Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՏԳԵՏ ՈՐՈՇՈՒՄ»

Հունիս 30,2004 00:00

«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՏԳԵՏ ՈՐՈՇՈՒՄ» Կարծում է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Ստեփանյանը Փոսի թատրոնի շենքի՝ բիլիարդանոցի վերածվելուց հետո դերասանները քանիցս դիմել էին նրան՝ խնդրելով դառնալ իրենց գեղարվեստական ղեկավարը նույնպես: Հետագայում փոխել են իրենց որոշումը եղվարդաբնակ Էդուարդ Հակոբյանի՝ թատրոնի տնօրեն նշանակվելուց հետո: Էդ. Հակոբյանը մինչ այժմ հայտնի է իբրեւ Եղվարդի ավագանու անդամ, հասցրել է բեմադրել 1 ներկայացում Ղարաբաղում: Ուսանողական տարիներին աշխատել է նաեւ տրակտորավար, կարեւորը՝ ՕԵԿ անդամ է: «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի համոզմամբ, Էդ. Հակոբյանը «չգիտի էլ, թե ուր է ընկել, որովհետեւ ներկայումս ըմբոշխնում է տնօրենի իր նշանակումը»: Ի դեպ, առաջին հանդիպումը «Մետրոյի» ղեկավարության հետ նշանավորվել է նրանով, որ Էդ. Հակոբյանը փորձել էր ճշտել իր եւ քարտուղարուհու սենյակի տեղը, հետաքրքրվել՝ ինչպես կարելի է շինարարական միջամտությամբ շենքը հարմարեցնել սեփական նախասիրություններին: Վերջում տնօրենը թատրոնում ավելորդ է համարել ոչ միայն գեղարվեստական ղեկավարի, այլեւ գլխավոր նկարչի հաստիքը ու գերադասել տեղավորվել քաղաքի կենտրոնում: «Ինձ զարմացնում է այն, որ նույն մարդիկ, որ խնդրում էին գեղարվեստական ղեկավար դառնալ, հանկարծ նոր տնօրենի ղեկավարությամբ որոշում են, որ իրենց թատրոնին ընդհանրապես գեղարվեստական ղեկավար պետք չէ: Վիրավորական է, որ նախարարությունն էլ հաստատում է այդ տգետ որոշումը՝ անտեսելով մարդու տարիքը, վաստակը, անցած ճանապարհը։ Նախարարությունը փաստորեն աջակցել ու օժանդակել է տնօրենին: Հովեյանը զանգահարել է Անանյանին, նա էլ գումարով տարածք է տրամադրել, այն դեպքում, երբ մեզ մոտ միայն կոմունալ ծախսերի համար պիտի վճարեին: Այստեղ իմ խնդիրը չէ, թող գեղարվեստական ղեկավար նշանակեին՝ ում ուզում էին: Ցավոք, ավելի շատ կարեւորում են, թե որ կուսակցությունից ես: Ի՞նչ է, եթե անկուսակցական ենք, դիմում գրենք գնա՞նք Հայաստանից,- նեղսրտեց պրն Ստեփանյանը,- ես ընդունել էի նրանց առաջարկությունը միայն այն պատճառով, որ Փոսի թատրոնում կար պետական դոտացիա, մշակույթի նախարարության աջակցությունն ու հովանավորությունը, ինչը չուներ «Մետրոն»: Այդ կերպ մենք հնարավորություն կունենայինք աշխատել: Հետաքրքիր է, այդ մարդիկ (նկատի ունի Փոսի թատրոնի կոլեկտիվին-Գ.Հ.), որ 5 օրվա մեջ կարողանում են իրենց իսկ ընդունած որոշումը արմատապես փոխել, հետո ո՞նց են բեմից քարոզելու բարին, ազնիվը, վսեմը»: Վ. Ստեփանյանը բնական է համարում Փոսի թատրոնի շենքի վաճառքը. «Էնտեղ մարդիկ են հավաքված, որ կախված են փչող քամու ուղղությունից: Հո Գուրգենն ու Ազատը երկուսով շենքը չվերցրին ու ծախեցին: Հո 1 զույգ կոշիկ չէր, որ վերցնեին ու վաճառեին: Հաստատ կոլեկտիվը տեղյակ է եղել, դեռ մի բան էլ աջակցել է, իհարկե, չեմ ժխտում, որ այնտեղ կան ազնիվ մարդիկ, որոնք կեղտոտ խաղերի մեջ չեն մտել: Հիմա էլ գոհ են, որ գնացել են կենտրոն՝ Գրողների միության շենք, կարծես երրորդ մասը գլոբուսից դուրս էր: Գիտե՞ք ինչն է ծիծաղելի՝ գյուղից եկածն ուզում է քաղաքի կենտրոնում աշխատել, իսկ ես, որ բնիկ երեւանցի եմ, նախընտրում եմ երրորդ մասում աշխատել»: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը տեղեկացրեց, որ մշակույթի նախարարի հրամանով իրենք իսկապես Փոսի թատրոնին վարձակալությամբ տրամադրել են Գրողների տան մեծ դահլիճը, որի համար թատրոնը ամսական կվճարի խորհրդանշական $50 գումար: Ըստ պրն Անանյանի, ՀԳՄ միջոցառումներին չխանգարելու համար թատրոնը դահլիճը ամսվա մեջ 10 օր կզբաղեցնի: Վ. Ստեփանյանին ներկայումս մտահոգում է «Մետրո» թատրոնի կարգավիճակը. այն գործում է ոչ թե մշակույթի, այլ՝ կրթության նախարարության ենթակայությամբ, հետեւաբար դերասանի հաստիք ունենալ չի կարող: «Երեք անգամ ժամերով նստել եմ մշակույթի նախարարի ընդունարանում, չի բարեհաճել ընդունել, ավելին, ակնարկել եմ, որ ոչինչ չեմ ուզում իրենից, ընդամենը իրավիճակը պիտի ներկայացնեմ: Այդպես էլ հանդիպումը չի կայացել: Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ, որ ցանկացած հարցով մեր թատրոնին աջակցել են կրթության նախարարը, Շենգավիթի թաղապետարանը: Մի խոսքով, ինձ՝ որպես մշակույթի գործչի, պատիվ չի բերում Հովիկ Հովեյանի նման նախարար ունենալը»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Երեկ մեզ չհաջողվեց պարզաբանումների համար կապվել Փոսի թատրոնի տնօրեն Էդուարդ Հակոբյանի հետ. Եղվարդի նրա հեռախոսահամարը համառորեն չէր պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել