Շարունակվում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի այցը Բուլղարիայում
Այս տարվա մայիսին Բուլղարիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, 2007-ին պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը։ Մեր Երեւանը ավելի սիրուն է, քան Սոֆիան, բայց Սոֆիան թաղված է կանաչի ու ծառերի մեջ։ Սա միակ բանն է, որը սարսափելի նախանձ է առաջացնում։
2001թ. հունիսին խորհրդարանային կառավարման համակարգ ունեցող Բուլղարիայում հաղթեց Ազգային շարժում Սիմոն 2-րդ կուսակցությունը եւ նախարարների խորհրդի նախագահ դարձավ Սիմեոն Սաքսկոբուրգգոտսկուն։ Թեպետ Բուլղարիան պառլամենտական հանրապետություն է, երկրի ղեկավարը նախագահն է (այս պահին՝ Սոցիալիստական կուսակցության ղեկավար Գեորգի Պըրվանովը)։ Իր պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ մի շարք հանդիպումներ ունեցավ Բուլղարիայի ժողովրդական ժողովում (այսպես է կոչվում Բուլղարիայի խորհրդարանը)։ ԺԺ նախագահ Օգնյան Գերջիկովը եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ծաղկեպսակ դրեցին սուրբ Ալեքսանդր Նեւսկու տաճարի բակում գտնվող Անհայտ զինվորի հուշարձանին։ Հնչեցին երկու երկրների պետական հիմները եւ հետո՝ նախկին խորհրդային քայլերգի հնչյունների ներքո հյուրերը եւ տանտերերը ուղեւորվեցին տաճարը դիտելու։ Աննկարագրելի հարուստ եւ սրբապատկերների առատությունից պայթող տաճարում հյուրերը լսեցին տաճարի տեր հոր խոսքը։ Վերջինս հանդիպման «պաշտոնական» մասից հետո ասաց, թե ինքը շատ լավ է ճանաչում հայերին, գիտի մեր պատմությունը, հիացած է մեզնով։ Ու եթե մենք լավ ժողովուրդ չլինեինք, բուլղարացի գրող Պերո Յավորովը հայերին այդքան շատ չէր սիրի եւ ոտանավորներ չէր ձոնի։ ԱԺ նախագահն էլ իր հերթին փաստեց, թե Երեւանում Պ. Յավորովի անվան դպրոց կա եւ որ հայերն էլ իրենց հերթին են հարգում բուլղարներին։ Այս տաճարում մոմ վառելու արարողությունն ու կարգը մեզ համար մի փոքր անսովոր էր։ Տաճարում տեղադրված էին երկու տեսակի մոմակալներ։ Ցածրերի վրա վառում էին հանգուցյալների հիշատակի համար, իսկ բարձրերի վրա՝ ողջերի համար։ Արթուր Բաղդասարյանը իր մոմերը վառեց ողջերի համար։ Այնուհետեւ հայկական եւ բուլղարական պատվիրակությունները ուղեւորվեցին Սուրբ Սոֆիայի տաճար։ Իհարկե, սա բացարձակապես չի հիշեցնում Կոնստանդնոպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը, բայց որպես տաճար, բավականին հետաքրքիր էր իր պարզության եւ համեստության մեջ։ Այստեղ ամենից հարգվածը կարծես թե Սուրբ Գեւորգն է, որի տարբեր չափերի սրբապատկերներով պարզապես ողողված են տաճարները։ Սուրբ Գեւորգը այն ձիավոր սուրբն է, որն իր նիզակով ոչնչացնում է չարիքը։
Հիմա վերադառնանք պաշտոնական այցի պաշտոնական մասին։ Բուլղարական խորհրդարանում (Ժողովրդական ժողով) առանձին հանդիպումից հետո երկու երկրների ԱԺ նախագահները կարճ ճեպազրույց տվեցին բուլղար եւ հայ լրագրողների համար։ ԺԺ նախագահ Օգնյան Գերջիկովը մասնավորապես ասաց. «Այս այցը շատ դրական կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա բոլոր ոլորտների հետ կապված եւ ամենակարեւորը՝ տնտեսական հարաբերությունների վրա։ Հանդիպման ժամանակ մենք արձանագրեցինք, որ Բուլղարիա-Հայաստան ապրանքաշրջանառության մեջ շատ մեծ հաջողություններ կան, անդրադարձանք նաեւ տրանսպորտային համագործակցության հարցերին։ Ես հայտարարեցի, որ որպես եվրոպական երկիր, մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին՝ «Տրանսեկա»-ի համաձայնագրի հարցերում։ Խոսեցինք նաեւ այն մասին, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն համագործակցության շրջանակներում»։
Արթուր Բաղդասարյանը իր հերթին ողջունեց երկու երկրների համագործակցության կարեւորությունը։ Նա նշեց, որ սա անձամբ իր առաջին պաշտոնական այցն է Բուլղարիա, բայց հուսով է, որ այն շարունակություն կունենա. «Մեր առաջին հանդիպման ընթացքում արդեն կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել։ Մեր զրույցը տարբեր ուղղությունների շուրջ ցույց տվեց, որ մենք ընդհանուր մոտեցումներ ունենք։ Շատ անելիքներ ունենք ե՛ւ մշակութային, ե՛ւ տնտեսական, ե՛ւ միջխորհրդարանական կապերի զարգացման առումով։ Այսօր պայմանավորվեցինք, որ կաջակցենք Բուլղարիա-Հայաստան տարածաշրջանային մակարդակով համագործակցությանը։ Պլովդիվի եւ Գյումրիի միջեւ վաղը (այսօր- Մ. Ե.) ստորագրվելիք պայմանագիրը կլինի այդ ճանապարհի առաջին քայլը։ Պայմանավորվել ենք, որ կաջակցենք Սոֆիայում եւ Երեւանում բուլղարական եւ հայկական մշակութային կենտրոնների ստեղծմանը։ Պայմանավորվել ենք նաեւ, որ պրն նախագահի՝ Հայաստան այցի ժամանակ նրան կուղեկցեն նաեւ գործարարներ, որը հնարավորություն կտա տնտեսական եւ առեւտրային կապի ամրապնդմանը»։ Արթուր Բաղդասարյանը եւս շեշտեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճում է եւ դա պետք է խթանի նաեւ քաղաքական եւ տարածաշրջանային իմաստով համագործակցության կայացմանը։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ