՝ «պետք է թուղթ մը գրենք, որ դուք նվիրատվություն ըրիք»։ Բայց Գյումրիի առատաձեռն քաղաքապետին ոչ մի թուղթ էլ հարկավոր չէր։ Ամեն դեպքում օրինապաշտ բուլղարահայերը համապատասխան ձեւակերպում տվեցին քաղաքապետի 1000 դոլարանոց շռայլությանը։ Թերեւս չէր խանգարի, որ Վարդան Ղուկասյանը նման նվիրատվություն նաեւ Գյումրիի եկեղեցու համար աներ, օտար աչքից հեռու։
Պատասխանելով «Առավոտի» հարցերին, տեր Դանիելն ասաց, որ բոլոր հայերը պետք է համերաշխ լինեն. «Մենք մեր խոսքը կուղղենք բոլոր ազգերին, որ մարդասպանության կամ մարդատելության շրջանը չկրկնվի, քանի որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով եւ մենք միասնական ենք բոլոր մյուս քույրերի եւ եղբայրների հետ եւ պետք է սիրենք միմյանց, ինչպես որ Աստված սիրեց մեզ»։
Տեր հայրն ասաց, որ իրենք հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. «Անշուշտ, մենք Հայաստանը դիտում ենք Բուլղարիայում եւ տեղյակ ենք ամեն ինչից եւ տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանն աճում եւ իբրեւ փափագ ասեմ՝ թող Հայաստանը մեր վրա էլ նայի»։ «Առավոտի» հարցին՝ հայրենիքը վա՞տ է նայում Սփյուռքին, տեր հայրը պատասխանեց՝ երբեմն։ Հայաստանի ներքաղաքական կյանքը, ընդդիմության հանրահավաքները եւս քննարկում են Պլովդիվում. «Անշուշտ սրճարաններում խոսվում է այդ մասին, այսինքն՝ Հայաստանի ցավերով մենք նույնպես ապրում ենք։ Եվ չմոռանանք՝ Սփյուռքը շատ զորավոր թիկունք է Հայաստանին։ Բոլորը իրենց ծրագրերը Հայաստանի հետ են կապում»։
Այժմ անցնենք ԱԺ նախագահի Բուլղարիա կատարած պաշտոնական այցի պաշտոնական մասին։ Երեկ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի հետ։ Հանդիպումն անցավ (ըստ պաշտոնական բառապաշարի)՝ ջերմ, բարեկամական մթնոլորտում։ Գեորգի Պրվանովն ասաց, որ ինքը ընդունել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրավերը եւ այս տարվա հոկտեմբերի 5-ին կայցելի Հայաստան։ Պրն Պրվանովը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ կսկսվի ակտիվ քաղաքական երկխոսություն, որը կարտահայտվի նաեւ տնտեսական ոլորտում։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Բուլղարիա