Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ի պահանջարկը մեծացել է

Հունիս 30,2004 00:00

Երեւանի մամուլի ակումբը եւ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամը երեկ քննարկում էին կազմակերպել՝ «Քաղաքական իրավիճակը Հայաստանում եւ դրա լուսաբանումը լրատվամիջոցներում» թեմայով։

Ըստ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի՝ «Մենք չունենք զանգվածային լրատվամիջոցների հավաքական հայելի, որը բազմաբեւեռ կարտացոլի բուռն քաղաքական զարգացումները»։ Բանախոսն իբրեւ հեռուստադիտող, ունկնդիր եւ ընթերցող, ծանոթանալով գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների լուսաբանումներին, հանգել է այն եզրակացության, որ կամ պետք է «Ա1+»-ի ինտերնետային էջը կարդալ կամ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները լսել կամ հաջորդ օրը ընդդիմադիր մամուլը կարդալ եւ վերջապես՝ գնալ ցույցերի հրապարակ՝ տեղեկատվություն ստանալու համար։ Ըստ այդմ. «2002 թ. «Ա1+»-ի եթերազրկումը ուսուցանող, խիստ եւ խրատական օրինակ էր մյուս հեռուստաընկերությունների համար՝ նրա ճակատագրին չարժանանալու առումով։ Բացի այդ, մյուս հեռուստաընկերությունների եւ իշխանությունների միջեւ նաեւ գաղափարական համաձայնություն կար»,- իր դիտարկումները հայտնեց Լ. Բարսեղյանը։

Ըստ նրա, ապրիլի 12-13-ի գիշերը «Ա1+»-ի ինտերնետային կայքի այցելուների թիվը 4-5 անգամ գերազանցել է հայկական այլ լրատվական կայքերի այցելուների թվին։ Ուստի, «Ա1+»-ի դեֆիցիտը չի լրացվել»,- եզրակացրեց բանախոսը։

Ի դեպ, Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուս» կազմակերպությունը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն բողոքելով ապրիլին լրագրողների դեմ տեղի ունեցած բռնությունների իրավական հետեւանքից երեկ հայտարարություն տարածեցին։ Վերջինով լրատվամիջոցներին ու լրագրողներին կոչ է արվում ավելի համախմբված ու հետեւողական լինել, երբ՝ «խոսքը մասնագիտական համերաշխությանն է վերաբերում եւ ոտնահարվում է ազատորեն տեղեկություններ հավաքելու ու տարածելու իրավունքը»։ Համախմբման ամենահավանական ուղին հայտարարության հեղինակները համարում են համախմբումը լրագրողական կազմակերպությունների շուրջ։ Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ դա անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած ոտնձգություն չդիտվի որպես մասնավոր դեպք։

Նաեւ՝ լրագրողների դեմ ոտնձգությունների առիթով տեղի ունեցած միակ դատավարությունը սույն հայտարարությամբ որակվում է «ֆարս», քանզի մեղադրանք պիտի ընտրվեր ոչ միայն գույքը դիտավորությամբ փչացնելը, այլեւ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը։ Մինչդեռ՝ «Ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ դատարանը ցանկություն անգամ չդրսեւորեցին պաշտպանելու լրագրողների՝ տեղեկություններ հավաքելու եւ տարածելու իրավունքը։ Էլ չենք ասում, որ նշանակված պատիժը համարժեք չէր արարքին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել