Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ

Հունիս 30,2004 00:00

ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ Կադաստրի մարզային բաժանմունքի ղեկավար Արա Պողոսյանը մնում է պաշտոնին՝ չնայած իր դեմ հարուցված քրեական գործին: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արա Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով՝ խուլիգանություն, յուրացում, պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքի չարաշահում եւ հանցագործության պարտակում: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչեւ 5 տարի ազատազրկում: Քրեական դատավարական օրենսգրքի 152 հոդվածի համաձայն՝ դատախազը եւ նրա համաձայնությամբ քննիչը «իրավունք ունեն ժամանակավոր դադարեցնել պետական ծառայող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի քննությանը»: Պողոսյանի գործում նրան ներկայացված մեղադրանքների գլխավոր վկաները նրա ենթականերն են, իսկ նրա դուստրն աշխատում է գործի քննությունը վարող դատախազությունում: Սակայն Պողոսյանը շարունակում է զբաղեցնել այդ պատասխանատու պաշտոնը: Գեւորգ Կուրղինյանի շահերը պաշտպանող փաստաբանների՝ գլխավոր դատախազությանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարին ուղղված բազմաթիվ բողոքներն առայժմ արդյունք չեն տվել: «Մինչեւ նախաքննության ավարտն այդ հարցն իր պատասխանը կստանա: Հնարավոր է՝ ազատենք աշխատանքից,- ասում է Արմավիրի մարզի դատախազ Իվան Արշակյանը:- Մենք նրան կալանքի չենք վերցրել, քանի որ անմեղության կանխավարկածի հարց կա: Նա չի խոչընդոտում գործով օբյեկտիվ քննություն կատարելուն»: Անցյալ տարվա սեպտեմբերի 2-ին վիճաբանությունը Արա Պողոսյանի եւ Գեւորգ Կուրղինյանի միջեւ, որին Պողոսյանը սեփականության վկայական է տվել, վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում Պողոսյանի քրոջ որդին փորձել է դանակով հարվածել Կուրղինյանին: Մեկ ժամ հետո Պողոսյանը կազմակերպել է եւս մեկ հանդիպում Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բենզալցակայանի մերձակայքում: Հանդիպմանը ներկա են եղել Պողոսյանն իր կողմնակիցների խմբով եւ Կուրղինյանն իր երեք ազգականների հետ: Ծագած վիճաբանության ժամանակ Պողոսյանի քրոջ որդին՝ Արտակ Հակոբյանը, ինքնաձիգից կրակ է բացել՝ սպանելով Գեւորգ Կուրղինյանի 18-ամյա որդուն եւ վիրավորելով նրա եղբոր որդուն: Սպանության քննությունը վերջերս ավարտվել է, եւ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է Հակոբյանի դատավարությունը: Իսկ հանցագործությանը Պողոսյանի մասնակցության գործի նախաքննությունը ավարտվել է անցյալ շաբաթ։ Կուրղինյանների շահերի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել՝ ճանաչել Պողոսյանին որպես սպանության աջակից եւ կազմակերպիչ: «Համատեղելի՞ են արդյոք խուլիգանություն կատարող անձն ու պետական պաշտոնյան»,- հարցնում է Փաստաբանների միջազգային միության անդամ Պետրոսյանը: Նա պնդում է, որ Պողոսյանը պետք է դատվի իր քրոջ որդու հետ: «Պողոսյանի դրսեւորած վարքագիծն ու ապօրինի գործողություններն են վերջին հաշվով դարձել ծանր հանցագործության՝ սպանության շարժառիթն ու դրդապատճառը,- ասում է Պետրոսյանը: – Ոչ միայն չի լուծվում քրեական գործը մեկ ընդհանուր վարույթում քննելու հարցը, այլեւ պաշտոնատար անձը շարունակում է մնալ իր զբաղեցրած աթոռին»: Տուժող կողմի բողոքներից հետո գլխավոր դատախազությունը քրեական գործը միավորել է մեկ վարույթում, սակայն ամիսներ հետո, երբ փոխվել է գլխավոր դատախազ Արամ Թամազյանը, այն դարձյալ բաժանվել է երկու մասի: Տուժողները համոզված են, որ այսպիսով դատախազությունը փորձում է ազատել Պողոսյանին ավելի լուրջ մեղադրանքներից: «ԱրմենիաՆաուն» մի քանի անգամ փորձեց կապվել Պողոսյանի հետ, սակայն մեզ պատասխանում էին, որ նա «տեղում չէ»: Պողոսյանի եւ Հակոբյանի շահերը պաշտպանող Վլադիմիր Յավրումյանը նույնպես ասելիք չուներ իր պաշտպանյալներին ներկայացված մեղադրանքների առնչությամբ: Մեղադրյալ ճանաչված պաշտոնատար անձին իր պաշտոնում մնալ արգելող օրենքը նպատակ է հետապնդում բացառել ազդեցությունը քննության վրա: Կուրղինյանը համոզված է, որ իր որդու սպանության հետաքննությունը չի կարող օբյեկտիվորեն իրականացվել, քանի դեռ Պողոսյանը մնում է իր պաշտոնին: «Արա Պողոսյանի աղջիկն աշխատում է այդ նույն դատախազությունում որպես դատախազի քարտուղար եւ աշխատակազմի ղեկավար, այնպես որ, նախաքննության գաղտնիության սկզբունքը Պողոսյանի համար չի կարող գործել»,- ասում է Կուրղինյանը: Արմավիրի մարզի դատախազությունը հաստատել է, որ Աննա Պողոսյանն իսկապես քարտուղար է աշխատում այն դատախազությունում, որը քննում է իր հոր դեմ ուղղված գործը: «Ես նախապես զգուշացրել եմ, որ նրան հանկարծ թույլ չտան ծանոթանալ կամ տեսնել քննությանը վերաբերող նյութերը,- ասում է դատախազ Արշակյանը: – Այնպես որ, նա չի կարող որեւէ ազդեցություն ունենալ քննության ընթացքի վրա»: Արա Պողոսյանը նաեւ ազգակցական կապ ունի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ www.armenianow.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել