Ըստ նախկին իշխանության ներկայացուցիչների, Հայաստանը դատապարտված է ընտրել եվրոպական ինտեգրացիան, Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն:
Երեկ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամը եւ «Արմատ» կենտրոնը հերթական սեմինար էին նախաձեռնել՝ «Հարավային Կովկասի երկրների ինտեգրացիոն գործընթացները քաղաքական, անվտանգության եւ հակամարտությունների կարգավորման տեսանկյունից» թեմայով: Ինչպես շատ հաճախ, այս անգամ էլ սեմինարն, ըստ էության, ինչպես ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը խոստովանեց, «համախոհների հանդիպում» էր, որտեղ հավաքված գործիչներն ու փորձագետները հիմնականում նույն արժեքային համակարգի կրողներ ու աջ-ազատական ուժերի ներկայացուցիչներ էին: Խնդրո առարկա թեմայի հիմնական զեկուցողներն էին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Վերջիններս եւս մեկ անգամ շեշտեցին ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ մասնավորապես Հայաստանի՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու հրամայականը, այդ թվում, որպես հեռահար նպատակ՝ անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Ըստ Ստ. Գրիգորյանի, վերջինս արդյունավետ գործող միակ անվտանգության համակարգն է: Ընդհանրապես բոլոր բանախոսներն էին, որ շեշտում էին, թե ՌԴ-ն եւ ԱՊՀ անվտանգության ՀԱՊ համակարգը արգելակում են Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական, ռազմական ոլորտների զարգացումը: Որպես դրա միակ այլընտրանք նրանք մատնանշում էին եվրոպական կառույցները ու ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգին ինտեգրվելու անհրաժեշտությունը:
«Ռուսաստանը նույնիսկ իր բարձրաստիճան չինովնիկների անվտանգությունը չի կարող ապահովել, այդ ինչպե՞ս կարող է երաշխավորել ողջ հայ ժողովրդի ապահովությունը»,- նկատեց նա՝ հավելելով, թե այսօր նույնիսկ Տաջիկստանն է որոշում կայացրել իր տարածքից դուրս բերել ռուսական ռազմաբազաները: Նա նաեւ հիշեցրեց, թե ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի՝ ընդհուպ մինչեւ Հարավային Կովկասի սահմանները ընդլայնվելու պարագայում, մեր տարածաշրջանն այլ ճանապարհ չունի, քան նույնպես անվտանգության, արժեքային այդ համակարգերին ինտեգրվելը:
Ալ.Արզումանյանն իր զեկույցում անդրադարձավ մասնավորպես մեր տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման գործում եվրոպական կառույցների՝ ԵՄ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, ԵԽ, դերին՝ միաժամանակ մատնանշելով, թե այդ կառույցները հակամարտությունները լուծող բանալի չեն դեռեւս: «Այդ ինտեգրումը, որը երկարաժամկետ է լինելու, ուղղված է այնպիսի մթնոլորտի ստեղծմանն ու կանոնների որդեգրմանը, որոնք ավելի դյուրին կդարձնեն հակամարտությունների լուծումը: Թեեւ այդ կառույցները հստակ մոդելներ չեն առաջարկում, բայց մատնանշում են այն լուծումները, տարբերակները, որոնցով կարելի է առաջնորդվել»,- ասաց ԱԳ նախկին նախարարը: Ըստ նրա, հակամարտությունները, ինչպիսին է նաեւ ԼՂ հիմնախնդիրը, հնարավոր է լուծել միայն հակամարտող կողմերի փոխհամաձայնության պարագայում, որի դեպքում լուծումը կընդունվի նաեւ միջազգային հանրության կողմից: Աշոտ Բլեյանը կարծիք հայտնեց, թե եվրոպական կառույցներին ինտեգրվելու համար նախ Հայաստանը պետք է անկախ լինի՝ քաղաքականապես անկախ Ռուսաստանից, բայց անկախ չէ: Ա.Բլեյանի ասելով, այդ անկախությունն անհնար է առանց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միջազգային նորմերի շրջանակներում միջպետական հարաբերությունների, նաեւ՝ առանց ԼՂ հակամարտությունը լուծելու: Նա նաեւ նկատեց, թե այսօր հնարավոր չէ շարունակել ՀՀ արտաքին քաղաքականության այն ուղեգիծը, որ կար մինչեւ 98-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, ուստի առանց ետ նայելու պետք է մտածել առաջիկա քայլերի մասին: Սրան արձագանքեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ ասելով, թե հիմա չկան Օզալի եւ Տեր-Պետրոսյանի նման ղեկավարներ, որոնք ի վիճակի են հարթել նման բարդ ու կնճռոտ հարցեր:
Ղուկաս Մեհրաբյանի մատուցմամբ էլ, թերեւս, ճիշտ կլինի, եթե Հայաստանը ինտեգրվի եվրոպական կառույցներին, բայց չներգրավվի անվտանգության որեւէ համակարգում՝ ոչ ՆԱՏՕ-ում, ոչ ԱՊՀ ՀԱՊ-ում, որն, ի դեպ, քննարկման մասնակիցների համոզմամբ անարդյունավետ եւ չաշխատող «բլեֆ» է: Ղ.Մեհրաբյանը առաջ քաշեց Հայաստանը չեզոք երկրի դիրքերից հանդես գալու գաղափարը, ինչը, ըստ նրա, թույլ կտա չցցվել եւ տարբեր գերտերությունների շահերի բախման կիզակետում չհայտնվել: Բանախոսներից ոչ մեկը սակայն այս տեսակետը չկիսեց: Ալ.Արզումանյանն ասաց, թե այդ դեպքում մենք կնմանվենք Թուրքմենստանին: Ավելին, Ֆ.Նաումանի անվան հիմնադրամի Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավարի տեղակալ, բուլղարացի Սպարուխ Պանովն իր ելույթում ասաց, թե չեզոք երկիր՝ նշանակում է լինել մեկուսացված երկիր: Ավելին, ըստ նրա, Հայաստանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրները անխուսափելիորեն են գնալու դեպի եվրոինտեգրացում, դեպի՝ ՆԱՏՕ: Վերջինիս եւ եվրոպական այլ կառույցներին ինտեգրվելը, ըստ Պանովի, նաեւ Հայաստանի զարգացման միակ հնարավորությունն է: Ոչ ոք, ըստ նրա, թույլ չի տա, որ Հայաստանը մեկուսանա: «Անհնարին է պատկերացնել, որ Հարավային Կովկասի երեք երկրները չեն գնալու դեպի ՆԱՏՕ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորմանը, ապա՝ Ս.Պանովի մատուցմամբ, հակամարտությունը պետք է արագ լուծվի, որովհետեւ միջազգային հանրությունն այլեւս 10 տարի չի սպասի: Դրա համար պետք են նաեւ քաղաքական առաջնորդներ, որոնք կարող են քաղաքական որոշումներ ընդունել:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ