«ԱՆՇԱՌ» ԱՐԻՈՒԹՅՈՒՆ
Մեր մտավորականները, քաղաքական ու հասարակական գործիչները շատ խիզախ
մարդիկ են: Երբ տեսնում են մի բացասական երեւույթ, չեն լռում, իրենց ձայնն
են բարձրացնում հանուն արդարության: Օրինակ, դուրս են գալիս եթերային կամ
թերթային «հարթակ» եւ կուրծք են ծեծում՝ «ես ընդդիմադիր եմ, ես պահանջում
եմ ԱԺ լուծարումը»: Կամ՝ «ես հերոս եմ, ես խստորեն խարազանում եմ Արթուր
Բաղդասարյանին»: Իրականում ԱԺ-ին, կոալիցիային, նրա անդամ կուսակցություններին
կամ կառավարությանը քննադատելը շատ անմեղ եւ անվնաս զբաղմունք է: Հայաստանում
հարաբերականորեն «վտանգավոր» է միայն երկու բան՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ
Սարգսյանին «կպնելը»:
Հիմա էլ մեր գործիչների քաղաքացիական արիությունը, խիղճը եւ մնացած լավ-լավ բաները արթնացել են սոցիալական քարտերի առիթով: Հնարել են ինչ-որ շինծու, կիսամիստիկ, դատարկ մի խնդիր եւ սկսել են «հերոսական» շարժումը սատանայի դեմ: Չափազանց անվտանգ «արիություն» է, քանի որ «պոչավորը», ի տարբերություն վերոհիշյալ երկու անձանց, որեւէ վարչական կամ տնտեսական լծակ չունի եւ, հետեւաբար, պաշտոնից ու փողից ոչ մեկին չի զրկի: Շատ լավ առիթ է հիշեցնել սեփական գոյության մասին՝ որպես «մարդկանց համարակալման դեմ» պայքարող անխոնջ մարտիկ: Որտե՞ղ էին այդ քաղաքացիական սխրագործները, երբ ընտրությունների ժամանակ խուրձերով քվեաթերթիկ էին լցնում, ապրիլի 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում մարդկանց էին կոտորում կամ ոստիկանին դատարկ շշով խփելու համար երիտասարդին 1,5 տարվա ազատազրկման էին դատապարտում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՄՅԱՆ