Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱՍԻԲԴ ՊԱՀԻ, ԳԵՂԱՄՅԱՆԻՑ Ո՞ՒՐ ԵՍ ԿԱԽՎԵԼ»

Հուլիս 01,2004 00:00

Երեկ
«ԱՄ» առաջնորդ Արտաշես Գեղամյանը Կինոյի տանը հերթական անգամ հանդիպեց ընտրողների
հետ
Հանդիպման թեման Քոչարյանի ստրասբուրգյան ելույթն էր։ Բայց նախ՝ Գեղամյանն իր ընտրողներին բողոքեց առ այն, որ իշխանությունները ավելի մեծ դահլիճ չեն տրամադրում իրեն։ Ապա սկսեց ստրասբուրգյան իր ապրումները ներկայացնել. «Չգիտեի խնդամ, թե լամ, այնտեղից կարդալով մեր մամուլի հաղորդագրությունները»։ Այնուհետեւ պատմեց իր երազանքի մասին, ըստ որի՝ «երազում էի ինքս առաջինը գնամ ու մեր նախագահի ձեռքը սեղմեմ նրա ելույթից հետո, բայց նա ոչ թե երկրի հեռանկարները ներկայացրեց, այլ խոսեց որպես դաշտային հրամանատար»։ Հետո, հավանաբար, ելնելով «Հարեւանի հարսը միշտ էլ լավն է» հայկական ավանդական սկզբունքից, պրն Գեղամյանը իր հիացմունքը շռայլեց Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներին, որոնք լավագույնս ներկայացրել են իրենց երկրների՝ եվրոպական արժեքներին ինտեգրվելու հեռանկարները։ Այս համատեքստում երեք երկրների համեմատական տնտեսական վերլուծություններում «ԱՄ» առաջնորդը հռետորական հարցեր հնչեցրեց. «Առաջ ենք գնում, որ ետ գնա՞նք։ Էդ 12 տոկոսը ո՞ր հայ ընտանիքը հացին քսեց կարագի կամ պանրի տեղ»։ Ու հերթը հասավ «իրենց կլաններին», որոնք օրեցօր «տռզում են»։

Մի հարցում, սակայն, Գեղամյանը համամիտ է Քոչարյանի հետ. «Կոռուպցիան համահայկական չարիք է, որն իր վարչախմբի կողմից ստեղծված համակարգի ձեռքբերումն է»։ Հակակոռուպցիոն հանձնաժողովի վերաբերյալ Գեղամյանը այսպես խոսեց. «Յարլիկը փոխում են, կարծում են՝ էությունն են փոխել»։ Ու այստեղ է, որ «ԱՄ» առանջնորդը վերհիշեց Լեւոն Մարկոսի բազմաչարչար գործը, Հրանտ Վարդանյանի՝ Սերժ Սարգսյանից ազատվելու առաջարկները եւ այլն։ «Էդ որ Փալաքալ էի ասում, թասիբիդ կպա, բա ասումա կաշառակերության քավորն ես, դե դատի տո՛ւր»,- պաշտպանության նախարարի բոստանը քար շպրտեց Արտաշես Մամիկոնիչը։ Այս կոնտեքստում նորից վերհիշեց նախագահի ստրասբուրգյան ելույթի հարեւանների հետ համեմատության հատվածը ու պոռթկաց. «Արա, քյոսին տնազ անողը գոնե պիտի փարթամ մորուք ունենա, էս դու ո՞ւմ ես տնազ անում»։ Շարունակելով ի պաշտպանություն Սահակաշվիլու իր ելույթը, հռետորը նկատեց, որ նա «գողին գող ա անվանում, էդ դատերի շնորհիվ էլ երկրի բյուջեն 50 միլիոնով ավելացրել է»։ Ապա առաջարկեց Քոչարյանին նմանապես վարվել, ինքն էլ իր կողմից խոստացավ իր ավանդը ներդնել՝ Քոչարյանի թասիբը պահելու տեսքով։

Ընտրողները մեկ անգամ եւս ունկնդրեցին նավթի, բենզինի, ավիակերոսինի, ցորենի մենաշնորհների, ՀԱՈՒ-ի սեփականաշնորհման գեղամյանական վերլուծությունները, որոնք զուգորդվեցին համաշխարհային տնտեսական համեմատություններով։ Տեղեկացանք նաեւ, որ Արտաշես Մամիկոնիչը վերջերս Մոսկվայում ո՛չ թե կրիմինալների հետ է հանդիպել, այլ գործարար Արա Աբրահամյանի։ Հանդիպումների արդյունքները Գեղամյանը այսպես ներկայացրեց. «Հարյուրավոր գործարարներ պատրաստ են հայրենիքում ներդրումներ անել, սակայն չեն թողնում, որովհետեւ նրանք կլանի ետեւից չեն գնա»։

Վերլուծելով Քոչարյանի ելույթի ներքաղաքական հատվածը, հռետորը եզրակացրեց, որ այն թշնամանք սերմանեց հայ եւ վրացի դարավոր բարեկամ ժողովուրդների միջեւ։ «Իսկ ինչո՞ւ է Քոչարյանը խանդում Սահակաշվիլուն» հնչեցրեց բանախոսն ու պարզաբանեց, որ Սահակաշվիլու տղամարդկությունը բավարարեց, որպեսզի ասի, թե որն է լինելու Վրաստանի ապագան, իսկ Քոչարյանը երկակի ստանդարտների իր քաղաքականությունում մոլորվել է։ Ի դեպ, այս առիթով հանրությունը տեղեկացվեց, որ վերջերս Աստանայում կայացած համաժողովի ժամանակ Քոչարյանի այդօրինակ ստանդարտներով ելույթից հետո նույնիսկ Պուտինը դահլիճին դիտողություն է արել՝ «շվացնել է պետք այս ելույթին, ոչ թե ծափահարել»։ Անցնելով ռուսական մամուլից ընթերցումներին, Գեղամյանը ընտրողներին լուսավորեց առ այն, թե ինչ են մտածում Ռուսաստանում Քոչարյանի ու Սերժի մասին։ Ու վերջիններիս խորհուրդ տվեց. «Թասիբդ պահի, Գեղամյանից ո՞ւր ես կախվել»։ Այս համատեքստում էլ ընդդիմության մասով վերհիշեց իր հանրահայտ պատմություններից մեկը։ Աղվեսին սպառնում են վիզը կտրել ու հարցնում են, թե ինչպե՞ս է իրեն զգում։ Նա էլ պատասխանում է. «Տնփեսուց հո լավ եմ։ Հիմա մենք ենք՝ տնփեսուց հո լավ ենք։ Ստրասբուրգի ձեր ելույթով չկարծեք, թե ստվեր գցեցիք ՀՀ ընդդիմության վրա։ Մենք կայինք, կանք եւ հաղթանակը մերն է լինելու անտարակույս»։ Գեղամյանն ընդվզեց նաեւ Քոչարյանի՝ ԵԽ ԽՎ-ում «վոյինի» կեցվածքից. «Ինչպե՞ս կարելի է, ազգային- ազատագրական պայքարը քո մի ընտանիքի օրինակով ներկայացնել, ինչպե՞ս կարելի է սեփականաշնորհել մի ողջ ժողովրդի տառապանքները, սեփական անձը ցցուն դարձնելու համար»։

Պատասխանելով ընտրողների սոցիալ-տնտեսական բնույթի հարցերին, Գեղամյանը իր խոսքը համեմում էր Համո Սահյանի բանաստեղծություններով. «Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ…»։ Իսկ իրեն սպանելու մոլուցքով տառապողների համար արտասանեց. «Հայաստան ասելիս՝ էլ մահը ո՞ւմ շունն է»։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել