Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼՔԵԼ ԷՐ ԻՆՔՆԱԿԱՄ

Հունիս 30,2004 00:00

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼՔԵԼ ԷՐ ԻՆՔՆԱԿԱՄ Արձագանքելով ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի «Առավոտին» արված այն պնդմանը, թե Ստեփան Գրիգորյանին Ագոյի խմբի հետ հանդիպման ժամանակ խնդրել են ազատել սենյակը՝ «իր անզուսպ արտահայտությունների» պատճառով, Ստեփան Գրիգորյանն ասաց. «Նախ՝ քանի որ Տիգրան Թորոսյանն այդ հանդիպման մասնակիցը չէր, ուրեմն առաջնորդվում է ասեկոսեներով: Շատ ցավում եմ, որ նման բարձր պաշտոն զբաղեցնող անձը տարածում է չստուգված տեղեկատվություն: Ես ի նշան բողոքի եմ լքել դահլիճը, քանի որ Ագոյի խմբի անդամների կողմից վիրավորանքներ հնչեցին մեր քաղաքական վերնախավի հասցեին: Օրինակ՝ ասվեց, թե «Ա1+»-ի հարցը Ռոբերտ Քոչարյանի եւ Մեսրոպ Մովսեսյանի անձնական խնդիրն է: Ստացվում է, որ ըստ Ագոյի խմբի անդամների՝ Հայաստանի գործող նախագահն առաջնորդվում է անձնական շահերով: Եվ եթե ես քննադատում եմ Քոչարյանի վարած քաղաքականությունը՝ չի նշանակում, թե պիտի թույլ տամ, որ նրան վիրավորի այլ երկրի դեսպանը: Մեկ այլ օրինակ՝ երբ ասացի, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը սխալ է ձեւավորվում Հայաստանում եւ այդ պաշտոնյային անպայման պետք է ընտրի ԱԺ-ն՝ նրանք անընդհատ ակնարկում էին, թե մեր քաղաքական վերնախավն ունակ չէ ընդունելու չանձնավորված որոշում»: Անդրադառնալով ԱԺ փոխնախագահի այն դիտարկմանը, թե իրենց վերլուծաբաններ համարողները պիտի ներկայացնեն, թե ինչպիսի՞ն պիտի լիներ ղարաբաղյան հարցի ներկայացումը միջազգային կառույցներում՝ պրն Գրիգորյանն ասաց. «Խորհուրդ կտայի պրն Թորոսյանին՝ կարդալ իմ հարյուրավոր հոդվածները, որոնք տպագրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, ՌԴ-ում եւ այլ երկրներում, որտեղ շատ կոնկրետ առաջարկներ կան նաեւ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Ես նաեւ բազմիցս գրել եմ` մեր պատգամավորների որակն այնքան ցածր է, որ նրանք ուղղակի վարկաբեկում են Հայաստանն ու հայ ժողովուրդը՝ մասնակցելով միջազգային կառույցների աշխատանքներին»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել