Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԶՐԿՎԵԼՈՒ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ»

Հունիս 30,2004 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԶՐԿՎԵԼՈՒ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ» Եվ դա այսօր կառավարության համար քննարկման առարկա չէ Հաշվի առնելով ՀՀ կառավարության, OTE-ի եւ «ԱրմենՏելի» միջեւ բանակցությունների նկատմամբ հասարակական մեծ հետաքրքությունը, եւ չնայած բանակցությունների գաղտնի ռեժիմին, երեկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ: Որով նա փաստորեն հերքեց շրջանառվող տեսակետը, թե կառավարությունը համաձայնել է «ԱրմենՏելի» խնդրի շուրջ բանակցություններ սկսել, որովհետեւ մեր հեռահաղորդակցության շուկայով հետաքրքրվողներ չկան: Նախարարը հստակ շեշտեց, որ «Կառավարության կողմից բջջային երկրորդ օպերատորի մուտքը Հայաստանի հեռահաղորդակցության շուկա՝ հարցականի տակ չի դրվել եւ չի դրվելու բանակցությունների ժամանակ: Այսինքն՝ դա լինելու է բանակցությունների հիմնական պայմաններից մեկը»: Նա ընդգծեց, որ երկրորդ օպերատորի մուտքը քննարկման առարկա չէ, «պնդելու ենք եւ դա լինելու է բանակցության ոչ բանակցելի մասերից մեկը»: Այսինքն՝ կառավարությունը խոստանում է հասնել նրան, որ այս ամենի ավարտին եւս մեկ բջջային օպերատոր ունենանք: Թե արդյոք այս մոտեցումը կառավարությունը կպնդի նաեւ տեղեկությունների փոխանակման ծառայությունների համար կամ որեւէ այլ խնդրի վերաբերյալ՝ կառավարության դիրքորոշումներն իմանալու լրագրողների հարցերն անպատասխան մնացին, սակայն նախարարը հիշեցրեց, որ կառավարության վեճը «ԱրմենՏելի» հետ չի սահմանափակվում զուտ երկրորդ բջջային օպերատորի ներմուծմամբ, այլ ընդգրկում է բավականին շատ հարցեր. «հարցեր, որոնք շոշափվել են բաց ժողովի ժամանակ: Խոսքը վերաբերում է գյուղերի հեռախոսների թվայնացմանը եւ հեռախոսիֆիկացմանը, գաղտնիության իրավունքի խախտումներին, րոպեավճարին, մի շարք հարցերի՝ որոնք առնչվում են ինտերնետ ցանցին միանալու հետ»: Պարզաբանելով բանակցությունների գնալու կառավարության քայլը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Կառավարությունը համոզված է, որ իրավական բախումը արբիտրաժում լավագույն լուծումը չէ պաշտպանելու հայ սպառողի շահերը եւ այդ առումով կուզենայի հատուկ նշել, որ ուղղակի, օրինակ, երկրորդ օպերատորի մուտքը հայկական շուկա դեռեւս հարցի վերջնական լուծումը չէ: Հաշվի առնելով, որ վերգետնյա եւ ստորգետնյա ցանցերը գտնվում են «ԱրմենՏելի» տնօրինության ներքո, եւ բնական է, եթե մեզ հաջողվի լուծել հարցերը, որոնք ծագելու են նոր օպերատորի մուտքից հետո, ի սկզբանե դա հեշտացնելու է նոր օպերատորի աշխատանքը եւ սկզբունքորեն օգնելու է, որպեսզի երկրորդ օպերատորի ծառայությունների սպառողները ստանան մատչելի եւ անհրաժեշտ ծառայությունը: Այսինքն՝ նրանց համատեղ աշխատանքն ի սկզբանե չսկսվի բախումներով», որի հավանականությունը մեծ կլիներ, եթե սկսեին խնդիրները լուծել նոր օպերատորի մուտքից հետո: Բանակցությունների մեկնարկով արբիտրաժային գործընթացը չի դադարեցվում. «այն շարունակվելու է իր սովորական հունով: Այդ գործընթացը կարող է դադարեցվել միմիայն եթե կառավարության, «ԱրմենՏելի» եւ OTE-ի բանակցությունները հաջողությամբ պսակվեն»: Հակառակ դեպքում, ըստ արդարադատության նախարարի, եթե մինչեւ սեպտեմբերի 28-ը բանակցություններն արդյունք չտան, ժամկետի երկարաձգում չի լինելու, մենաշնորհը դադարեցվելու է եւ արբիտրաժային գործընթացը շարունակվելու է: Բայց «կառավարությունը մեծ հույսեր է կապում այս բանակցությունների հետ, հաշվի առնելով, որ թե OTE-ում, թե «ԱրմենՏելում» նոր ղեկավարություն է, ղեկավարություն, որ պատրաստակամ է ընկերությունը զարգացնել բիզնեսի եւ շուկայի պահանջներին համապատասխան: Ուստի մենք հույս ունենք, որ այս բանակցությունները կարող են հաջողությամբ պսակվել»: Փաստորեն, «ԱրմենՏելում» նոր տնօրենի նշանակմամբ՝ իրավիճակն էականորեն փոխվեց: Սակայն հարկ է նկատել, որ կառավարությունը մտադիր չէ գնալ խոշոր զիջումների (ինչը կփորձենք լրացուցիչ ճշտել), իսկ համաձայնության դեպքում նախարարի խոսքերով, պետք է ամրագրվի «պարտավորեցման պայմանագրով»: Ի դեպ, կառավարության այս դիրքորոշումներին «ԱրմենՏելն» արդեն տեղյակ է, եւ տեղյակ է եղել մինչեւ բանակցություններ սկսելու համատեղ հայտարարությամբ հանդես գալը: Այսինքն, «ԱրմենՏելի» համար սրանք քննարկման առարկա են, խելամիտ պահանջներ են եւ ամենեւին էլ անընդունելի պարտադրանքներ չեն, ինչպես նախկինում էր հայտարարվում: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել